Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Այդ փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչեւ 18, այլ մինչեւ նրանց 19 տարին լրանալը: Հիմնավորման մեջ նշվում է. «Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա՝ ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:
Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող եւ դեռեւս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում՝ պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեեւ սովորում են մինչեւ 18 տարին լրանալը եւ, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ, օրինակ, ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու եւ արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ: Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե՛ ՀՀ-ում, թե՛ օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր եւ հետեւաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչեւ 18, այլ մինչեւ նրանց 19 տարին լրանալը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է անձնագրերում ծննդավայրը նշելուն: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը ՀՀ կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաեւ պետությունը:
Ն. Պ.
ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ՈՒ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ
Կորոնավիրուսի պանդեմիան մի շարք խնդիրներ ստեղծեց ուռուցքաբանության ոլորտում եւ բացասաբար անդրադարձավ պացիենտների առողջության եւ բուժման գործընթացների վրա: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության՝ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը: Մասնագետի խոսքով՝ եթե մինչեւ պանդեմիան դինամիկ հսկողության մեջ գտնվող մի շարք պացիենտներ տարին երկու անգամ գալիս էին հետազոտվելու, ապա լոքդաունի ժամանակ նրանցից շատերը մեկ տարի շարունակ չէին հետազոտվում, ինչի հետեւանքով ոմանց մոտ գրանցվեցին խնդիրներ, որոնցից հնարավոր էր խուսափել ժամանակին ստուգվելու դեպքում: Բացի այդ, եթե քաղցկեղային հիվանդություններով պացիենտները վարակվում են կորոնավիրուսով, նրանք ստիպված են լինում բաց թողնել բուժման կուրսերը, որոնք ուռուցքաբանության ոլորտում պետք է հստակ ժամանակացույցով ստացվեն: Սա, իհարկե, բացասաբար է ազդում բուժման ընթացքի վրա: Ավելին, կորոնավիրուսը, ըստ մասնագետների կարծիքի, կարող է նաեւ նոր խնդիրներ ստեղծել ուռուցքային հիվանդների համար եւ նույնիսկ նպաստել մեթաստազների տարածմանը: «Կորոնավիրուսը ունի տրոպիզմ, այսինքն՝ նյարդային բջիջների վրա է ազդում, նաեւ հեմատոէնցեֆալիկ պատնեշն է թուլացնում: Դրա պատճառով մենք ունեցանք որոշակի հիվանդներ, որոնց մոտ քովիդ տանելուց հետո գրանցվեց գլխուղեղի մեթաստազավորում, ինչը մենք անմիջապես կապեցինք քովիդի հետ», – ասաց մասնագետը: Իսկ կարելի՞ է արդյոք ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց պատվաստվել կորոնավիրուսի պատճառով առաջացող խնդիրները կանխելու համար: Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ ամերիկյան եւ եվրոպական ուռուցքաբանական ասոցիացները կիսվել են հայ մասնագետների հետ իրենց ուղեցույցերով, համաձայն որոնց՝ ուռուցքաբանական հիվանդությունները պատվաստման համար բացարձակ հակացուցում չեն կարող լինել: Ծայրահեղ ծանր, տերմինալ հիվանդներին պատվաստումը ցուցված չէ, բայց մյուսներին խորհուրդ է տրվում պատվաստվել: Մասնագետի խոսքով՝ որոշ դեպքերում ուռուցքային հիվանդություններով պացիենտներին կարող է ցուցված լինել հետաձգել պատվաստումը: Օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստում ստացողներին խորհուրդ է տրվում 3 ամիս սպասել: Նույնը վերաբերվում է մեծ, ծանր վիրահատություններին նախապատրաստվողներին, ինչպես նաեւ ցելյուլար (բջջային) թերապիա ստացող հեմատոլոգիական հիվանդներին: Նման պացիենտների բուժող բժիշկները պետք է որոշեն, թե կոնկրետ երբ նրանք պիտի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Ինչ վերաբերվում է ուռուցքաբանական այլ հիվանդներին, նրանց, մասնագետի խոսքով, պատվաստվելը թույլատրվում է եւ նույնիսկ ցուցված է՝ կորոնավիրուսային վարակից եւ դրա պատճառով առաջացող բարդություններից խուսափելու համար: Պատվաստվել կարող են նույնիսկ քիմիաթերապիա, հորմոնոթերապիա եւ թիրախային բուժում ստացող պացիենտները:
ԲԱՐԵԼԱՎԵԼ Է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ի ՀԵՌԱՆԿԱՐԸ
S&P գործակալությունը բարելավել է «Ամերիաբանկ»-ի հեռանկարը` սահմանելով այն «դրական»: S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է «Ամերիաբանկ»-ի հեռանկարը` սահմանելով այն «դրական»՝ նախկին «կայունի» փոխարեն, եւ վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշը: «Ամերիաբանկ»-ին տրված այս վարկանիշը եւս մեկ անգամ վկայում է բանկի կայունության, ճանաչելիության, գործընկերների եւ հաճախորդների շրջանում ունեցած վստահության եւ պրոֆեսիոնալ կորպորատիվ կառավարման մասին: «Ամերիաբանկ»-ի վարկանիշի վերանայմանը նախորդել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերանայումը. S&P գործակալությունը Հայաստանին շնորհել է «B+» երկարաժամկետ սուվերեն վարկանիշը` դրական հեռանկարով: Սա վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությանը շնորհած առաջին սուվերեն վարկանիշն է:
«Ամերիաբանկ»-ի սեփական վարկարժանության (SACP) «bb-» ցուցանիշը մեկ քայլով բարձր է երկարաժամկետ «B+» վարկանիշից, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկունակությամբ: «Ամերիաբանկ»-ի հեռանկարի վերանայումը «կայունից» «դրականի» պայմանավորված է 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսության զգալի կայունացմամբ: S&P-ն բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճի տեմպի կանխատեսումը. 2021թ. համար կանխատեսվող աճը կազմում է 6.3%, իսկ 2022-2023թթ.` միջինում 4.3%: S&P-ի կարծիքով՝ Հայաստանում մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային միջավայրի կայունացումը պետք է նվազեցնի Հայաստանի բանկային համակարգում առկա ռիսկերը եւ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի «Ամերիաբանկ»-ի գործունեության եւ ֆինանսական դիրքի համար` նպաստելով նոր բիզնես ուղղությունների ընդլայնմանը եւ ակտիվների որակի բարելավմանը:
S&P վարկանիշային գործակալության գնահատականի համաձայն՝ «Ամերիաբանկ»-ը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` մակրոտնտեսական աճի հեռանկարների, տեղական շուկայում բանկի ճանաչելիության, պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմի, թվայնացման համապարփակ ռազմավարության եւ պատշաճ կորպորատիվ կառավարման շնորհիվ:
1589 ՆՈՐ ԴԵՊՔ
Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 666 դեպք, որոնցից 251 330-ը` առողջացած, 5675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք: