Թագուհի Թովմասյանը` պատգամավորական ծախսի համար տրվող գումարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:

-Տիկի՛ն Թովմասյան, պատգամավորին տրվող 250.000-ական գումարը, որը ընդունված է ասել գրպանի գումար կամ պատգամավորական ծախսի գումար, ստացե՞լ եք, ինչպես եք տնօրինել այդ գումարը: 

Ես՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանս, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել եմ ԱԺ պատգամավոր եւ իմ գործունեության ողջ ընթացքում ամեն եռամսյակը մեկ անգամ ներկայացնորել եմ պատգամավորական գործունեության հրապարակային հաշվետվություն: Ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել այդ հաշվետվություններում, որոնց տեքստային եւ վիդեո տարբերակները առկա են համացանցում:

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել ձեզ, որ 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԺ-ի կողմից որպես ներկայացուցչական ծախս ստացել եմ 170.000 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է սեպտեմբեր ամսվա իմ գործունեությանը, ապա տեղեկացնում եմ հրապարակելու թույլատրելիություն ունեցող դրվագները.

1. Սեպտեմբերի 1-ին ահազանգ եմ ստացել, որ ադրբեջանցիներն այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայքների մոտ գտնվող խոտածածկույթները։ Այցելել եմ սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել եմ խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով:
2. Խորհրդարանում հանդիպել եմ Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, որից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհարժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
3. Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել եմ կալանքի տակ գտնվող մեր գործընկերներ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին:
4. Հաջորդ օրն այցելել եմ Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու էնդոկրինոլոգիական բաժանմունքում բուժում ստացող ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին, որի առողջության մասով առկա բոլոր անհանգստությունները նաեւ հրապարակային եմ բարձրաձայնել:
5. Ազգային ժողովում նախաձեռնել եմ հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաեւ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, որի ընթացքում քննարկել ենք ՀՀ եւ Արցախի բնակչության իրավունքներին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

6. Խորհրդարանում հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ Հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:
7. Սեպտեմբերի 11-12-ին կրկին այցելել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան։ Հանդիպում եմ ունեցել տեղի բնակիչների հետ, քննարկել ենք փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները։ Բանն այն է, որ ՀՀ Կառավարությունը մինչ օրս չի փոխհատուցել ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների, ինչպես նաեւ այրված խոտհարքերի համար: Հետեւողականորեն գրավոր եւ բանավոր կերպով բարձրաձայնում եմ այս հարցը:
8. Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել եմ Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկեցինք պարտադիր պատվաստմանը, քրեակատարողական հիմնարկներում եւ փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող հրատապ խնդիրներ:
9. Սեպտեմբերի 17-ին այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, մի խումբ դատապարտյալների անձնական ընդունելություն ստանալու խնդրանքով։
10. Սույն թվականի սեպտեմբերի 18-19-ին (շաբաթ-կիրակի օրերին) այցելել եմ Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Մարզային այսպիսի հանդիպումները պարբերական բնույթ են կրում:
11. Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով աշխատանքային քննարկում եմ կազմակերպել ՀՀ ԱԺ-ում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանը, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սուրեն Գրիգորյանը եւ այլ ներկայացուցիչներ:

12. Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել եմ հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Սփյուռքի հարցերով) Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկվել են հայրենադարձության, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով անտուն մնացած քաղաքացիների հրատապ խնդիրները:

Սեպտեմբերի 24-25-ին (ուրբաթ-շաբաթ օրերին) այցելել եմ Արմավիրի և Արարատի մարզեր, հանդիպում ունեցել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել նրաց կողմից բարձաձայնված խաղողի մթերման մասին խնդիրները: Անմիջապես զբաղվելով նրանց խնդիրներով՝ օրեր անց ստացել եմ նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը՝ համաձայն որի խաղողի ամբողջ քանակությունը կմթերվի։
14. Սեպտեմբերի 26-ին կրկին եղել եմ Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ եմ ստացել այն մասին, որ հրդեհում են մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերը:
15. Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել եմ Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկեցինք համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:
16. Սեպտեմբերի 29-ին իմ նախաձեռնությամբ ՀՀ-ում Արցախի Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացրի «Արցախցիների իրավունքների, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Մի շարք հարցերի առնչությամբ արդեն իսկ արվում են աշխատանքներ՝ լուծման ուղիներ գտնելու համար:

Այս ընթացքում տվել եմ տասնյակից ավելի հարցազրույցներ ամենատարբեր լրատվամիջոցներին, աշխատում եմ մի քանի օրենսդրական նախաձեռնության վրա: Այս պահին շրջանառության մեջ է դրված իմ կողմից հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ու շատ ավելին:

Սևակ Վարդումյան




Լրահոս