ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԿԱՇԱՌՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն եւ ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երեւան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի եւ փոխտնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաեւ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել եւ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երեւան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել եւ բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում:

 

Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել եւ ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ՝ 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, նրանց կաշառք տված անձանցից 3-ը, որոնց՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նույն օրը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական իրադրությունից բխող անհրաժեշտ դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարունակվում են:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, ձեռնպահ մնալ պետության տնտեսական հիմքերի կայունությանը սպառնացող կոռուպցիոն տարաբնույթ դրսեւորումների մեջ ներգրավվելուց եւ զգուշացնում, որ այդպիսիք արժանանալու են կոշտ հակազդեցության:

Ն. Պ.

 

 

ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին վերջերս ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Նրա ընտանիքը երկարաժամկետ վարձակալությամբ տիրում է դենդրոպարկի տարածքի մի մասին։ Մ. Սայադյանը պնդում է, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է դենդրոպարկի այդ հատվածը  վերցնել իրենց  ընտանիքից։ Մ. Սայադյանն ասաց, որ 2018թ. մայիսին Իջեւանի քաղաքապետարանը Իջեւանի գինու գործարանին է տրամադրել Աղստեւ գետի հունից մի հատված՝  փոփոխելով գլխավոր հատակագիծը։ Նույն թվականի հունիսին Մ. Սայադյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծավալուն նամակով, որտեղ կատարել է վերլուծություններ, հիմնավորումներ եւ առաջարկություններ անտառային համակարգի, ջրային ավազանի եւ, մասնավորապես, գետերի կարգավիճակի ու կառավարման վերաբերյալ։

2020թ. օգոստոսին դենդրոպարկի դիմաց՝ Աղստեւ գետի ձախ ափին, Իջեւանի գինու, կոնյակի կոմբինատը բետոնե մեծ ամրություններ է կառուցել, որոնք նեղացրել են գետի հունը, սպառնալիք  է առաջացել, որ  հեղեղումների ժամանակ գետը կարող է պոկել-տանել  դենդրոպարկի տարածքի վերին մասերը։ Մինչեւ քանդելը գետի հոսքն ու դենդրոպարկ մտնող առուն եղել են նույն մակարդակի վրա։ Դենդրոպարկը  ոռոգելու նպատակով ջուր վերցնելու համար բնապահպանական տեսչական մարմինը դենդոպարկի տնօրինությանը տուգանել է 450 հազար դրամի չափով, իսկ գինու գործարանին ահռելի ժայռ վերացնելու (1870խմ) համար տուգանել է  216 հազար դրամի չափով՝ չարձանագրելով գործարանի կառուցած  200 մետրանոց պատը եւ 700 մետր խորացված եւ այդ գրունտով նեղացված հունը։ Եվ այդ ստուգումը հիմք ընդունելով՝ վստահությունը կորցնելու հիմքով, «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ի տնօրինությանը Մ. Սայադյանին ազատել է աշխատանքից, անմիջապես հաշվարկել եւ նրա բանկային  քարտին ուղարկել  վերջնահաշվարկի գումարը՝  ցուցաբերելով  անգործություն, դենդրոպարկին պատճառված վնասներն անտեսելով, վնաս տվողներին պատասխանատվության չկանչելով ու իրավապահ մարմինների չդիմելով։ Մ. Սայադյանը հայտնում է, որ 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դենդրոպարկ է այցելել, հարցրել է, թե ինչ կա գինու գործարանի հետ։ Մ. Սայադյանը ցույց է տվել գինու գործարանի կատարած շինարարությունը եւ ավերածությունները։ Ն. Փաշինյանը հարցրել է, թե ինչքանով է ճիշտ պետական դենդրոպարկը վարձակալությամբ տալը կամ՝ վերցնելը։ Մ. Սայադյանը հարցնում է, թե ինչ նպատակով է նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր հոր հետ այցելել Իջեւանի գինու գործարան, նա դենդրոպարկի հետ կապված ձիաբուծարանի կամ ձիարշավարանի ինչ պլաններ ունի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՊՐՈՒՍՏԻ

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից մեծամասամբ տուժում են արդեն սահմանամերձ համարվող համայնքների բնակիչները: Նրանցից են Մարտիրոսյանների ընտանիքը, որոնք ապրել են Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում, սակայն պատերազմից  հետո վաճառել են իրենց ունեցվածքը եւ մնացել անհույս վիճակում: Ադրբեջանական կողմի գործողություններից այդ համայնքում շատ ընտանիքներ են տուժել, գողացել են նրանց անասունները, եւ մարդիկ մնացել են առանց ապրուստի միջոցի, ինչպես եւ այս ընտանիքը:

 

Այս տարածաշրջանի գյուղերում հիմնական եկամուտն ու գործը անասնապահությունն է: Մարդիկ փակուղու առջեւ են. ադրբեջանցիները նստել են Սոթքի, Կութի, Նորաբակի խոտհարքներում: Հիմա ո՛չ անասուն պահելն է ձեռնտու, ո՛չ էլ վաճառելը:

Ադրբեջանական զինծառայողների` Գեղարքունիքում գցած հրդեհների հետeuանքով օգոստոսի 29-ից մինչ օրս այրվել է`

l Կութում՝ 150 հա արոտավայր եւ 60 հա խոտհարք,

l Ազատում՝ 20 հա արոտավայր եւ 10 հա խոտհարք,

l Սոթքում՝ 80 հա արոտավայր եւ 70 հա խոտհարք,

l Նորաբակում՝ 20 հա արոտավայր եւ 10 հա խոտհարք:

Մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված են եղել նաեւ ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ: Կութի գյուղում դեռ չեն կարողանում հետ բերել 5 ընտանիքի եկամտի միակ աղբյուրը: Խոսքը հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից առեւանգված 81 կովերի մասին է: Պարզվում է՝ անասուններին հետ բերելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Համենայնդեպս, կառավարությունից այս խնդրի շուրջ ծպտուն չեն հանում: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ի պարզ հաշվարկով, օրինակ՝ կութեցիները կորցրել են 32 մլն 400 հազար դրամի խոշոր եղջերավոր կենդանի, իսկ եթե հաշվարկենք այն, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ օրում մեկ կովից ստանում էր 3000 դրամի եկամուտ, կորուստները զգալի չափերի են հասնում. այն գերազանցում է 3 մլն դրամը:

Ն.Հ.




Լրահոս