ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը երեկ  Մոսկվայում նիստ է անցկացրել: Այդ հանդիպման ֆոնին հնչում են դրական ազդակների մասին հայտարարություններ:

 

Դրական ազդակների մասին երեկ նորից խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խորվաթ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին՝ հավելելով, թե Բաքուն Երեւանից արդեն գործուն քայլեր է ակնկալում. «Բաքուն հույս ունի, որ Հայաստանի կառավարությունից եկող վերջին դրական մեսիջները ոչ միայն խոսքով, այլեւ գործնականում դրական արդյունքներ կտան»։

Երեկ էլ՝ երեկոյան, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրին, գրել էին, թե վերջին շրջանում պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Երեւանի բարյացակամ դիրքորոշումը։ Եվ հինգ հայ գերիների վերադարձը բարի կամքի ակտ է Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան Հայաստանից եկող դրական ազդակների։ Թե հատկապես ինչ դրական ազդակների մասին է խոսքը, եւ կազդեն արդյոք դրանք եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքների վրա, հայտնի չէ։

Նիստն անցնում է փակ դռների հետեւում։ Հայտնի չէ՝ նիստի ավարտից հետո կլինի հայտարարություն, թե ոչ։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ՝ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։

Երեկվա նիստի նախօրեին Հայաստանի փոխվարչապետն ասել էր, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։

Խորհրդային տարիներին Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երեւան-Նախիջեւան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, եւ Երեւան-Իջեւան-Ղազախ, այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։

Ադրբեջանը եւ Թուրքիան, սակայն, խոսում են Երեւան-Նախիջեւան-Մեղրի երկաթգծի մասին, ավելի ճիշտ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեեւ հայաստանյան իշխանություններն, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պնդում են, թե միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում։

Եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Հայաստանի, Ռուսաստանի  եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին այս տարվա հունվարին։ Թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից բացի ուրիշ ինչ հարցեր են քննարկում երեք երկրների փոխվարչապետները, հայտնի չէ։ Երեկ Մհեր Գրիգորյանը խոսել էր նաեւ սահմանազատման մասին՝ հավելելով, թե այս աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերաբերող բոլոր երկկողմ եւ միջազգային փաստաթղթերը։

Հայ-ադրբեջանական սահմանին մայիսին սրված իրավիճակի ժամանակ եւս Մոսկվան առաջարկել էր սահմանագծում ու սահմանազատում անցկացնել։ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել էր, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, նաեւ որ «հավերժ չեն պահի այդ առաջարկը սեղանին»։

Երեւանը սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու պայման Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումն էր առաջ քաշում։ Երկու շաբաթ առաջ նորանշանական արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանյան «Ռիա Նովոստիին» ասել էր, թե սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։

Ն. Հ.

 

 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ

Փաստաբաններն ահազանգում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Արմինե Մելիքսեթյանը բացառապես կատարում է քննիչների հրահանգը: Մեզ հետ զրույցում փաստաբան Գոռ Գեւորգյանը վերջինիս կողմից կատարած որոշումները որակեց՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը քննիչների ապօրինությունների քավորն  է: ArmLur.am-ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին՝ հրապարակել էինք, որ շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել,  դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել: Սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Ագարակի բնակիչ Գեւորգ Խաչատրյանին մեկ ամսով կալանավորեց: Դատական համակարգում փորձել են հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ Երեւան քաղաքի դատարանի դատավորների զգալի մասը մերժեցին կալանավորել սյունեցիներին, իսկ, ահա, դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց: Արդյունքում սկսվել է ուսումնասիրություն, եւ պարզել են, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանի ամուսինը ոստիկանության Ապարանի քրեական հետախուզության բաժնի պետն է: Չի բացառվում, որ դատավոր Մելիքսեթյանը ոստիկան ամուսնու գործոնից ելնելով է բողոքի ակցիայի մասնակցին կալանքի տարել:

 

33 ԳՈՐԾ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ծանր վիրավորանքը քրեականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարբեր ստրաբաժանումներում քննվում է ընդհանուր 33 քրեական գործ գործ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2010 թվականին Հայաստանում ապաքրեականացվել էր վիրավորանքը՝ այն դիտարկելով բացառապես քաղաքացիաիրավական հարթությունում, սակայն 11 տարի անց՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանը որոշեց կրկին քրեականացնել այն, եւ հուլիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծվեց նոր հոդված՝ 137.1, որով, այսպես կոչված, ծանր վիրավորանքի համար նախատեսվում է ընդհուպ կալանք։ 2021թ. հուլիսի 30-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ։ Նշենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։

 

 

ԿԱՇԱՌՔ Է ՏՎԵԼ

Մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում՝ 2021 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, Զոյա Կարապետյանին երեք ընտրողների համար անձամբ տվել է դրամական կաշառք։ Զոյա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Անդրանիկ Գալստյանից անձամբ ստացել է դրամական կաշառք։

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է

Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկն ավարտվել է։ Ընտրություններին մասնակցած երեք ուժերից մեկին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն երեկվա վերահաշվարկի արդյունքով ավելացել է 1-ով (անվավեր քվեաթերթիկի հաշվին), «Շանթ դաշինք»-ին եւ «Ապրելու երկիր»-ին տրված ձայների քանակը պակասել է մեկական ձայներով։ Նշենք՝ նախօրեին Շինուհայրի 34/19 տեղամասի ձայների վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն ավելացել էր 9-ով, «Շանթ Դաշինք»-ինը՝ 4-ով, «Ապրելու երկիր»-ինը՝ 1-ով: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելու է քվեարկությունից 7 օր հետո՝ հոկտեմբերի 24-ին։

 

 

ԳԼՈՒԽ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է. «2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Արցախում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ՝ հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել էր 18-րդ դիվիզիայի (Հադրութ) բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը։ Սեպտեմբերի 24-ին գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տեղեկացնել, թե փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ինչ աշխատանքներ են տարվել եւ տարվում։ Արդյոք Ադրբեջանը հաստատո՞ւմ է վերջինիս գերության փաստը։ Եթե չի հաստատում, արդյոք ԱԱԾ-ն ունի՞ այլ գործիքակազմ նման դեպքերում զինծառայողների ճակատագիրը ճշտելու եւ նրանց հայրենադարձումը կազմակերպելու համար։ Օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն ԱԱԾ-ն որեւէ ձեւով չի արձագանքել։ Ու այս իշխանությունը ուզում է մեր հանրությանը համոզել, թե ի վիճակի է երկրի առաջ եղած բարդ գործընթացներում մեր շահերը ներկայացնել։ Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք»։

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին կարգադրություն է ստորագրել, որով նշանակում է արել: «2021 թվականի հոկտեմբերի 14-ից Աղասի Մարգարյանին  նշանակել Ազգային ժողովի նախագահի օգնական»,-նշված է կարգադրության մեջ։

 




Լրահոս