ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխաների ինքնասպանության դեպքերն ու հեռախոսների արգելքը. ինչ են ահազանգում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների շրջանում ծնողների կողմից հեռախոսի արգելքը ճակատագրական հետևանքներ է ունենում: Իրավապահ մարմինները մի շարք դեպքեր են արձանագրում, որ երեխաները գնում են ինքնավնասման, իսկ որոշ դեպքերում էլ հնարավոր չի լինում փրկել նրանց կյանքը: Ուստի հորդորում են ծնողներին վերահսկողության տակ պահել երեխաների կախվածությունը հեռախոսից եւ իրավիճակին մոտենալ բավականին նուրբ՝ հնարավոր անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

Իսկ հիմա փաստերով: 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանությանը հասցնելը) հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի, երեխայի ինքնասպանության գնալու հանգամանքը պայմանավորված է եղել այն բանով, որ ծնողները արգելել են նրան այդքան հեռախոսով զբաղվել, ինչն էլ երեխային դրդել է գնալ այդ քայլին:

Մյուս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին: Մի քանի օր անհետ կորած 15-ամյա Հրաչյա Ն.-ի դին հայտնաբերվեց Հրազդանի կիրճում ծառից կախված վիճակում:
Ըստ լուրերի՝ երեխան իբր այդ քայլին գնացել էր հեռախոսային խաղի հետեւանքով, սակայն նկատենք, որ մինչ օրս դեռես քննությամբ չի հիմնավորվել այդ վարկածը եւ երեխային ինքնասպանության դեպքով նշանակվել են մի շարք փորձաքննությունն եւ նախաքննությունը շարունակվում է: Ըստ լուրերի՝ երեխայի ինքնասպանության պատճառը «Սինիյ կիտ» խաղն է եղել։ Խաղի մասնակցին ամեն օր խնդիրներ են առաջարկվում՝ նայել այսինչ ֆիլմը, լսել այսինչ երաժշտությունը, ամենավերջին առաջադրանքը ինքնասպան լինելն է։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել էր «Սինի կիտ» խաղին, որի շուրջ քննարկումներն ու ծնողների անհանգստությունը մեծ թափ էր ստացել: Փորձագետն ասում էր, որ կիբեռ բուլլիինգը, այսինքն՝ հալածանքը օնլայն հարթակներում, իրական երևույթ է։ Սակայն պետք չէ ուռճացնել դրա դերը։
«Սինի կիտի» շուրջ հիստերիան պետք է թարգել։ Փորձը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մասին խոսելը անառողջ մթնոլորտ է ստեղծում միայն, դեպքերը դրանից չեն քչանում», – ասում է նա։
Նրա խոսքով՝ խաղը լայն տարածում է գտել «Նովայա Գազետայի» լրագրողների ռեպորտաժից հետո։
«Նովայա Գազետայի» լրագրողների անփույթ հետազոտության հետևանքով ստեղծվեց միֆ, մարդիկ սկսեցին տեղեկանալ, պատկերացնել, թե ինչ-որ այլմոլորակայիններ են ընկած իրենց երեխաների հետևից։ Իհարկե, կան ցնդած մարդիկ, բայց վտանգը չափազանցված է», – ասում է Մարտիրոսյանը։

Փորձագետը ծնողներին խորհուրդ է տալիս անկեղծորեն, որպես ընկեր խոսել իրենց երեխաների հետ։ Պետք չէ ոչինչ արգելել, քանի որ դա ավելի է գրգռելու հետաքրքրությունը։ Երեխայի մոտ ճնշված վիճակ տեսնելու դեպքում հատկապես պետք է նրան հիշեցնել, որ ռեալ վտանգ չկա, նա ապահով է և կարող է պատմել ձեզ ամեն ինչ։

Քնար Մանուկյան




Լրահոս