Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել օգնել գերիների ազատ արձակմանը եւ թույլ չտալ զենքի կամայական կիրառում Լեռնային Ղարաբաղում։ Նա նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է ողջ ուժով ձգտել խուսափել ատելության քարոզից։ «Կոչ ենք անում լույս սփռել անհետ կորածների ճակատագրի վրա, նպաստել գերիների ազատ արձակմանը եւ թույլ չտալ զենքի կիրառում, որը հղի է խաղաղ բնակչության համար վտանգներով»,- հայտարարել է պատրիարք Կիրիլը Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հետ դռնփակ հանդիպումից հետո։
Պատրիարքը նաեւ հավաստիացրել է, որ կրոնական առաջնորդները պատրաստ են աջակցել երկու ժողովուրդների հաշտեցմանը, եւ որ ռուս ուղղափառ եկեղեցին իր հերթին աղոթում է երկու կողմերի հաշտեցման համար։ Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը շարունակվել է մի քանի ժամ։ Բացելով հանդիպումը` ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետը նշել է՝ սա կարող է օրինակ դառնալ նաեւ մյուսների համար. «Ես հուսով եմ, որ մենք ձեզ հետ կգտնենք ճիշտ բառեր, որոնք ամենից շատ են պետք մեր ժողովուրդներին։ Հավատում եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտորումների վրա, եւ հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստն ու ձեր միջեւ երկխոսությունը, սիրելի՛ եղբայրներ, օրինակ կդառնա բոլորի համար»:
Չնայած գերիներին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնելու մասին նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությանը` հայկական կողմը պնդում է, թե տասնյակ հայ զինծառայողներ դեռ մնում են ադրբեջանական բանտերում։ Ռուսական լրատվամիջոցներն այսօր լայնորեն անդրադարձել են այս թեմային: Ռուսական ՀըԽ-ն, օրինակ, նշում է, որ գերիներին վերադարձնելու կոչ է անում ոչ միայն Երեւանը, այլեւ Մոսկվան` շեշտելով, թե նման քայլը թույլ կտա վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջեւ։
Երեկ պատրիարք Կիրիլն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Գարեգին Երկրորդի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Ի դեպ, Փաշազադեի հետ երեկվա հանդիպմանը ներկա էր նաեւ Ադրբեջանում ծնված ռուսաստանցի օլիգարխ Գոդ Նիսանովը, որը համարվում է Ռուսատանի ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկն ու Ալիեւների ընտանիքի հիմնական լոբիստն այդ երկրում։ Նա Մոսկվայում «Եվրապեյսկի» առեւտրի կենտրոնի եւ «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերն է, համարվում է Ռուսաստանում ամենահաջողակ ռանտյեն՝ 2,7 մլրդ դոլար կարողությամբ:
Միեւնույն ժամանակ Մոսկվայում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մեր այսօրվա հիմնական հարցը տարածաշրջանային կարգավորումն է՝ երկարաժամկետ կտրվածքով»: Այս մասին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իր հերթին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում»:
Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների արդեն չորրորդ դեմ առ դեմ հանդիպումն է այս տարվա մեջ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերը: Նույն հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Հետաքրքիր է, որ միաժամանակ Մոսկվայում է գտնվում նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Նա երեկ հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, սակայն այցի մասին շատ մանրամասներ հայտնի չեն, եւ նշված է, որ երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մխիթար Մաթեւոսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խոշոր չափերով ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ 2019թ. փետրվարի 28-ից մինչեւ 2019թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայի հանրապետության Տուլոն քաղաքում տեղի ունեցող «Լեւասամիս դե լա դանսե» միջազգային պարի մրցույթի մասնակցության համար ինքնաթիռի տոմսեր գնելու, Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում ապրուստն ապահովելու, ապահովագրության վճարում կատարելու, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը նախատեսված վճարումները կատարելու պատրվակով խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Ինեսսա Բարոյանից հափշտակել է խոշոր չափերի՝ 2.118.102 ՀՀ դրամ գումար, իսկ 2019թ. մարտի 22-ից 2019 թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում նույն պատրվակով խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Լուիզա Գալստյանից հափշտակել է խոշոր չափերի՝ 1.069.218 ՀՀ դրամ գումար:
ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ
Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, եւ մեր պետության կողմից համապատասխան գնահատական չի տրվել այդ իրավիճակին։ Կան բազմաթիվ թերություններ պետական, ռազմական կառավարման ոլորտներում, եւ իրենց համար դժվար է գնահատական տալ հենց իրենց գործունեությանը։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Մենք միշտ եղել ենք այդ կիզակետում, սակայն ավելացել է այն, որ Թուրքիան ներխուժել է Հարավային Կովկաս տարբեր վերահսկող օրգանների միջոցով եւ այսօր էլ փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի եւ Արցախի վրա»։ Սեյրան Օհանյանը կարծում է, որ այս իրավիճակում մի քանի ուղղություններով մի շարք աշխատանքներ պետք է կատարվեին։ Անդրադառնալով տեղահանվածների հարցերին՝ Օհանյանը նշել է. «Այս հարցը մեզ մտահոգում է երկու առումով։ Առաջինը՝ մեր հայրենիքի մի մասի կորուստը` Հարդրութ, Շուշի, եւ տեղահանվածների սոցիալական խնդիրները։ Փառք Աստծո, որ այս պահին Արցախում են ՌԴ խաղաղապահ ուժերը, սակայն նրանց գոյությունը հեռանկարային առումով անորոշ է»։
ԳՈՀ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե գոհ է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից: Նրա փոխանցմամբ՝ «առանձին մանր միջադեպերը չհաշված՝ ընդհանուր առումով իրավիճակը տարածաշրջանում կայուն է»: «Արդեն մոտ մեկ տարի է անցել պատերազմի ավարտից, եւ Ադրբեջանում՝ Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումից ընդհանուր հաշվով վիճակը կայուն է, մենք գոհ ենք»,- ասել է Ալիեւը՝ նշելով, թե կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՇԱԿ ԵՆ
ՈՒԶՈՒՄ
Դատավոր Աիդա Դավթյանը դատի է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը. դատավորները թոշակ են ուզում: Մեզ հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը դատի է տվել նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարությանը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նորմի հիման վրա, իրեն՝ որպես դատավորի, լիազորությունների դադարեցման հիմքով, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ 6-րդ մասով նախատեսված կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնել: Այս գործը քննելու է Վարչական դատարանի նախկին նախագահ Աղասի Դարբինյանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ArmLur.am-ը ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը։ Պարզվում է՝ անշարժ եւ շարժական գույք չունի վարչապետը, համենայնդեպս, հայտարարագրում նշված չէ։ Միայն նախորդ տարվա վերջին ունեցած ավանդը կազմել է 2 մլն 550 դրամ։ Բանկային հաշիվներին վարչապետի ունեցած գումարը կազմել է 1 մլն 64 հազար դրամ, 56 դոլար, իսկ կանխիկ դրամը՝ 790 հազար դրամ եւ 1800 դոլար։ Վարչապետի հայտարարագրած եկամտի միակ աղբյուրը կազմել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 1 մլն 36 հազար դրամ։ Իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, ունի 2 բնակարան, երկուսն էլ՝ Շենգավիթ վարչական շրջանում, մեքենաները թվով երեքն են՝ Renault, Nissan, Vaz մակնիշի ավտոմեքենաները։ «Մեր տպարանը» ընկերությունում Աննա Հակոբյանի առեւտրային ներկայացվածությունը 50 տոկոս է կազմում։ Բանկային հաշիվներին ունեցել է 145 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը կազմել է 1000 դոլար։ Վարչապետի կինը երկու վայրից աշխատավարձ է ստացել՝ «Մեր տպարան»-ից՝ 1 մլն 974 հազար դրամի չափով, եւ «Դարեսկիզբ»-ից՝ 4 մլն դրամ։ Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի եկամուտը կազմել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 427 հազար դրամ։ Վարչապետի դուստրն աշխատավարձ ստացել է «Դարեսկիզբ» ընկերությունից։ Բացի այս, նախորդ տարվա ընթացքում Մարիամ Փաշինյանի կանխիկ դրամը կազմել է 438 հազար դրամ։ Վարչապետի որդին ոչինչ չունի՝ ո՛չ անշարժ գույք եւ ո՛չ էլ ավտոմեքենա։ Միայն նախորդ տարում նա աշխատավարձ է ստացել «ՄինիՍո Էյ էմ» ընկերությունից՝ 408 հազար դրամ։