Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից եւ գտնվում է Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչպե՞ս զարգացան իրդարձությունները:
Ընկերները դեմ դուրս եկան
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու կամ ինչ հանգամանքներից ելնելով Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերները որոշեցին դուրս գալ նրա դեմ, եւ ինչ ուշագրավ փաստաթուղթ կա ՀՔԾ-ում:
Նախ՝ սկսենք ամենասկզբից: Ովքե՞ր դավաճանեցին Հովսեփյանին եւ ինչո՞ւ:
ArmLur.am-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը եւ պատմել է ինչ-որ հողակտորի մասին: Իսկ մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է Հովսեփյանի մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:
Ու մինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կաշառք ստանալու քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթին բավական մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ ներքին տարաձայնություններ են եղել Աղվան Հովսեփյանի ընտանիքի, հատկապես՝ որդու՝ Միսակ Հովսեփյանի եւ Արշավիր Սարգսյանի միջեւ, եւ ինչ փոխվեց , երբ Աղվան Հովսեփյանը 2013 թվականից հետո դադարեց լինել ՀՀ գլխավոր դատախազ:
Պարտքերն ու պարտատերերը գործի են անցնում
ՀՀ հատուկ քննչական ծառայության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի եւ Արշավիր Սարգսյանի բիզնես հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ 2013 թվականին Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց Գլխավոր դատախազի պաշտոնին: Այսինքն՝ չկա պաշտոն, չկա ընկերություն: Թերեւս պաշտոնական, իշխանական էլիտայում սա փոխհարաբերությունների ընդունված սկզբունք է: Ահա այստեղից էլ սկսվում է Արշավիր Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի աշխատանքային լարվածությունը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արշավիր Սարգսյանը եւ Աղվան Հովսեփյանի որդին ՀԷԿ-երի ոլորտում համատեղ բիզնես են ունեցել: Մասնավորապես՝ վերջիններս համատեղ աշխատեցրել են «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-Ն, որը Եղեգիս գետի վրա` Արտաբույնքից Հորբատեղ գնացող ճանապարհաեզրին է, եւ «Վարդահովիտ» ՍՊԸ-ն, որը եւս նման գործունեությամբ է զբաղվում: Արդեն բանկային ոլորտի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2013 թվականին ընկերությունը չի կարողացել իրականացնել իր բանկային պարտավորութունները: Բացի այդ, հայտնվում են ինչ-որ մարդիկ եւ հայտնում, որ փնտրում են Արշավիր Սարգսյանին, որն իրենց պարտք է: Գործընկերոջ պարտքերի մասին տեղեկությունները հասնում են նաեւ Աղվան Հովսեփյանին ու նրա որդուն՝ Միսակ Հովսեփյանին, եւ վերջիններս, տեղականալով, որ ընկերությունը բանկային պարտավորություններ ունի չկատարած, պարտատերեր են հայտնվել ու փնտրում են Արշավիր Սարգսյանին, փորձում են վերջինիս հետ կապ հաստատել:
Ըստ էության, Արշավիր Սարգսյանը, հասկանալով, որ վատ իրավիճակում է հայտնվել, փորձում է տուժողի դեր ստանձնել եւ կապի դուրս չի գալիս Հովսեփյանների հետ, ավելի ուշ հայտնվում է՝ հայտարարելով. «Ամեն ինչ քեզ կթողեմ, կգնամ»: Աղվան Հովսեփյանի որդին էլ նույնաբովանդակ հակադարձում է արել:
Իրավիճակը թեժացել է՝ հասնելով բանկին
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գործընկերային վիճաբանությանը խառնվում է հայաստանյան բանկերից մեկը, որը շահագրգիռ օղակ է, ու խնդրում է, որ ընկերությունը կատարի իր վարկային պարտավորությունները: Որպես ելք, բանկը Արշավիր Սարգսյանին եւ Աղվան Հովսեփյանի որդուն ասում է, որ մոտ 4.1 միլիոն դոլարի վարկային պարտավորություն կա, եւ բանկի կառավարիչն անձամբ Աղվան Հովսեփյանի որդուն հորդորում է, խնդրում, որ նոր պայմանագիր կնքվի, նոր ժամանակացույց կազմվի, որը հնարավորոթյուն կտա փրկել ընկերությունը եւ չխափանել նաեւ բանկի գործունեությունը: Ըստ իրավապահների կողմից քննվող վարկածի՝ ներքին խառնաշփոթի հետեւանքով Աղվան Հովսեփյանի որդին Արշավիր Սարգսյանի կողմից չկատարված 4,1 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը վերցնում է իր վրա: Բանկի ներկայացուցչի ներկայությամբ Արշավիր Սարգսյանի եւ Աղվան Հովեսփյանի որդու մինչեւ կնքվել է համապատասխան համաձայնագիր, որ Միսակ Հովսեփյանը կվճարի Արշավիր Սարգսյանի բոլոր պարտքերը ու վարկային պարտավորությունները, ինչը մինչ օրս անում է, եւ, ըստ այդ պայմանագրի, դեռ ավելին՝ 30 տարի էլ պետք է վճարի:
