Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: ԻԻՀ գլխավոր դատախազն ասել է, որ երկիրն առանձնակի կարեւորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջեւ առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին եւ գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաեւ գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միեւնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր:
ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարեւորել է Հայաստանի ու Իրանի միջեւ տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Իրանի գլխավոր դատախազի հետ հանիդպել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, եւ Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես՝ դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց: Մեր հանդիպումը, լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները եւ, իհարկե, անդրադառնալու նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական եւ վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն»:
«Իրանի եւ Հայաստանի դիվանագիտական եւ քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի, եւ կան դրա նախապայմանները»,-նշել է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Հայաստանը եւ Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարեւան երկրների հետ եւ հույս ունենք, որ նրանք նախքան հարցի սրումը Իրանի այս դիրքորոշումն ընկալեն. «Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարեւան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը»:
Ն. Պ.
ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԵՂԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
Հայաստանի ազգային անվտագության ծառայությունը մինչեւ օրս բացահայտել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ 9 դեպք։ Այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։
Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը) եւ 314-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել են 9 քրեական գործեր։ Դրանցից 8-ը ենթակայությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, իսկ մեկի նախաքննությունը շարունակվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են յոթ անձինք, որոնցից երեքը հանդիսացել են պաշտոնատար անձինք, իսկ մեկը՝ հանրային ծառայող։ Պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ հավաստագրեր տրամադրելու առաջին դեպքը ԱԱԾ-ն բացահայտել էր օգոստոսին։ ԱԱԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժը մի քաղաքացուց ապօրինի վարձատրություն է ստացել` նրան իբրեւ թե պատվատված լինելու սերտիֆիկատ տրամադրելով։ Պատվաստված լինելու կեղծ հավաստագիր տրամադրելու վերաբերյալ մի դեպք էլ օրեր առաջ բացահայտել են ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ Այս անգամ կասկածյալը Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկն է, որը, ըստ ոստիկանության, գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ: «ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են դատախազին եւ քննչական մարմիններին»,- հայտարարել էր վարչապետը:
ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՎՐԱ
2021թ. հոկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի եւ շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն տալ նրանց մոտ եղած գումարը եւ հեռախոսները, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ բուժքույրերից մեկը բժիշկ կանչելու պատրվակով ահազանգել է ոստիկանություն, որոնք ժամանելով դեպքի վայր՝ վնասազերծել են առերեւույթ հանցագործություն կատարած անձին, վերցրել դանակը եւ բերման ենթարկել նրան: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են բժշկական կենտրոնում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները եւ դեպքի պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բուժքույրերը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Արթիկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
ԽՈՇՈՐ
ԱՎՏՈՎԹԱՐ
Հոկտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արտակ Պետրոսյանը իր վարած Ford Mustang մակնիշի 30 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։