«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՀԱՄԲԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին խորհրդարանական ընդդիմության չմասնակցությունն ու կողքից սոսկ «դիտորդի» կարգավիճակով հետեւելը քաղաքագետ Գագիկ Համբարյանը տարօրինակ է համարում: Գյումրեցի քաղաքագետի համար անհասկանալի է՝ ինչու է ընդդիմությունը փոշիացնում ձայները, հատկապես եթե հայտարարել է, որ ամեն ինչ անելու է իշխանություններին օր առաջ տուն ճանապարհելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը Համբարյանի հետ զրուցել է նախընտրական Գյումրիում տիրող տրամադրություների, քաղաքական պայքարի ու հարակից հարցերի վերաբերյալ:

 

-Ի՞նչ է կատարվում: Քաղաքական ի՞նչ պայքար է ընթանում Գյումրիում, ու արդյոք քաղաքակա՞ն է, թե՞ ոչ: Նախընտրական ի՞նչ տրամադրությունների մեջ է Գյումրին:

-Ես ինքս քանի որ բացարձակ չեմ մասնակցում ընտրություններին, ես էլ չեմ պատկերացնում այս ընտրությունների քաղաքական բաղադրիչը, որովհետեւ, որպես գյումրեցի ու կողքից դիտող, կարող եմ ասել, որ որեւիցե քաղաքական ակտիվություն ես չեմ տեսնում: Հիմնական պայքարը ընթանում է գործող  իշխանությունների եւ դրանց հետ համագործակցության եզրեր գտած քաղաքական ուժերի միջեւ: Որպես այդպիսին, բացահայտ ընդդիմադիր մեկ ուժ կա, անունը չեմ ուզում տալ, որպեսզի որեւէ մեկի համար գովազդ չլինի: Մեկ ուժ է, որը բացահայտ  ընդդիմադիր է: Մյուսների պարագայում շատ խիստ կասկածներ ունեմ, որ, նախ, ընդդիմադիր են, եւ երկրորդը՝ շատ դեպքերում փաստեր էլ ունեմ, որ համագործակցում են այս իշխանությունների հետ:

-Այսինքն՝ ձայներ են փոշիանցո՞ւմ:

-Ոչ միայն ձայներ են փոշիացնում, այլեւ շատ լավ գիտեն, որ գործող իշխանությունների միջեւ թեկնածուն բավական թույլ է, որքան էլ իրենք փորձեն գործող իշխանությունների թեկնածուին՝ Շիրակի մարզպետին ներկայացնել գյումրեցի: Ինքը գյումրեցի չէ:

-Իսկ որտեղի՞ց է:

-Ինքը Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղից է: Գյումրիում ապրել է շատ քիչ, տեղափոխվել է Մոսկվա եւ Գյումրի է ժամանել, որքան գիտեմ, 2016թ.-ին: Այսինքն՝ ինքը, որպես այդպիսին, գյումրեցի չէ: Նա Շիրակի մարզից է, բայց գյումրեցի չէ: Ինձ համար անհասկանալի է մեր ընդդիմության պահվածքը: Ամեն դեպքում, իմ ունեցած տեղեկություններով, նույն «Հայաստան» դաշինքը Գյումրի քաղաքում, որքան գիտեմ, 20-21 տոկոս ձայն է հավաքել: Շատ զարմանալի է, որ 21 տոկոս ձայն հավաքած քաղաքական դաշինքը իր սեփական թեկնածուով հանդես չի գալիս: Ամեն դեպքում, դա ընտրազանգված է, որը, ըստ տրամաբանության, պետք է նույն ընդդիմության կողմից ուղղորդվեր ու ղեկավարվեր: Ընդդիմադիր զանգվածի մեծ մասը չի էլ գնա ընտրության: Սա շատ մեծ խնդիր է ընդդիմության համար, որովհետեւ մենք գիտենք, որ ՏԻՄ ընտրությունները տարբերվում են Ազգային Ժողովի ընտրություններից: ՏԻՄ ընտրություններում անհատական գործոնը շատ մեծ է: Նույն դաշնակները, որոնք երկար տարիներ ջանում էին Շիրակի մարզում մարզպետ ունենալ, հիմա իրենց ընտրազանգվածին ինչո՞ւ անտեր թողեցին: Թող իրենք էլ մասնակցեին ընտրությանը, ձեւավորեին ավագանու թիմ, չէին էլ հաղթելու ու թող օր ու արեւ չտային հաղթողին: Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչն էր պատճառը. պատճառը կադրային սխալ քաղաքականությունն էր ի սկզբանե, որը տարվեց իրենց կողմից Շիրակի մարզում:

-Ձեր ասածից ստացվում է, որ մի տեսակ օգնում են իշխանություններին: Այդպե՞ս է ստացվում:

-Այո, այո, հենց այդպես: ԲՀԿ-ն, որը Գյումրիում միշտ ունեցել է մեծ ընտրազանգված, չի մասնակցում: ԼՀԿ-ն, որն ուներ բավական մեծ քանակությամբ ընտրազանգված, եւս չի մասնակցում: ՏԻՄ ընտրությունները միշտ տարբերվել են համապետական ընտրություններից, եւ այստեղ անձնական գործոնը շատ մեծ է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՇՈՒՐՋ

Նոր գործընթաց՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է սկսել Դավիթ Տոնոյանի կողմից թիկնապահ պահելու գործընթացի մասով: Ի՞նչ  է կատարվել:

Բանն այն է, որ  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ 11 օր անց, պաշտոնից ազատվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս իր թիկնապահ Կարենին հորդորում է ազատման դիմում գրել եւ ազատվել պաշտոնից: Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՀՀ կառավարությունից, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ասում է, որ կարող է  թիկնապահին չազատել պաշտոնից, եւ նա շարունակի իրականացնել իր անվտանգության ապահովման աշխատանքները, ինչը եւ Դավիթ Տոնոյանն անում է:

Ամիսներ անց, երբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կալանավորում է   Դավիթ Տոնոյանին,  Պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանի դեմ նոր գործընթաց են սկսում, թե ինչու է նա պաշտոնից ազատվելուց հետո  շարունակել  թիկնապահով ման գալ: Այս հանգամանքը ստուգելու համար Պաշտպանության նախարարությունում  ծառայողական  քննություն է սկսվել: Փաստ է, որ ԱԱԾ-ում պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործով կա երեք մեղադրյալ՝ կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, եւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Քնար Մանուկյան

 

 

ԲԱՐՁՐ ԳՆԵՐ

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները բարձր են. այս մասին ահազանգում են քաղաքացիները: Օդանավակայանի ղեկավարությունը դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամվա դեպքում սահմանել է 800 դրամ, 4-24 ժամ օր կայանելու համար` օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական արժե 15 հազար դրամ: Նշենք, որ առաջին 10 րոպեն անվճար է: Պարզվում է՝ օդանավակայանի ղեկավարությունը սակագները բարձրացրել է նախորդ տարվա հունվարի 15-ից: Այսինքն` նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, գործող սակագնից ավելի շատ են վճարում: Բայց սա դեռ ամենը չէ. քաղաքացիները գործող սակագներով վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով, ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն` գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով:

 

 

ՓՈՂԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՀԱՆԵԼ

Բալասանյանը հայտնվել է իրավապահների թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կարծես թե իշխանությունները որոշել են բացահայտել իրենց կողմից շատ սիրված նախկինների կոռումպացված լինելու փաստերը ու դրանց տալ հանրայ

 

ին խիստ արձագանք: Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ իշխանական ներկայացուցիչների սեղանին դրված են աղմկահարույց գործեր, որոնցից մեկը վերաբերում է Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ ական Սամվել Բալասանյանին: Թե ինչ ենթադրյալ չարաշահումների կամ հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին է խոսքը, իրավապահ մարմինների մեր աղբյուրները չմանրամասնեցին: Բավականին ուշագրավ են Բալասանյանների վերաբերյալ հնարավոր քրեական գործերի շուրջ Գյուրիից եկող տեղեկությունները. Շատերը կարծում են, որ թիրախում հնարավոր է լինի Բալասանյանի ավագ որդին` Միսակը, որն իր շրջապատի մի քանի դեմքերի հետ տարիներ շարունակ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ընդհուպ մինչեւ ապօրինի եղանակով մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքել եւ քաղաքական նպատակներով օգտագործել, մի մասն էլ կարծում են, որ «ԳԱԼԱ» ՀԸ կողմից արված բացահայտումն է թեման, ինչը վերաբերում է մի քանի հարյուր հազար դոլարի արեւային պանելներ գնելու գործին: Ըստ լրջագույնս փաստարկված լրագրողական այդ հետաքննության՝ Բալասանյանի ավագ որդու շրջապատի անձանց կողմից գրանցված «ֆեյք» ընկերությունների միջոցով առանձնապես խոշոր գումարների գործարքների պայմանագրեր են կնքել քաղաքապետարանի հետ: Պարզաբանումներ ստանալու համար մենք փորձեցինք կապվել Սամվել Բալասանյանի ու նրա որդու հետ, սակայն մեզ դա չհաջողվեց, իսկ ավելի ուշ քաղաքապետարանից փոխանցեցին, որ Սամվել Բալասանյանը տեւական ժամանակ է՝ հանրապետությունում չէ, իսկ թե ուր է, կամ ինչով է պայմանավորված նրա բացակայությունը, արդյոք վախենում է իրավապահների հնարավոր այցերից, պարզել չհաջողվեց: Ի դեպ, Գյումրիում համառորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ Բալասանյանները վաղուց են պլանավորել իրենց «փախուստը» ու փողերը հանել են Չինաստան, ԱՄՆ ու ՌԴ, իսկ թե որքանով են այս լուրերը ճշմարտացի, պետք է պատասխանեն իրավապահ մարմինները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս