ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Պտղունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Պտղունք համայնքի ղեկավարը, 2012թ. մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պարտավոր լինելով իրականացնել ինքնակամ շինարարությունների հետեւանքների՝ օրենքով սահմանված կարգով վերացումը, միաժամանակ տեղյակ լինելով եւ ծանոթանալով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներով արձանագրված հողօգտագործման եւ պահպանման խախտումների վերաբերյալ ակտին, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ինքնակամ կառույցների եւ համայնքային նշանակության դաշտամիջյան ճանապարհների զավթման մասին, առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերը միավորելու, դիտավորությամբ որեւէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 1302,81քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ, որի արդյունքում օրինականացման համար վճարվելիք 2.402.553 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել՝ այդկերպ էական վնաս պատճառելով Պտղունք համայնքի օրինական շահերին:
Այնուհետեւ համայնքի ղեկավարը, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0.0349հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխելով, տեղյակ լինելով ինքնակամ կառուցված առեւտրի կրպակի կառուցման աշխատանքների մասին, չի կատարել իր պարտականությունները, որեւէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 294,528քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ, որի արդյունքում վճարվելիք 1.237.017 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել:
Ավելին՝ բարեգործական հիմնադրամին օգտագործման իրավունքով պատկանող 0.2205հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի դեպքում, առանց որեւէ օրինական եւ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի, տեղյակ լինելով ինքնակամ կառուցված եւ գործող հասարակական շինությունների շահագործման աշխատանքների մասին, դիտավորությամբ որեւէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 1848,9քմ մակերեսով հասարակական շինությունն օրինականացնելու ուղղությամբ, իսկ դրա օրինականացման համար վճարվելիք 7.765.380 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ն. Պ.
ՏՈՒՖԱՊԱՏ
Նոյեմբերյան քաղաքում ընթանում է Նոյեմբերյան խոշոր համայնքում թվով 5-րդ սուբվենցիոն ծրագրի իրականացումը: Հիմնանորոգվում է քաղաքով ձգվող, դեպի քաղաքի միջին եւ վերին թաղամասերը տանող Տիեզերագնացների փողոցի մոտ 220 մ երկարությամբ սկզբնական հատվածը: Ճանապարհն ունի զգալի թեքություն, որի պատճառով ընթացիկ նորոգումներն ունեին կարճաժամկետ արդյունավետություն, ինչն էլ հանգեցրել էր ամբողջովին վատթար վիճակի: Ծրագրով նախատեսված է այդ ճանապարհն ամբողջությամբ տուֆով սալահատակել:
84 ՏՈԿՈՍ՝ «ԱՐՈՒ»
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՕԳՏԻՆ
Հոկտեմբերի 17-ին կայացել են Դիլիջան քաղաքը եւ Թեղուտ, Հաղարծին, Խաչարձան, Աղվնանավանք, Գոշ, Հովք գյուղերը ներառող Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: Ցուցակային 18.374 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8085-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ընտրել են 4591 ընտրող կամ քվեարկության մասնակիցների մոտ 57 տոկոսը։ Այդ կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորում էր 2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը, որը ծնվել է 1984 թվականին, նախկինում բենզին լիցքավորող է աշխատել, ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, ներկայումս հեռակա սովորում է Եվրոպական համալսարանում։ Դ. Սարգսյանը հայտնի է նրանով, որ անձնական գործը լրացնելիս իր սեռական պատկանելիության վերաբերյալ գրել է՝ արու։ Դիլիջան համայնքի մաս կազմող Թեղուտ գյուղում Դավիթ Սարգսյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների 84 տոկոսը։
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Հրաչ Խանոյանի եւ Ներսես Բախշյանի դատավարությունը։ Հ. Խանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կոմունալ շահագործման ծառայության պետ, 2018թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում այդ զորամասի փականագործ Մանուչար Մանուչարյանին հատկացրել է 280 մետր փշալար, նույն ամսվա վերջին կազմել է զորամասի մի շարք զինծառայողներին նյութական միջոցներ հատկացնելու վերաբերյալ բաշխման տեղեկագիր, ուր մտցրել է կեղծ տեղեկություն, թե, իբր, ինքը Մ. Մանուչարյանին հատկացրել է 2100 մետր փշալար։ Ն. Բախշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, իր համար մատչելի գներով բնակարանի ձեռք բերման համար նախատեսված սերտիֆիկատ ձեռք բերելու շահադիտական նպատակով 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է իր ծանոթ Հրաչ Խանոյանին խաբեությամբ հափշատակել խոշոր չափերի գումար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՃԱՆԱՊԱՐՀ ԷԻՆ ՓԱԿԵԼ
Ձկնորսները երեկ փակել էին Երեւան-Սեւան մայրուղին: Նրանք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ: Ակցիայի մասնակիցներց մեկը պարզաբանլ է, թե ինչ իրավիճակ ունեն. «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես, ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում՝ յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ. դա օրական անում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել եւս 100 տոննա ձուկ որսալ, այսինքն՝ յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ: Այսինքն՝ մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանակավը վարի ընդամենը օրական 5 ձկան համար: Իրենց առաջարկվեց, որ ձկան գնից կախված վճար մտցնեն, այսինքն՝ եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին: Միեւնույնն է, այս 6 ամսում Սեւանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը, մինչդեռ կարելի էր եւ այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել եւ 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»:
Ժամանել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը նշել է՝ ո՛չ նախարարը, ո՛չ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն: «Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի, կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք: Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,- ասել է նա: Հրմշտոց է սկսվել, մեկը քաշել է մարզպետի ձեռքից, հնչել են հայհոյանքներ, վիրավորանքներ:
ՏԵԽԱՆՁՆԱԳՐԵՐԸ ԿՆԵՐԱՌՎԵՆ
Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության միասնական ռեեստրում։ Այս մասին Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2014թ. օգոստոսի 15-ի՝ «Տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների համար անձնագրի միասնական ձեւ, ներառյալ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպումը, մտցնելու մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ այս համաձայնագրով ԵԱՏՄ մասնակից երկրներում կստեղծվի միասնական էլեկտրոնային պլատֆորմ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ «Դա թույլ կտա իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ գործառույթ է կատարում կոնկրետ ավտոմեքենան։ Այնուամենայնիվ, Հայաստանը կմիանա համաձայնագրին վերապահումով։ Նման վերապահում գրանցել է նաեւ համաձայնագրի հիմնադիր անդամ Ղազախստանը։ Այդ համաձայնագրի գործողությունը չի տարածվի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի եւ այլ զորատեսակների ինքնագնաց մեքենաների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա»,- ընդգծել է Գեւորգյանը։