ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարմացնել իր իրարամերժ հայտարարություններով: Այս անգամ եւս խոսքը Շուշիին վերաբերող հայտարարությունների մասին է: Մասնավորապես, հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Շուշիի կորստին և կարգավիճակին՝ անելով հայտարարություններ, որոնք հակասում են իր նախկին ասածներին:
«Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան և բնակվեն Ղարաբաղում: «Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞։ Որտե՞ղ էին բնակվելու, տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են, եթե նրանք էդտեղ բնակված լինելու հանգամանքով են այդ կարգավիճակը ստանում»,նշել էր Փաշինյանը։
Եվ հենց այս հայտարարությունն է հակասում նախկինում Փաշինյանի արած հայտարարություններին։ Դեռ 2020 թվականի պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին վարչապետը հայտարարել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին։
«Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս, սկզբնական շրջանում: Եվ ինչո՞ւ ենք մենք, Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը գնացել այս ճանապարհով…»,- նշել էր Փաշինյանը
Սակայն նույն օրը Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հակադարձել էր Փաշինյանին՝ հայտնելով, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:
Փաշինյանին նոյեմբերի 17-ին հակադարձել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նշել էր, որ իրեն հոկտեմբերի 2-րդ կեսին հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի։ Փաշինյանը դեմ է արտահայտվել այդ մտքին՝ պնդելով, որ դա կվտանգի հայկական կողմի շահերը։ Պուտինը նաև մանրամասներ էր հաղորդել բանակցություններում Շուշիի քննարկվող կարգավիճակի մասին:
Այսինքն, Փաշինյանի պնդումը, թե մինչ պատերազմը Ադրբեջանը պահանջել էր յոթ շրջանները և Շուշին՝ սխալ է, քանի որ ինչպես հայտարարել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու որևէ տարբերակ չի քննարկվել։ Նկատենք՝ արդեն Լիտվայում հոկտեմբերի 4-ին արած հայտարարության մեջ արդեն Փաշինյանը խոսում է միայն ադրբեջանցիների վերադարձի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն. Հ.