ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշում է կայացրել. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 խոշորացված համայնքներում ընտրություններ տեղի կունենան, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը շեշտեց՝ համայնքներում համամասնական ընտրությունների անցկացումն իրենց նախընտրական խոստումներից մեկն է։ Ըստ երկրի ղեկավարի` սա ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին համայնքի կառավարմանը մասնակից դարձնելու միջոց է։

 

«Քաղաքական այս գործընթացը ժողովրդավարական շատ կարեւոր գործընթաց է, եւ հետեւաբար նաեւ կարծում ենք` ընտրողների ազդեցությունը գործընթացների վրա շատ էական է դառնում, որովհետեւ պարտված թեկնածուների ընտրողները, ըստ էության, իրենց ձայնը չէին ունենում քաղաքի, համայնքի կառավարման գործում. հիմա նրանք այդ ձայնը ունեն: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման համակարգում առկա մի շարք պրոբլեմներ վերանում են, երբ որ համայնքներում տեղի է ունենում գիտակցված ընտրություն», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երկու շաբաթ առաջ ԱԺ-ում համայնքների խոշորացման նախագիծը քննարկելիս իշխանական կուսակցության ներկայացուցիչները հիմնավորում էին, որ ոչ թե նախկինի նման անհատների ընտրությամբ, այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ ընտրությունների դեպքում կառավարումը համայնքներում ավելի արդյունավետ կդառնա։

«Տարիներ շարունակ լինելով անկուսակցական համայնքի ղեկավարներ, որեւէ պատասխանատվություն չկրելով` կարողանում էին ընդամենը ազգ-բարեկամի միջոցով կառավարել այդ համայնքը, եւ որեւէ կերպ հնարավոր չէր լինում փոփոխություն բերել համայնքի կառավարման ընթացքի մեջ, եւ այս համամասնական ընտրակարգն այլեւս թույլ չի տալու որեւէ մեկին պատասխանատվությունից խուսափել»,-խորհրդարանում ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը մտահոգություն էր հայտնել, թե համայնքների խոշորացումն ու համամասնական ընտրակարգի անցնելը շուտափույթ է տեղի ունեցել, քաղաքական ուժերն ընտրություններին պատրաստվելու ժամանակ չունեն։

«Կուսակցությունները պետք է կարողանան պատրաստ լինել այդ ընտրություններին, ի վերջո արմատապես փոխվում է Ընտրական օրենսգիրքը, փոխվում է համայնքների կառուցվածքը: Սա եւս մի քայլ է` ամրապնդելու իշխանության քաղաքական մոնոպոլիան, այն քաղաքական մոնոպոլիան, որի գործող իշխանության ղեկավարը ընդդիմադիր տարիներին մեղադրում էր նախկին իշխանություններին երկրում քաղաքական մոնոպոլիա հաստատելու մեջ»,- նշել էր Հարությունյանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հակադարձել էր՝ այսօր քաղաքական ուժերի համար ընտրությունների գնալու ամենահարմար ժամանակն է. «Հայաստանում երեւի ամենաշատը հիմա են կուսակցությունները պատրաստ ընտրության, որովհետեւ վերջերս տեղի է ունեցել ընտրություն, կուսակցությունները բավականին թարմ դեռ հետընտրական պրոցեսի մեջ են, կարծես բոլորը մարզերում, համայնքներում թիմակիցներ ունեն»:

Ն. Պ.

 

 

ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Հայաստանում շաքարավազը ոսկու գին ունի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ շաքարավազի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 31.1 տոկոսով, իսկ, ահա, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, այն թանկացել է 5.5 տոկոսով: Այսօր հայաստանյան սուպերմարկետներում շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 450-470 դրամով: Բացի այս, օրինակ «Մառանիկ» ընկերության 1 կիլոգրամանոց տուփով շաքարավազի գինը տատանվում է 980 դրամից 1100 դրամի սահմաններում, «Ոսկե ջրաղաց»-ի մեկ կիլոգրամանոց շաքարավազն արժե 680 դրամ: Հայաստանում շաքարավազի շուկային ArmLur.am-ն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազը պարկով չեն վաճառում։ Ի դեպ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր հերթին սեպտեմբեր ամսին շաքարավազի շուկայում մշտադիտարկում էր իրականացրել եւ արձանագրել էր խոշոր առեւտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ԹՎԵՐ

Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերն ավելացել են: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր հանրապետությունում կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակը կազմել է 4052։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ դեպքերի քանակը կազմել է 3078, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կենդանիների կողմից տուժելու դեպքերը 974-ով ավելացել են։ Օրինակ՝ միայն այս տարվա օգոստոսին արձանագրվել է կենդանու կողմից տուժելու 542 դեպք։ Նկատենք, որ Հայաստանում, հատկապես՝ Երեւանում, քաղաքացիների մտահոգությունը ճանապարհներին թափառող շներն են։ Այս խնդրի մասին ArmLur.am-ը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է, բայց, չնայած սրան, հարցը շարունակում է մնալ օդում կախված։ Ի դեպ, կծելու, հարձակման դեպքեր գրանցվում են նաեւ Հայաստանի Հանրապետության Լոռու, Գեղարքունիքի մարզերում, իսկ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկ օրենքով արգելված են: Թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի կոնկրետ վիճակագրություն չկա, բայց, քաղաքացիների պատմելով, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում:

 

 

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպում, նշել է, որ չի բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը: «Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը», – նշել է Աբդուլաեւան: Նրա խոսքով՝ «հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում։

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին, եւ վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: «Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։ Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 18-ին Գագիկ Արմենի Ոսկանյանի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել մեկ հատ բարձախոս-ձայնարկիչ, մեկ հատ հիշողության կրիչ, երկու գլուխ պանիր, երկու տուփ սուրճ, ԽՍՀՄ արտադրության մետաղադրամներ՝ տուժող Գագիկ Ոսկանյանին պատճառելով զգալի չափերով՝ ընդհանուր 10600 ՀՀ դրամ գույքային վնաս:

 




Լրահոս