«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը այն տեսակետին չէ, թե կուսակցության վարչությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ամբողջ ներուժով ընտրական գործընթացին չէր մասնակցում: Ըստ նրա՝ ամեն մեկն իր տեղում էր, իսկ ընտրության արդյունքներն այն բանի ցուցիչն էին, որ Հայաստանում ընտրությունները որակապես դրական աճ են արձանագրել, ու ՏԻՄ-երում կարող են նաեւ ոչ իշխանական թեկնածուները հաջողություն գրանցել:
-Պարո՛ն Աղազարյան, ՔՊ-ն տարբեր համայնքներում մասնակցում է ՏԻՄ ընտրությունների, երկու խոշոր համայնքներում հաղթանակ չի տարել՝ Գյումրիում եւ Գորիսում: Ձեր գնահատականն ինչպիսի՞նն է: Որտե՞ղ է թերացել կուսակցությունը:
-Ձեզ հետ համաձայն չեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ չի տարել, որովհետեւ մի անգամ ասել եմ, որ մեր պատկերացումները հաղթանակի մասին մի քիչ մակերեսային են: Գյումրիում եւ Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվել են, բայց ՔՊ-ն՝ ինքը, հաղթանակ է տոնել, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջնորդվում է նոր արժեհամակարգով, նոր մշակույթ է մտցնում մեր հայ իրականության մեջ, որտեղ հնարավոր է, որ մեր թեկնածուն հաղթանակ չտանի, այլ հաղթի այս կամ այլ ուժի թեկնածուն: Ոչ մի սարսափելի բան չկա: Սա կարելի է համարել մեր հաղթանակը՝ հասարակության կայացման իմաստներով:
-Նախկինում էլ էին լինում, Հանրապետականի ժամանակ էլ ձեր կուսակիցն էր հաղթում: Ի՞նչ կասեք:
-Մեր կուսակիցը հաղթել է մի դեպքում, որտեղ ես ունեցել եմ ակտիվ մասնակցություն: Նման դեպք է եղել, ես չեմ բացառում: Դա միակ դեպքն է եղել: Մեր թեկնածուի շնորհիվ մենք այդ համայնքում հաղթանակ տարանք: Ուրիշ խնդիր էլ կա. եթե մենք հանրագումարի բերենք թվաբանական պատկերը, ապա այդտեղ մենք էլի առաջինն ենք ձայների ընդհանուր թվով: Այսինքն՝ Գորիսում մենք պարտվել ենք մեկ ուժի խմբավորմամբ, Գյումրիում պարտվել ենք մեկ այլ ուժի, Մեղրիում պարտվել են «Հանրապետություն» կուսակցությանը: Եթե գումարենք, մենք բոլորից առաջ ենք ձայների հավաքած թվով:
-Ինչքան էլ ասեք, որ սա նոր մոտեցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, ամեն դեպքում, իշխող քաղաքական ուժը շահագրգիռ է յուրաքանչյուր համայնքում ունենալ իր համայնքապետին: Ո՞րն է կուսակցության բացթողումը, որ այդ հաղթանակը ձերը չի եղել:
-ՏԻՄ ընտրությունները էապես տարբերվում են համապետական ընտրություններից իրենց ներքին հարցերով: Ինչ խոսք, այն անհաջողությունները, որոնք գրանցվեցին, մեր պարագայում պետք է հետեւություններ անենք: Մենք պետք է ձգտենք հաղթենք ավելի շատ համայնքներում, որպեսզի ծրագրային դրույթները կյանքի կոչելու ճանապարհին ավելի հեշտ առաջ գնանք: Հետեւաբար, մենք պետք է հաշվի առնենք, թե որտեղ ենք սխալվել: Սխալները, բնականաբար, կայանում են անձերի ընտրության հարցում:
-Սխալ մարդկա՞նց է առաջադրել կուսակցությունը:
-Այս բառը հարմար չի հնչում, այլ անձերի ընտրությունը շատ կարեւոր է համայնքային տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ, թե ով է, ինչ հեղինակություն ունի:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ, ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Երեկ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել անհետ կորածների, գերիների ծնողներն ու հարազատները՝ կրկին հույսով, որ գործադիրից ինչ-որ տեղեկություն կհայտնեն իրեն։ Ծնողներին ու հարազատներին վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը դիմավորեց ու որոշ ժամանակ անց ուղեկցեց կառավարության շենք։
Շուրջ երկու ժամ անց ծնողներն ու հարազատները դուրս եկան՝ չմանրամասնելով, թե ում հետ են հանդիպել, իրենց կառավարությունից ինչ են ասել։ Մտահոգված են՝ հրապարակային խոսքը կարող է վնաս հացնել իրենց երեխաներին։ «Մենք ոչ մի բան էլ չենք կարող ասել ձեզ։ Նախընտրում ենք լռել»,-ասել է հանդիպման մասնակիցներից մեկը։
«Բանակցություններ են գնում։ Եթե մենք ավել բան ասենք, կարող է էրեխեքին նեղեն»,- հավելել է մյուսը։
