«ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ՝ ԿՈՆՅՈՒԿՏՈՒՐՇՉԻԿՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ վերջին բանաձեւը թեեւ նախնական տարբերակից տարբերվում է, այնուամենայնիվ, ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը: -Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ վերջին բանաձեւը, նրա նախնական տարբերակը լուրջ դժգոհություն բարձրացրեց մեզանում: -ԵԽԽՎ-ն, որի հիմնական առանցքն է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, դադարել է այդ ֆունկցիաները կատարելուց, վերածվել է կոնյուկտուրշչիկների ակումբի: Սկզբում նրանք իրականությանը մոտ գնահատականներ էին տալիս, բայց հետո տարին տարվա վրա ԵԽԽՎ-ն` որպես միջազգային կառույց, կորցնում է իր լրջությունը, իրական գնահատականներ տալու ունակությունը: Որոշակի փոփոխություններ, իհարկե, եղել են բանաձեւի նախնական ու ընդունված տարբերակների մեջ: Իմ կարծիքով՝ շնորհիվ Հայ ազգային կոնգրեսի: Կոնգրեսը խիստ հայտարարություն արեց՝ դատապարտելով բանաձեւը: Պիտի ասեմ, որ այդ ամենը լուրջ ազդեցություն ունեցավ: Նախագծում գրել էին, թե փակված են համարում մարտի 1-ի էջը: Հետո, սակայն, տեքստը ստիպված եղան փոխել ու հիմա գրել են` այդ էջը կարելի է փակված համարել ԽՎ համար, բայց պետք է շարունակվի ԵԽ մոնիթորինգը՝ 10 սպանությունների բացահայտման գործում՝ մշտապես: Երկրորդ. կասկածի տակ էին դրել ընդդիմության պահանջը՝ արտահերթի անցկացման մասին, ու նշել «հերթական ընտրություններ» բառակապակցությունը: Մեր հայտարարության մեջ նշեցինք, որ դա  միջամտություն է ՀՀ ներքին գործերին: Հիմա «հերթական» բառը հանված է ու գրված է՝ «ընտրություններ» ընդհանուր ձեւակերպումը: Իսկ որ ՀՀ-ում արտահերթ ընտրություններ են լինելու, մենք չենք կասկածում: Երրորդ. կարեւոր փոփոխություն է, որ ընդառաջել են ՀՀ-ում տեղի ունենալիք ընտրություններին դիտորդական մեծ առաքելություն ուղարկելու պահանջին: ԵԽԽՎ-ն տեսավ, որ չի կարող աչք փակել ամեն ինչի հանդեպ ու ստիպված եղավ վերանայել մոտեցումները:-Ձեր կարծիքով, ո՞րն էր նման պահվածքի պատճառը, չէի՞ն կարող ի սկզբանե նորմալ նախագիծ ներկայացնել:-Պատճառը եվրոպական միջազգային կոնյուկտուրան է, ԵԽԽՎ-ն փորձում է տեղավորվել այդ կոնյուկտուրայի մեջ: Նրանք խնդիր են դրել՝ ՀՀ իշխանությունները պետք է լինեն ոչ լեգիտիմ, որպեսզի կարողանան ստիպել հայ-թուրքական ու ԼՂ հիմնահարցերում: Բայց ԵԽԽՎ-ն մոռացել է, որ չպիտի մտնի այդ հարցերի մեջ: Իրենք սկսել են երկակի ստանդարտներով աշխատել: Բայց դրանից նրանք հեղինակազրկվում են, որովհետեւ բացարձակ ադեկվատ չեն իրականությանը: Գոնե Հարավային Կովկասի, հետխորհրդային երկրների նկատմամբ այդպես են պահում իրենց:  ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս