ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների շրջանում ծնողների կողմից հեռախոսի արգելքը ճակատագրական հետւանքներն է ունենում: Իրավապահ մարմինները մի շարք դեպքեր են արձանագրում, որ երեխաները գնում են ինքնավնասման, իսկ որոշ դեպքերում էլ հնարավոր չի լինում փրկել նրանց կյանքը: Ուստի հորդորում են ծնողների վերահսկողության տակ պահել երեխաների կախվածությունը հեռախոսից եւ իրավիճակին մոտենալ բավականին նուրբ՝ հնարավոր անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

 

Իսկ հիմա փաստերով. 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում գետնին պառկած վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանությանը հասցնելը), հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ երեխայի ինքնասպանության գնալու հանգամանքը պայմանավորված է եղել այն բանով, որ ծնողները արգելել են նրան այդքան հեռախոսով զբաղվել, ինչն էլ երեխային դրդել է գնալ այդ քայլին:

Մյուս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին: Մի քանի օր անհետ կորած 15-ամյա Հրաչյա Ն.-ի դին հայտնաբերվեց Հրազդանի կիրճում ծառից կախված վիճակում: Ըստ լուրերի՝ երեխան այդ քայլին գնացել էր հեռախոսային խաղի հետեւանքով, սակայն նկատենք, որ մինչ օրս դեռես քննությամբ չի հիմնավորվել այդ վարկածը, եւ երեխային ինքնասպանության դեպքով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, եւ նախաքննությունը շարունակվում է: Ըստ լուրերի՝ երեխայի ինքնասպանության պատճառը «Սինիյ կիտ» խաղն է եղել։ Խաղի մասնակցին ամեն օր խնդիրներ են առաջարկվում՝ նայել այսինչ ֆիլմը, լսել այսինչ երաժշտությունը, ամենավերջին առաջադրանքը ինքնասպան լինելն է։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել էր «Սինի կիտ» խաղին, որի շուրջ քննարկումներն ու ծնողների անհանգստությունը մեծ թափ էր ստացել: Փորձագետն ասում էր, որ կիբեռ բուլլիինգը, այսինքն՝ հալածանքը օնլայն հարթակներում, իրական երեւույթ է, սակայն պետք չէ ուռճացնել դրա դերը։ «Սինի կիտի» շուրջ հիստերիան պետք է թարգել։ Փորձը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մասին խոսելը անառողջ մթնոլորտ է ստեղծում միայն, դեպքերը դրանից չեն քչանում», – ասում է նա։ Նրա խոսքով՝ խաղը լայն տարածում է գտել «Նովայա Գազետայի» լրագրողների ռեպորտաժից հետո։

«Նովայա Գազետայի» լրագրողների անփույթ հետազոտության հետեւանքով ստեղծվեց միֆ, մարդիկ սկսեցին տեղեկանալ, պատկերացնել, թե ինչ-որ այլմոլորակայիններ են ընկած իրենց երեխաների հետեւից։ Իհարկե, կան ցնդած մարդիկ, բայց վտանգը չափազանցված է», – ասում է Մարտիրոսյանը։

Փորձագետը ծնողներին խորհուրդ է տալիս անկեղծորեն, որպես ընկեր խոսել իրենց երեխաների հետ։ Պետք չէ ոչինչ արգելել, քանի որ դա ավելի է գրգռելու հետաքրքրությունը։ Երեխայի մոտ ճնշված վիճակ տեսնելու դեպքում հատկապես պետք է նրան հիշեցնել, որ ռեալ վտանգ չկա, նա ապահով է եւ կարող է պատմել ձեզ ամեն ինչ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով։ Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի եզրին, կիսամերկ, բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել էին Հ. Հակոբյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ դեմքի եւ գլխի հատվածներում կան մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր էր ժամանել Լոռու մարզի ոստիկանապետը, ոտիկանության Սպիտակի բաժնի պետն ու Սպիտակի քննչական բաժնի պետը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նրա անհայտ կորելու մասին ոստիկանության Սպիտակի բաժին հայտարարություն էր տվել քույրը՝ Անուշ Հակոբյանը, որ Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բնակվող եղբայրը հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ի սահմաններւմ, իրենց տանից դուրս է եկել եւ մինչեւ այժմ տուն չի վերադարձել, ու իր գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

 

 

ԵՂԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ. 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 148 հարկ վճարողների մոտ 2021թ. 3-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 28 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 134 դեպք: Իսկ 2019 թվականի արդյունքներով՝ 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 40 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 3 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 38 դեպք: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

 

 

 

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԲՆԱԿՉԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ

2021թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։

 

2021թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի եւ ԱՀ ՊԲ ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ըստ ականատեսների պնդման՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։ Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով /սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/։ Իրականացվում է նախաքննություն:

Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլեւ սահմանամերձ այլ հատվածներում։ Հաշվի առնելով հայ֊ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ փոխանակելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի կոպտագույն խախմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ եւ արդյունավետ համագործակցություն։ Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձեւաչափերով, ինչի անհրաժեշտության մասին ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է բազմիցս։ Նշված դեպքը 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ եւ ԱՀ ղեկավարների միջեւ ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է:

 




Լրահոս