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանն էլ մանարամասներ չներկայացրեց հանդիպումից. «Ես նմանատիպ հարցերի էկեք չպատասխանեմ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ լրագրողների հետ շփման ժամանակ բազմաթիվ խոսքերից կառչում են… Չեմ ասում լրատվամիջոցները, այն մարդիկ, ովքեր որոշակի շահ են հետապնդում»։
Երեկ 5 գերի վերադարձվեց Հայաստան, սակայն դրա մասին հայաստանյան պաշտոնական աղբյուրները նախապես չէին հայտնել։ Արդյոք գերիների վերադարձի գործըթնացքում կառավարությունը ներգրավվա՞ծ է, ո՞վ է այդ հարցերով զբաղվում։ Վարչապետի օգնականից այս հարցերի պատասխանը չկարողացանք ստանալ։
Գագիկ Իսախանյանը հայտարարել է միայն, որ այդ հարցով միջգերատեսչական հանձնաժողովն է զբաղվում. «Գործում է միջգերատեսչական հանձնաժողով, եւ բոլոր համապատասխան կառույցները եւ ղեկավարները զբաղվում են։ Էդքանը կարող եմ ձեզ ասել»։ Նախօրեին, սակայն, հայաստանցի պաշտոնյաներ չկային գերիներին դիմավորողների թվում։ Նրանց դիմավորեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը եւ ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ անհայտ է 224 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ այս պահը Ադրբեջանը 114 գերի է վերադարձել։
Ն. Պ.
ՀԱԶԱՐ ԽՈՇՈՐՆԵՐԸ
Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը, այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, գրեթե փոփոխություն չի կրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հազար խոշորների ցանկի առաջատարն է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որին հաջորդում է հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկի երրորդ հորիզոնականում եւ պետական բյուջե մուտքագրել է 34 մլրդ 194 մլն 185 հազար դրամ գումար: Պետական կառույցին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն: Ընկերության հարկային վճարումները կազմել են 24 մլրդ 774 մլն 246 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւս տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Այս գերատեսչության հարկային վճարումները, 2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով, կազմել են 3 մլրդ 383 մլն 134 հազար դրամ: ՊԵԿ-ը հազար խոշոր հարկատուների ցանկի 39-րդ տեղում է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը վերջերս առաջարկել էր ՀՀ կառավարությանը 1000 խոշոր հարկատուների ցանկից հանել պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները։ Ըստ ՊԵԿ-ի՝ այս կառույցներն իրականում ոչ թե բյուջետային մուտքեր են ապահովում, այլ բյուջեից ստացած ֆինանսավորման մի մասը՝ հարկերի տեսքով, նորից վերադարձնում են բյուջե։ Եթե կառավարությունն ընդունի ՊԵԿ-ի այս առաջարկը, ապա խոշոր հարկատուների ցանկում տեղ կգտնեն միայն տնտեսվարողներն ու հարկ վճարողները։
Ս.Հ.
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻՑ՝ ԱԺ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում գոյություն ունի Էմմա Պալյան անունով մի անձ, որը բախտի բերմամբ լրագրության հարթակից ԱԺ պատգամավորի օգնական էր «դարձել», ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանին էր օգնում: Երբ հունիսի 20-ին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, ու ՔՊ ցուցակում կին պատգամավորների «պակաս» կար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա անունն էլ է ՔՊ ցուցակում գրել տվել. Պալյանը հանկարծակի պատգամավոր դարձավ: Երեսփոխան դառնալուց հետո Պալյանին թվացել է, թե ինքը կարող է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «հեղափոխություն» իրականացնել, ու մեծ թափով լծվել էր քարոզարշավին. Արսեն Թորոսյանի եւ մյուսների հետ ընտրություն էր կազմակերպում: Եւ, ահա, հոկտեմբերի 17-ին կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքները ապտակ էին ինչպես ՔՊ-ին, այնպես էլ հենց ուղիղ Էմմա Պալյանին, քանի որ Գյումրին նախ իր ցածր մասնակցությամբ, ապա նաեւ ՔՊ թեկնածուի օգտին չքվեարկելով ցույց տվեց, որ Էմմա Պալյանի ու իր թիմի քարոզարշավը, խոսքը զերո արժեք ունեն: Նրանք բոլորը տեղավորված են Նիկոլ Փաշինյանի ուսերի վրա՝ ուսապարկում: Ի դեպ, նույնիսկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկումներ են ընթանում Պալյանի հագուկապի մասով, քանի որ վերջինս խորհրդարան է ներկայանում օրենսդիրին ոչ վայել հագուկապով: