Հայաստանում վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի քանակը զգալի ավելացել է, ինչը խիստ մտահոգիչ է: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան՝ այդպես փորձելով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում կկատարվի փոփոխություն, կնախատեսվի ազատազրկման ստորին շեմ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ առավել խիստ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում նախատեսված արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքերում: Օրինակ, նույն արարքը, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Իսկ եթե նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, եւ որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով:
Ի դեպ, մի շարք երկրների քրեական օրենսգրքերում եւս ալկոհոլ օգտագործած վիճակը հանդիսանում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների ծանրացնող հանգամանք: Այսպես, Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածը, Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը նախատեսում են ալկոհոլ օգտագործած վիճակը՝ որպես ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու ծանրացնող հանգամանք, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը, Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածը հիշյալ հանցագործության ծանրացնող հանգամանք են նախատեսում հարբած վիճակը: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների քրեական օրենսդրության համաձայն՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ճանապարհատրանսպորտային պատահարը, որի հետեւանքով մահ է առաջանում, հավասարեցված է դիտավորյալ սպանությանը, եւ դրա համար կարող է նշանակվել պատիժ՝ ընդհուպ ցմահ ազատազրկման ձեւով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԸ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԿՈՐՑՐԵԼ
1996թ. փետրվարի 18-ին, երբ կազմավորվեց Տավուշի մարզը, մարզի բնակչության թիվը 134 100 էր։ 2021թ. հունվարի 1-ի դրութամբ, ըստ Պետական վիճակագրության կոմիտեի, մարզի բնակչության թիվը 121 500 է։ Ստացվում է, որ 25 տարում մարզը 12 գյուղի բնակչություն է կորցրել, որոնք հիմնականում գաղթել են Ռուսաստան, փոքր չափով նաեւ ներքին միգրացիա է եղել, այսինքն՝ սահմանամերձ գյուղերից տեղափոխվել են Երեւան կամ Հայաստանի այլ բնակավայրեր: Արտագաղթը ցայտուն է երեւում Տավուշի մարզի սահմանամերձ փոքր գյուղերում։ Բարեկամավան գյուղի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ, բարեկամավանցի 9-10-րդ դասարանների աշակերտները այլ բնակավայրերում էին շարունակում ուսումը։ Այս ուսումնական տարում Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 18 աշակերտ։
ՔԱՎՈՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, նրա որոշումներով 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանն իր կենսագրության մեջ ոչինչ չի նշում իր կուսակցական պատկանելիության մասին։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված՝ մարզպետ Հայկ Ղալումյանի կենսագրության մեջ այդ մասին ոչինչ նշված չէ։ 2021թ. սեպտեմբերի 12-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծման միջոցառմանը այդ կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանի, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Վահագն Ալեքսանյանի, արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանի հետ մասնակցել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
ԱՅԼ ԱՆՁԻ Է ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
Սեպտեմբերի 24-ին լրացել է Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ խոշոր համայնքների ղեկավարների պաշտոնական լիազորությունների ժամկետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Նոյեմբերյան եւ Այրում համայնքների ղեկավարներ Կարեն Աբազյանը եւ Արայիկ Պարանյանը նշանակվել են այդ համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ, իսկ Կողբ համայնքի վերաբերյալ որոշում չկա: Դա «ՏԻՄ մասին» օրենքի խախտում է։ Տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կողբ եւ Զորական գյուղերը ընդգրկող Կողբ խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակելու ոչ թե համայնքի ներկայիս ղեկավար Արսեն Աղաբաբյանին, այլ կողբեցի գործարարներից մեկի որդուն։ Դեկտեմբերի 5-ին կայանալու են Նոյեմբերյան, Կողբ, Այրում խոշոր համայնքները միավորող Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրություններ, որին մասնակից կուսակցություններից մեկի թեկնածուների ցուցակը գլխավորելու է Արսեն Աղաբաբյանը։
Ո. Սարգսյան
Տավուշ
ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐՑՆԵԼ ՍԱՅԱԴՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՑ
Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին վերջերս ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Նրա ընտանիքը երկարաժամկետ վարձակալությամբ տիրում է դենդրոպարկի տարածքի մի մասին։
Մ. Սայադյանը պնդում է, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է դենդրոպարկի այդ հատվածը վերցնել իրենց ընտանիքից։ Նա հայտնում է, որ նախարարությունը այդ հատվածի համար տարեկան վարձավճար է սահմանել 8 միլիոն դրամ՝ վարձավճարը ավելացնելով 833 տոկոսով, այդկերպ ցանկանալով չեղարկել վարձակալության պայմանագիրը։ Նա նշում է, որ դրանով նախարարությունը նպաստում է այգու կործանմանը։ 2020թ. օգոստոսին դենդրոպարկի դիմաց՝ Աղստեւ գետի ձախ ափին, Իջեւանի գինու, կոնյակի կոմբինատը բետոնե մեծ ամրություններ է կառուցել, որոնք նեղացրել են գետի հունը, սպառնալիք է առաջացել, որ գարնանային հեղեղումների ժամանակ գետը կարող է պոկել-տանել դենդրոպարկի տարածքի վերին մասերը։ 2021թ. փետվարի 9-ին Մ. Սայադյանը նամակ է ուղարկել Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տնօրինությանը, Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինությանը, որտեղ զգուշացրել է այդ վտանգի մասին։ Նա հայտնել է, որ երբեմն՝ մարտ, հիմնականում ապրիլ-մայիս ամիսներին Աղստեւը դառնում է վարարած՝ իր ճանապարհին սրբելով ամեն ինչ. 2003թ. մարտի 3-4-ը վարարած գետը փշել-տարել է դենդրապարկի ջրահավաքը՝ գլխամասը։ Այդ ժամանակ գետը հոսում էր դենդրոպարկի տարածքի մեկ երրորդի մասով, քշել է տնկանյութեր եւ ծառայգու հողի բարեբեր մասը՝ պատճառելով շուրջ 100 միլիոն դրամի վնաս։
Մ. Սայադյանը հայտնել է, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կոմբինատի կողմից Աղստեւի ափին կատարված շինարարության հետեւանքով շինարարների կողմից հեռացվել եւ ջարդվել են ջրի ուժգին հոսանքին արգելք հանդիսացող մեծ քարերը, գրունտ պահող մեծ լորենին արմատախիլ է արվել, փորվել եւ հեռացվել է դենդրոպարկի կողմից կառուցված բետոնե պատնեշի պաշտպանիչ գրունտը, կոմբինատի կողմից կառուցված դենդրոպարկի ջրահավաքի լրացուցիչ պատնեշը, գետի վարարման ժամանակ այն ավերվելու է, եւ ջրի ամբողք հոսքն ուղղվելու է դեպի գլխամաս։ Նա զգուշացրել է, որ Գինու, կոնյակի կոմբինատի կողմից կառուցված ջրափակոցը շատ նեղ է, կառուցված ճակատային պատը ջրի հոսքն ուղղորդելու է դեպի գլխամաս եւ այն փլուզելու է, ինչի հետեւանքով դենդրոպարկը մնալու է առանց ոռոգման ջրի եւ չորանալու է։ Մ. Սայադյանը Գինու, կոնյակի գործարանի տնօրինությանը խնդրել է դենդրոպարկի ճակատային մասում եւ իրենց կառուցած պատնեշի տակ կառուցել ջրափակոց, ինչպիսին կոմբինատի կառուցածն է, եւ մեծացնել ջրափակոցը։ Մ. Սայադյանի ուղարկած նամակն անպատասխան է մնացել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