Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայաստանյան այցը անցավ հնարավորինս փակ ձեւաչափով. կողմերը բավարարվեցին սոսկ պաշտոնական հակիրճ հաղորդագրություններով։ Վարչապետերը մամուլի համար հանդես չեկան հայտարարություններով, ասուլիս նույնպես չկազմակերպվեց, թեեւ նման բարձրաստիճան այցերի արդյունքում սովորաբար հնչում են հայտարարություններ, կամ տեղի է ունենում կարճատեւ հարցուպատասխան։
Այսքանով հանդերձ ուշագրավ տարբերություններ կան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարների մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրությունների մեջ։ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում ասված է. «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը եւ հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետեւողականորեն խորացնելու պատրաստակամությունը եւ պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»։
Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը մանրամասներ է հայտնում. «Կողմերը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ՄԱԿ-ում հնչեցրած Հարավային Կովկասի համար նախատեսված Խաղաղ հարեւանության նախաձեռնությունը, որը նախատեսված է խաղաղություն եւ կայունություն ապահովել տարածաշրջանում։ Հանդիպմանը ընդգծվել է, որ խաղաղության նոր ձեւաչափը կնպաստի խաղաղ հարեւանության նախաձեռնության մասին քննարկումների անցկացմանը, ուր կներգրավվեն Հարավային Կովկասի երկրները՝ միջազգային գործընկերների հետ միասին»։
Ամիսներ տեւած դադարից հետո այս հունիսին նաեւ Վրաստանի միջնորդական ջանքերի արդյունքում էր, որ հաջողվեց Ադրբեջանից վերադարձնել հայաստանցի 15 ռազմագերիների, որից հետո նույն թվով գերիներ ազատ արձակվեցին արդեն Ռուսաստանի միջնորդությամբ։ Պաշտոնական Թբիլիսիի միջնորդական ջանքերի մասով վերջերս խոսք եղավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-ի հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երեւանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։
Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երեւանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։ «Հայաստանը կարեւորում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունների իրագործումը, այդ թվում՝ կոմունիկացիաների բացումը»,- նշել է Գեւորգյանը՝ ավելացնելով, սակայն, որ «որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է եւ ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է եւ հակասում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը. հաղորդել էր խոսնակը։ «Միջանցքների մասին խոսակցությունը ոչ միայն նպատակ ունի մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները եւ ժողովուրդներին, այլեւ այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է եւ հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»,- հայտնել էր Գեւորգյանը:
Ն.Հ.
ՎԹԱՐՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Այս տարվա 8 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 3042 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 246, վիրավորվել՝ 4501 մարդ: Միայն օգոստոս ամսին մեր հանրապետությունում ՃՏՊ-ների քանակը կազմել է 407, որի հետեւանքով զոհվել է 47, վիրավորվել՝ 605 մարդ: Արձանագրենք, որ, հուլիս ամսվա համեմատ, օգոստոսին ՃՏՊ-ների քանակը նվազել է: Պաշտոնապես, այս տարվա ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 22.2 տոկոսով: Օրինակ՝ նախորդ տարվա հունվար-օգոստոսին մեր հանրապետությունում արձանագրվել է 2490 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 184, վիրավորվել՝ 3678 մարդ: Մասնագետների կարծիքով՝ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ ավելացել է ավտոմեքենաների քանակը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի ավելացման: Մյուս կողմից՝ տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Ասել է թե՝ նորաստեղծ պարեկային ծառայությունն անգամ չի փրկել իրավիճակը:
ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նկատենք՝ այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով: Նկատենք՝ վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած: Այդ ժամանակ, շնորհավորելով Փաշինյանին, Պուտինը ընդգծել էր, որ առկա է «ժողովրդի վստահությունը՝ դժվար հարցերը կարգավորելու համար»: Առաջինը տարեսկզբին էր՝ Մոսկվայում, երբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարածաշրջանային ապաշրջափաման մասին հայտարարություն ստորագրեցին։ Այս հանդիպումների ֆոնին, նկատենք, երեկ Մոսկվա է մեկնել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
«Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս 6 օր ուշացումով, սակայն բոլոր մանրամասներով ներկայացրել հարցադրումներիս պատասխանները»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Հուսով եմ, որ այս թեմայով այլեւս չեմ գրի, իսկ ոստիկանությունը պատշաճ ձեւով կիրականացնի օրենքով նախատեսված իր գործառույթները։ Հիշեցնեմ, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության ժամանակ ինձ էր դիմել Երեւանի բնակիչ, ով նշել էր, որ իր նկատմամբ պարբերաբար բռնություն են գործադրում։ Վերոնշյալի վերաբերյալ գրությամբ դիմել էի ոստիկանապետին, ով ժամկետների մեջ չէր պատասխանել գրությանս, եւ թեմային արձագանքեց միայն այն ժամանակ, երբ այդ մասին նաեւ հրապարակային գրեցի»,-նշել է նա։
ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում: Այս մասին Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հարեւաններին՝ ներառյալ հյուսիսային հարեւաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարեւաններն են, հետեւաբար մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան ու Ադրբեջան:
ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա, ուր հանդիպում կունենա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ եւ կմասնակցի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական բաժինը: «Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, ի. գ. դ. Գեւորգ Դանիելյանը եւ Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ: Նշենք, որ, ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ, եռակողմ հանդիպմանը մասնակցելու է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն արդեն մեկնել է Մոսկվա: Հանդիպումը կազմակերպվում է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել Մարո Մարգարյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղար 12 ամիս փորձաշրջանով: