ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»  օրաթերթը լրագրողական հետաքննություն է իրականացրել եւ պարզել, թե մինչ իրավապահներին դիմելը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված, նրա ընտանիքի հետ մտերիմ Արշավիր Սարգսյանը ինչ պատմություն է «սարքել» Հովսեփյանների գլխին, որին խառնված է եղել անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը :Արդյունքում, պարզեցինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը խաբել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ընկերության, ինչպես նաեւ Աղվան Հովսեփանի որդու՝ Միսակ Հովսեփյանի միջեւ գումարային պարտք ու պահանջի հարց է առաջացել: Բանն այն է, որ 2017 թվականի մայիսի 17-ին Արշավիր Սարգսյանին եւ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ն դիմում է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ»  ՍՊԸ-ին իրեն վճարի 20 միլիոն դրամ մատակարարված ապրանքների գումարը: Ի դեպ, գումարի վճարման պահանջով անձամբ դատարան է դիմում Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, քանի որ պարզել է, որ պատգամավոր Բագրատյանի ընկերությունը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել՝ պարտքեր կուտակելով: «Ժողովուրդ»  օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ Աղվան Հովսեփյանի որդին բացահայտել է իրականությունը: Բանն այն է, որ Սերգեյ Բագրատյանի ընկերությունը Հովսեփյանների ընտանիքին ցույց է տվել հավաստի փաստաթուղթ՝ վճարման կտրոնը, որ ինքը գումարը վճարել է, եւ նույնը պնդել է նաեւ դատարանում։ Ստացվում է, որ գումարը վճարվել է, բայց այն չի հասել Աղվան Հովսեփյանի որդուն, ավելին՝ նրանից գաղտնի է պահվել: Հովսեփյանների ընտանիքը, հասկանալով, որ հայտնվել է անհարմար դրության մեջ, ստիպված է լինում չներկայանալ դատարան, ու գործը մնում է առանց քննության: Ի՞նչ է ստացվում. Սերգեյ Բագրատյանն իր պարտավորությունը կատարել է, պարտքերը մարել է, սական նախկին դատախազի որդուն գումար չի հասել: Եթե իրավաբանորեն ձեւակերպենք, ստացվում է՝ Հովսեփյանների գործընկեր Արշավիր Սարգսյանը հափշտակություն է արել, ինչը իրավապահները քննության առարկա պետք է դարձնեն: Հավելենք, որ երեկ, դատարանի որոշմամբ, Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը չի փոխվել, նա կմնա կալանքի տակ։

 

 

 

Իշխանությունները ներքին քննարկումներում հասկացել են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն այս պահին կարող է իրենց դեմ շուռ գալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ իր իշխանությանը չի հաջողվելու Երեւանի ավագանու ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովել: Իշխանությունները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փորձել են տրամադրվածությունը պարզել իշխանության հանդեպ, ու պարզվել է, որ հնարավոր է՝ անգամ պարտվեն: Հիմա դադարեցրել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «գահընկեց» անելու պրոցեսը ու փորձում են գոնե հայաստանյան այլ քաղաքներում իրավիճակն իրենց հսկողության տակ առնել: Կենտրոնացել են մարզերի, փոքր քաղաքների վրա, այնտեղ են փորձելու հեղափոխություն իրականացնել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իշխանությունը համոզվել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանից «ազատվելն» էլ օր օրի անհնարին է դառնում, ու, կարծես թե,  համակերպվում են իրավիճակի հետ: Այս պահին իշխանությունը կարծում է, որ պետք է պատրաստվել Երեւանի ավագանու հերթական ընտրություններին, որը պետք է կայանա 2023 թվականի սեպտեմբերին: Մարությանն էլ իր շրջապատում հայտարարել է, որ ինքը ընտրված քաղաքապետ է ու չի պատրաստվում հեռանալ:

 

 

 

Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ութերորդ գումարման աշնանային նստաշրջանի հերթական նիստերն են մեկնարկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի օրակարգում 7 հարց է ներառված, որ վերաբերում են ֆինանսական համահարթեցմանը՝ սուբվենցիային, սոցփաթեթներում կատարվելիք փոփոխություններին, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելուն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելուն եւ այլն: ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը, նկատենք, ինչպես եւ նախորդը, հարուստ չէ բովանդակային հարցերով: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ թվում էր, թե իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով ու ջանացավորեն, պատերազմի հետեւանքով առաջ եկած սոցիալական ու տնտեսական հարցերը մեղմող նախաձեռնություւններով պետք է հանդես գան, այս էլ երկրորդ անգամ, փաստորեն, ոչ էական, երկրորդական կարեւորության հարցեր են քննարկելու: Մյուս կողմից՝ խորհրդարանականները քննարկելու են ոչ թե սեփական, այլ կառավարության ներկայացրած կամ առաջարկած փաթեթները: «Ապագա կա» ասողներին ու իշխանության նրկայացուցիչներին թե՛ օրենսդրական նախաձեռնություններով, թե՛ ելույթներով ու քննադատությամբ օրուարեւ չտալու մասին հայտարարող ընդդիմադիրները փաստացի ԱԺ նիստերում ներառելու հարց, օրենսդրական փաթեթ չունեն: Ընդդիմությունն ամենատարբեր հարցերով Սահմանադրական դատարան դիմելով է տարված, իշխանությունը՝ տարբեր համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններով, խորհրդարանի օրակարգն էլ, փաստորեն, շնորհիվ գործադրի է կազմավորվում:

 

 

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում տեւական ժամանակ է, ինչ խնդիր կա: «Ժողովուրդ»  օրաթերթը վերջին շրջանում քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ պետությունն իր մասնաբաժինը չի վճարում: Ինչպես հայտնի է, աշխատողի աշխատավարձի 10 տոկոսի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10 տոկոսի մի մասն աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը, բայց, փաստորեն, պետությունն իրեն բաժին ընկած պարտավորությունը ամսից ավելի է, չի կատարում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարություն եւ հետաքրքրվեց պատճառների մասին: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՖՆ-ից արձագանքեցին՝ նշելով հետեւյալը. «ՀՀ ֆինանսների նախարարությունը խնդրին ծանոթ է, դեռեւս այս տարի՝ օգոստոսին, պետական բյուջեի՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում»  ծախսային ծրագրի միջոցները չեն բավականացրել տվյալ ծրագրի մասով ֆինանսավորումը կատարելու համար, սակայն Կառավարության՝ 30.09.21թ թիվ 1599-Ն որոշմամբ խնդիրը կարգավորվել է, եւ արդյունքում ծրագրի գլխավոր կարգադրիչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 20 միլիարդ դրամ: Տվյալ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ից, նշված վճարումը ՀՀ պետական բյուջեից կիրականացնի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում»։  Լավ է, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի, բայց, մյուս կողմից, քաղաքացիներն արդեն վստահությունը կորցրել են ոչ միայն կառավարության, այլեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ:

 

 




Լրահոս