Կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով աշխատանքի չներկայացած ժամանակահատվածը կհանվի աշխատողի ստաժից։ Ավելին՝ այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ. սա՝ ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հեղինակած նախագծի: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ, ըստ այս նախագծի, նույն պատճառով 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանալու լուծել աշխատանքային պայմանագիրը։ Իսկ պայմանագիրը կարող է լուծվել նաեւ, եթե աշխատողի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմում են 50 եւ ավելի օր։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների նախագիծը դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել հանրության շրջանում: Այն, ի դեպ, իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքէջում տեղադրվելուց հետո հավաքել է 152 «դեմ» եւ 16 «կողմ» ձայն: Տեղեկացնենք, որ «Տնտեսական իավունքի կենտրոն» ՀԿ-ն է դեմ արտահայտվել նախագծին՝ նշելով, որ հիմնավորումների մեջ բերվում է ՀՀ օրենսդրության պահանջների աղճատված, հակասական փաստարկումներ, ինչպես նաեւ գիտականորեն չապացուցված, անարժանահավատ տեղեկատվություն:
«Ցավոք, ներկայացվել է մի օրինագիծ, որով պարտադրվում է ՀՀ հանրային աշխատողներին անցնել կլինիկական փորձարկումների փուլ: Հակառակ դեպքում այդ պարտադիր իրավակարգավորման չկատարումը, ի հակասություն սահմանդրական կամավորության սկզբունքի, հանգեցնելու է հաջորդ իրավազանցությանը՝ աշխատանքից ազատմանը, ինչը այս պարագայում էլ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումներին: Ավելին՝ նախագծի հեղինակը փորձել է անգամ խախտել ՀՀ սահմանադրության 2 հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության (28-րդ հոդված) եւ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված): Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում այնպիսի խտրական եւ ոչ իրավահավասար կարգավորում, որով առաջարկվող իրավակարգավորումները չեն տարածվելու հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի, մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, Վերաքննիչ եւ Առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Կարծես թե նախագծի հեղինակները բոլորովին անհանգստություն չունեն նշված պաշտոնյաների՝ ՀՀ սահմանադրությամբ սահմանված առողջ ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ կամ էլ վստահ են, որ նրանք չեն կարող վարակվել կորոնավիրուսով՝ ելնելով իրենց սոցիալական դիրքից»,- այս մասին «Տնտեսական իավունքի կենտրոն» ՀԿ-ն է նշել նախագծի առաջարկների բաժնում, ապա առաջարկել է կասեցնել այս նախագծի հանրային քննարկումը:
Տեղեկացնենք, որ, ըստ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանի, հոկտեմբերի 14-ից սկսած՝ ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը՝ մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ
ՄԵԾ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
2019թ.-ից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրով Այրում խոշոր համայնքի Պտղավան բնակավայրի հարեւանությամբ 100 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ (20 միլիոն դրամը` Այրում համայնքի ֆինանսական ներդրումն է) սկսվել է գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի կառուցումը։ Այն նախատեսված է համայնքի խոշորացման արդյունքում Այրում համայնքի ձեռք բերած գյուղատնտեսական եւ ինժիեներական տեխնիկայի կայանման համար։ Հավաքակայանին կից կառուցվել են թունաքիմիկատների ու բուժանյութերի խանութ, 500 քմ մակերեսով ջերմոց եւ 1000 քմ մակերեսով պտղատու ծառերի տնկարան, նաեւ գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոն։ Գյուղտեխնիկայի հավաքակայանը պետք է շահագործման հանձնվեր 2020թ.