ՀՔԾ-ն փաստաթուղթ ունի
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայնագրում կետ կա, որ Աղվան Հովսեփյանի որդին, Արշավիր Սարգսյանի պարտքերը փակելուց բացի, պետք է նրան տրամադրի 6000 քմ հողակտոր: Ի դեպ, իրավապահ կառույցների մեր աղբյուրները հայտնեցին, որ Արշավիր Սարգսյանի եւ Միսակ Հովսեփյանի որդու վերոնշյալ համաձայնագիրը գտնվում է ՀՔԾ-ում եւ կցված է Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործին: Այսինքն՝ թեեւ պնդում կա, որ Արշավիր Սարգսյանին Հովսեփյանը թալանել է, իրականում եղել է փոխադարձ անվստահություն, ընկերությունը հայտնվել է ոչ բարենպաստ պայմաններում, կնքվել է հաշտության պայմանագիր, սակայն տարիներ անց Արշավիր Սարգսյանը դիմել է իրավապահներին եւ, ըստ էության, այլ իրականություն պատմել հետհեղափոխական Հայատանում: Հետաքրքիր է՝ ՀՔԾ-ն արդյոք բանկի կառավարչին կամ պատասխանատուին լսել է, որպեսզի վերը նկարագրված դետալները արձանագրվեն, թե ոչ: Կփորձենք ՀՔԾ մարտավարության մասին պարզել առաջիկայում: Երբ պատմության մեջ խորացանք, պարզվեց՝ բանկի ղեկավար կազմը այս մասին շատ տեղեկացված էր:
Ք.Մ.
ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը Կապանում (հոկտեմբեր, 2020թ.)՝ ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների կոպիտ խախտումներով:
«Մեր շարունակվող փաստահավաք աշխատանքները վեր են հանել, որ դեռ պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի վերջերին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում իրական վտանգ ստեղծելով հատկապես Կապանի Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերի բնակիչների համար: Սույն հաղորդմամբ հրապարակում եմ նաեւ «Գուգլ» քարտեզի վրա պատկերված ադրբեջնական զինված ուժերի ներխուժումները դեղինով՝ առնվազն 5 կոնկրետ տեղակայումների նկարագրությամբ: Ըստ «Գուգլ» քարտեզի չափագրման՝ ներխուժումները գտնվում են Ծավ գյուղին հարող ՀՀ ինքնիշխան տարածքի խորքում՝ դրանով նախատեսված սահմանից ուղիղ գծով 150մ, 190մ, 960մ, 1140մ եւ 1210մ hեռավորության վրա։
Նրանք, մասնավորապես, այն տարածքներում են, որտեղ խոտհարքներ են եւ արոտավայրեր: Ներխուժման հետեւանքով քաղաքացիական բնակիչները զրկվել են այդ հողատարածքներն օգտագործելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Ադրբեջանական զինված ուժերն այսկերպ բացահայտ ոտնահարում են Կապան համայնքի հատապես Ծավ եւ Ներքին Հանդ գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու եւ այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունը իրական սպառնալիք է մարդկանց խաղաղ կյանքի համար: Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում եւս բացահայտ զուրկ է իրավական որեւէ տիտղոսից: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կլինեն շարունակաբար ոտնահարված, քանի դեռ նրանք անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ մարդկանց հողերում:
Այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական հայատյացության եւ թշնամանքի ֆաշիստական քաղաքականությունը, ուստի այս հարցը նույնպես պետք է դառնա միջազգային ատյաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, այլ ատյաններում ներկայացման ենթակա հարց: Պետք է լինի պարտադիր բաղադրիչ ՀՀ սահմանային բնակիչների խախտված իրավունքների վերականգնման նպատակով:
ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերականգնումը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների անհապաղ հեռացում: Դա պետք է լինի ինչպես ՀՀ Սյունիքի, այնպես էլ Գեղարքունիքի գյուղերի մոտից, Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներից:
Ն. Պ.
ԲՈՒԺՔՈՒՅՐԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքրոջը, որը քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: «Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել»,- ասված է հաղորդագրության մեջ։