«ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի առնչությամբ: «Բանակցությունը գազի գնի շուրջ մշտապես տեղի ունեցող գործընթաց է: Մենք   պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին եւ Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին խորությամբ են ուսումնասիրվել, եւ մի շարք հարցերի շուրջ մենք եկել ենք կոնսենսուսի»,- Գրիգորյանի խոսքը մեջբերել է «ՏԱՍՍ» գործակալությունը: Գրիգորյանը նշել է գլխավոր խնդիրներից մեկը, որի շուրջ կողմերը դեռ չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել: «Այդ իրավիճակը կապված է «Հրազդան» ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հետ, որը պատկանում է «Գազպրոմին» եւ ներկայում չի գործում: Մենք ցանկանում ենք, որ հինգերորդ էներգաբլոկը դառնա երկրի էներգետիկ համակարգի մի մասը, սակայն «Գազպրոմի» հետ պայմանագրի համաձայն՝ ընկերության բոլոր ներդրումները պետք է ունենան 9 տոկոսի եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն այն չի երաշխավորում եկամտաբերությունը: Դրանում է խնդիրը, այդ իսկ պատճառով այն դեռ օրակարգում է»,- հավելել է փոխվարչապետը:

 

«Գազպրոմը» Հայաստան գազի միակ մատակարարն է: 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորոնարդ մետրի համար:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին: Մ.  Գրիգորյանն ընդգծել է. «Որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան եւ, ընդորում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրի համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը ինչ-որ փաստաթղթի»: Նրա խոսքով՝ դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետեւ քարտեզը ընդամենը սխեմա է: «Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք, եւ այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքում ենք եւ վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին՝ դրանց հիմա վրա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,- ասել է Գրիգորյանը: Միեւնույն ժամանակ փոխվարչապետն ընդգծել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են: «Առանձին վերցրած գործընթացները որոշակի իրականացման տրամաբանություն կարող են ունենալ, բայց ընդհանուր մթնոլորտը պետք է լինի շատ ավելի լավը»,- ասել է փոխվարչապետը՝  նկատի ունենալով 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժումը ՀՀ տարածք, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: Մհեր Գրիգորյանն այս մասին ասել է Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասել է, որ որոշակի պատկերացումներ ձեւավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ եւ որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների եւ ուղիների հետ կապված հարցեր»,- նշել է Գրիգորյանը:

Հարցին, թե որոնք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են. դա ապաշրջափակումն է:

Ն. Պ.

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՆԳՆԵՑՎԵՑ

ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 19-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին: Ըստ Պուտինի՝ հրադարարի առաջարկն ընդունելու դեպքում Շուշին հայկական վերահսկողության տակ էր մնալու, չնայած որ այնտեղ կարող էին ադրբեջանցի փախստականներ վերադառնալ: Առաջարկը, սակայն, Պուտինի բնորոշմամբ, «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժել էին: Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ իր եւ ռուս գործընկերոջ միջեւ տեղի ունցած հեռախոսազրույցին: Նման առաջարկ իսկապես եղել է, հաստատել էր նա: Հոկտեմբերի 19-ի մասին վերջերս նաեւ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսեց՝ հիշելով, թե արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն իրենց ինչ է փոխանցել: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այն տեսակետին է, որ առնվազն հոկտեմբերի 19-ից հետո արձանագրված մարդկային եւ տարածքային կորուստների մեղավորն ու պատասխանատուն կոնկրետ մեկ անձ է: Թե ինչու է հոկտեմբերի 19-ին Փաշինյանը հրաժարվել հրադադարի գնալ թե՛ մարդկային, թե՛ տարածքային ավելի քիչ կորուստներով, ինչն էր նրան հետ պահում համաձայնել ՌԴ նախագահի առաջարկի հետ, հարցեր են, որոնց պատասխանը, ցավոք, մինչ այս պահը չի հնչել:

 

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

Վահագն Վերմիշյանի գրավի չափը բարձրացվել է: Պաշտպանական կողմը նախկինում դատարան է ներկայացրել 5 միլիոն գրավի դիմաց նրան ազատ  արձակելու հարցով, սակայն դատարանը մերժել է, ավելի ուշ ներկայացվել է 10 միլիոն դրամ, 15 միլիոն դրամ, որը եւս դատարանը մերժել է, եւ հիմա պաշտպանական կողմը ՀՀ վերաքննիչ դատարան է ներկայացրել 17 միլիոն դրամ, որպեսզի նա  գրավի դիմաց կալանքից ազատվի: Իսկ թե այս անգամ ինչ է սպասվում նրան,  դեռեւս պարզ չէ: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ներկայացրեց, թե դատարանում ինչ փուլ են թեւակոխել: Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ն փաստացի իր մտերիմ Ջ.Ֆ.-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների եւ սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու եւ Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չբխելու հանգամանքը: Ապա Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ.-ից ստանալով խոշոր չափի՝ 952 հազար դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ԾՐԱԳԻՐ

Ռուսաստանը եւ Հայաստանը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։ Այս մասին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: «Հայաստանի համար դրական ազդեցությունը ինտեգրումից (ԵԱՏՄ-խմբ.), ոչ սակագնային խոչընդոտների վերացման արդյունքում, համագործակցության ամրապնդումը եւ աշխատանքի բաշխման համակարգում մեր երկրների մասնակցության արդյունավետության բարձրացումը կազմել են ՀՆԱ-ի ավելի քան 1,5%-ը»,- հավելել է նախարարը: Անդրադառնալով միջտարածաշրջանային համագործակցությանը` նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա համագործակցության 19 պայմանագիր, ինչը ամուր հիմք է փոխգործակցության կառուցման համար: Ռեշետնիկովի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։ «Վերջերս համագործակցություն է հաստատվել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի եւ Հայաստանի Արմավիրի մարզի միջեւ»,-ընդգծել է նա:

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՄԵՐԺԵԼ Է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին ասել է փաստաբան Արմեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը եւ Դավիթ Գալստյանը կալանքի տակ են։

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

ԿԱՐԳԸ

ՀՌՀ-ն սահմանել է ոչ գծային հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեղեկատվության հեռարձակում իրականացնելու թուլտվություն ստանալու կարգը: «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 53-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշում է՝ սահմանել ոչ գծային հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու կարգը` համաձայն N 1 հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին այն ոչ գծային հեռարձակողները, որոնք իրականացնում են առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն, թույլատրող որոշում ստանալու համար հայտերը ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

 

 




Լրահոս