-ին, սակայն դրա պաշտոնական գործարկումը չի կատարվել։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ կառույցի շինարարությունը մրցույթով շահած եւ այն իրականացրած «Սուարդի» հավաքակայանը թերություններով է կառուցել, շենքի ջրհորդանները սխալ թեքությամբ են սարքվել, որի հետեւանքով անձրեւաջրերը ոչ թե արտահոսում են շենքի տանիքից, այլ լցվում շենքի հիմքի տակ, նմանապես շենքի ներքին հարդարման աշխատանքները թերացումներով են արվել, հատակի հարթեցումն անորակ է կատարվել, սարքված ջերմոցների ցելոֆաններն արդեն պատռվել են եւ բազում այլ թերացումներ։ Այրումի համայնքապետն ասաց, որ շենքը գործարկելու համար այդ թերությունները պետք է վերացվեն։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժինը հավաքակայանի կառուցման թերություններին չի արձագանքել, սակայն Այրում համայնքի ղեկավարին 50 հազար դրամի չափով տուգանել է առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի հավաքակայանի շինարարությունը թույլատրելու համար։ Այրում խոշոր համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ շինարարարները ներկայումս եկել, փոխանակ շինարարության մեջ իրենց կատարած խատխումների պատճաները վերացնեն, հետեւանքներն են վերացնում. դա առկա խնդիրների լուծում չէ, ոչ էլ հետեւանքների վերացում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ՞
Եթե հարազատի հարսանիքին պետք է մասնակցեք, ապա, առանց պատվաստման սերտիֆիկատի կամ ՊՇՌ թեստի բացասական եզրակացության, չեք կարող: Առաջիկայում Հայաստանի զվարճանքի վայրեր մուտք գործել հնարավոր կլինի միայն ՊՇՌ թեստի բացասական եզրակացության կամ պատվաստման սերտիֆակտի առկայության դեպքում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է զվարճանքի վայրեր մարդկանց թողնել պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման կամ բացասական ՊՇՌ թեստերի առկայության դեպքում։ Ի դեպ, օրեր առաջ պարզ դարձավ, որ հնարավոր է՝ առաջիկայում դադարեցվի չպատվաստված քաղաքացիների բուժման սուբսիդավորումը։ Խոսքը մոտ 800 հազար դրամի մասին է։ Սա, իհարկե, քաղաքացիների կողմից վատ ընդունվեց: Հիմա էլ Առողջապահության նախարարության թիրախում է հայտնվել ռեստորանային բիզնեսը։ Տեղեկացնենք, որ նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով ռեստորանայաին ծառայությունների ոլորտը բավականին շատ տուժեց։ Ոլորտի մասնագետների խոսքերով՝ վնասը հասել է հարյուրավոր միլիոնների:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով, որ այս ընթացքում Հայաստանից հեռացել են բազմաթիվ բարմեններ, խոհարարներ: «Հանրապետությունը լքել է արդեն 100 հազար մարդ, որից 15-20 հազարը մեր ոլորտի աշխատողներ են՝ բարմեններ, մատուցողներ, խոհարարներ, որոնք գնացել են եւ այլ երկրում են աշխատանք, բախտ փնտրել: Գործարարներ են լքում Հայաստանը: Ռուսաստանի օրինակը իրենց համար պետք է պարզ լիներ. այս բնագավառը չի կարող վիրուսի տարածման աղբյուր լինել, հասարակական սննդի ոլորտը ամենամաքուրն է: Ես նախարարին բարեկամական խորհուրդ եմ տվել, ասել եմ՝ գնացե՛ք, հասարակական տրանսպորտում ստուգում իրականացրե՛ք, գնացե՛ք, զբաղվե՛ք ձեր քաղաքական ուժի քաղաքական հավաքներով: Գնացե՛ք օդանավակայան. պետությունը հայտարարել է ստերիլ զոնա, որի ներսում եւ դրսում կատարվում է վակխանալիա, այսինքն՝ ստերիլ զոնայից դուրս մարդիկ իրար գլխի հավաքված են, ներսում իրար գլխի հավաքված են: Բանը ռեստորանատորների բողոքին չի հասնելու, այստեղ ժողովուրդն է պայքարելու, որպեսզի կարողանա նստել»,- ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ Բարսեղյանը:
Ի դեպ, զրույցի ընթացքում տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունը մինչ այս հանդիպել է այս ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման եղել է պարտադիր պատվաստումը. «Այդ պարտադրանքի համար էին կանչել, ասացին՝ ձեր աշխատողները գնան պատվաստվեն: Բայց մենք ասացինք՝ դա իրավաչափ չէ. ինչպե՞ս կարող ենք մարդուն ստիպել գնալ պատվաստվել, բայց դե այս մարդիկ սովոր են օրենքն անտեսել, եթե իրենց ինչ-որ բան պետք է»:
Ս.Հ.