«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը օրենքի խախտումով սահմանված ժամկետում չի պատասխանել իմ գրությանը. սա խորքային պատճառներ է առաջ բերում»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սահմանային այն հատվածը, որտեղ ես փորձում եմ որոշակի դիտորդություն իրականացնել, այն հատվածն է, որը մայիսի 12-ից հետո ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթվել է. խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է։ Այս հատվածները բարձրադիր հատվածներ են, եւ այստեղ ձմեռային սեզոնը սկսված է։ Ինձ համար կարեւոր է հասկանալ, թե այդ հատվածներում ինչպիսի պաշտպանական համակարգեր են ստեղծված, արդյոք ԶՈՒ-ն հնարավորություն ունի իրականացնելու ինչպես էֆեկտիվ մարտական հերթապահություն, այնպես էլ պաշտպանական գործողություններ։ Փաստացի մայիս ամսին թույլատրվել է ադրբեջանցիների ներխուժում ՀՀ տարածք, եւ մինչեւ այժմ ռազմաքաղաքական ղեկավարությունից որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել»,- նշել է պատգամավորը։ Աբրահամյանի խոսքով` հավանական է, որ կար այդ տարածքները հանձնելու պայմանավորվածություն։
«Ադրբեջանցիները ոչ միայն հայելային կերպով հետ չեն քաշվում, այլ ավելի են ամրանում։ Տարբեր աղբյուրներից ինձ տեղեկություններ են հասնում։ Ես խոսում եմ իմ տիրապետած տեղեկությունների 5%-ի ծավալով, անվտանգության եւ տեսանկյունից նպատակահարմար չեմ համարում հրապարակել, բայց հույս ունեմ, որ իշխանությունները իմ պարկեշտությունից չեն օգտվի եւ իրենց այսպես լկտի ձեւով չեն պահի։ Փորձում եմ հույս պահել, որ ԳՇ պետի պատասխանը ինձ չի հասել տեխնիկական պատճառներով»,- ասել է Աբրահամյանը։
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետի այն հայտարարությանը, որ սահմանին ամրաշինական աշխատանքներ են տարվել, եւ հիմնական խնդիրները լուծվել են, Աբրահամյանը նշել է. «Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ ամրաշինական աշխատանքների հետ կապված տեղեկություններ հաղորդի։ Այդ հարցի հասցեատերը ՊՆ-ն է եւ ԳՇ-ն։ Այն գնահատականները եւ տեղեկությունները, որ ես եմ տիրապետում, շատ հեռու են այն գնահատականներից, որ տվել է Գեղարքունիքի մարզպետը»։
Պատգամավորը նշել է, որ մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումը ցույց տվեց, որ Սյունիքում եւ Գեղարքունիքում պատշաճ աշխատանքներ իրականացված չեն, ինչը մեծ նվեր էր Ադրբեջանի համար. «Եթե անվտանգության հետ կապված հարցերին իշխանությունը վերաբերում է այս ձեւով, ապա ադրբեջանական կամ թուրքական ագրեսիայի պարագայում շատ շուտ ՀՀ բնակավայրերը կվերածվեն սահմանամերձի։ Մենք կորցնում ենք մեր ռեգիոնում կենսունակ երկիր դառնալու եւ վերականգնվելու հնարավորությունը»։
Խոսելով երեկ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Առուշ Առուշանյանի հաղթանակի մասին՝ Աբրահամյանը նշել է. «Սա Գորիսի մեր հայրենակիցների պատասխանն էր այս իշխանությունների իրականացրած անվտանգային քաղաքականությունը։ Գորիսի եւ հարակից շրջանների բնակչությունը իրենց վրա են զգում ադրբեջանցիների լկտիությունների եւ ագրեսիայի հետեւանքները»։
Ինչ վերաբերում է Արցախում վերջին օրերին նկատված սահմանային լարվածությանը եւ իշխանությունների ստանձնած պարտավորությանը, Աբրահամյանը ասել է. «Իշխանությունը ասում է՝ Արցախի հետ կապված հարցերով մեզ մի՛ դիմեք։ Նրանք լվացել են իրենց ձեռքերը եւ որեւէ պատասխանատվություն, բացի հումանիտար բնույթի հարցերից, իրենց վրա չեն զգում։ Ռուսական խաղաղապահ զորախումբը, բնականաբար, ունի պաշտպանական գործառույթ, բայց դրան զուգահեռ կա ՊԲ, որի արդիականացումը այսօր հրատապ է, մարտունակության բարձրացման հետ կապված հարցերը առաջնային են»,- ասել է Աբրահամյանը։
Ն. Պ.
ԻՆՉՈ՞Ւ ՉՆԱԽԱՁԵՌՆԵՑ
Վանո Սիրադեղյանի մահվանից օրեր անց հասարակության՝ տարիներ ի վեր բարձրաձայնած հարցերը շարունակում են նույնը մնալ: Որտե՞ղ է ու ե՞րբ է հայրենիք վերադառնալու Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական, հասարակական ու գրական նշանակալի դեմքերից մեկը՝ Վանոն: Ծնունդով տավուշեցի Սիրադեղյանը միջնակարգ կրթությունը հարազատ Կոթիում էր ստացել, բանասերի մասնագիտությունը Երեւանի պետական համալսարանում է ձեռք բերել ու թղթակցել մի շարք պարբերականների: 1988 թվականին անդամակցել է այն ժամանակ նորաստեղծ «Հայոց համազգային շարժմանը»:
Անտառտնտեսության վարչության պետ, Գերագույն խորհրդի պատգամավոր, հանրապետության նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական ու ներքին գործերի նախարար աշխատելուց հետո 1997-98 Երեւանի քաղաքապետ է դարձել:
1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից եւ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, կաշառակերություն, նա 1999 թվականի մայիսին ձերբակալվում է, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվում կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարում է Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա փախուստի է դիմում եւ մինչ այժմ հետախուզման մեջ էր գտնվում:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ու իշխանափոխության օրերին հենց լրագրողները հետաքրքրվում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ հնարավոր է արդյոք Սիրադեղյանը Հայաստան վերադառնա: Փաշինյանը, սակայն, կոնկրետ պատասխան չէր տալիս։ «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, որ Վանո Սիրադեղյանի մտերիմ անձանցից է համարվում, այն համոզմանն է, որ Սիրադեղյանը Հայաստանում լիներ, ապա հատկապես նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր մնա։ Նախկին պատգամավոր, ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանն ուղիղ 2 տարի առաջ էր ասում՝ վարչապետի հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու մասով գործընթաց պետք է սկսի։ Փաշինյանի իշխանության ժամանակ Վանո Սիրադեղյանը ոչ միայն չվերադարձավ Հայաստան, այլ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը չկարճվեց, միջազգային հետախուզումն էլ չդադարեցվեց:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԱԱԾ-Ն ԵՐԵՔ ԱՆՁ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ
«Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի՝ սերտիֆիկատների քրեական գործով կա երեք կալանավորված: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով մի շարք անձինք են ձերբակալվել, բայց ներկա պահին կա կալանավորված երեք անձ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձեւակերպված եւ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով, փոխարենը` կազմել եւ հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Նշված ապօրինի գործողությունների հետեւանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման եւ առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված եւ համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները: Ընդ որում, պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