Հայաստանում նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 եւ 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ։ Այս մասին կառավարության նիստի սկզբում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս օրերին ընթանում է մեր ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը, իմ կարծիքով, շրջադարձային նշանակություն պիտի ունենա ՀՀ հետագա զարգացման գործում։ Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է։ Այսինքն՝ ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ։ Եվ այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով։ Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը Հայոց լեզու եւ գրականություն, Մաթեմատիկա, Պատմություն, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն առարկաների մասին է։ Ի՞նչ է տեղի ունենալու հաջորդիվ։ Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողենք կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում՝ առարկաների ցանկը կընդլայնենք։ Այսինքն՝ բոլոր առարկաներով մենք կամավոր ատեստավորում կիրականացնենք։ Եվ մեր ակնկալիքն այն չի եղել, որ բոլոր ուսուցիչները հենց առաջին փուլում պետք է ատեստավորմանը մասնակցեն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան։Նրա խոսքով՝ այս գործընթացը կտեւի մոտ 3-4 տարի։ «Այս իրավիճակի արդյունքում մենք Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ։ Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել եւ աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտներում, որովհետեւ մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,- նշել է նա: Ըստ նրա՝ գործընթացի արդյունքում պետք է ապահովվի, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները նաեւ կարողանան իրենց գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղերի աշակերտներին։ Նա հիշեցրեց, որ լայնածավալ ծրագիր է մեկնարկում հանրապետությունում 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման։ Նաեւ զուգահեռ ծրագիր է մեկնարկում, որի նպատակը առաջիկա հինգ տարիների ընթացքում հանրապետության դպրոցները կահավորելն է ժամանակակից լաբորատորիաներով։ Կամավոր ատեստավորման համար դիմել է 1 372 ուսուցիչ, որոնցից մասնակցել են 996-ը: Այդ մասին կառավարութան նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ այդ 966 ուսուցիչներից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Մյուսները չեն հաղթահարել շեմը։ «Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներին՝ 50 հազար դրամով, եւ 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով։ Ատեստավորմանը այս փուլում կամավոր մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները եւ 7 առարկաների գծով։ Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարանի ուսուցիչները եւ բոլոր առարկաների գծով»,-ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարն ընդգծեց, որ այս փուլում ատեստավորմանը մասնակցածների 47,2 տոկոսը հաղթահարել է շեմը, մնացածը՝ ոչ։ Դումանյանի խոսքով՝ արդեն իսկ կան ուսուցիչներ, որոնք հոկտեմբեր ամսից կստանան մինչեւ 70-80 տոկոս հավելավճար։ Նրանք այն ուսուցիչներն են, որոնք անցել են կամավոր ատեստավորման շեմը, դրան գումարվել են որակավորման տարակարգերի տրամադրմամբ հավելավճարները։ Այն ուսուցիչները, որոնք այս փուլում չեն հաղթահարել ատեստավորման շեմը, հաջորդ փուլերում հնարավորություն կունենան դարձյալ մասնակցել։
Ն. Պ.
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Նոյեմբերի 14-ին տեղի կունենան Իջեւան քաղաքը եւ այդ տարածաշրջանի գյուղերը միավորող Իջեւան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Իջեւանում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ձեւավորվել են ընտրական տեղամասերը, տեղամասային ընտրական հանձնաժողովները, հոկտեմբերի 20-ից սկսվել է նախընտրական քարոզչության ժամանակաշրջանը։
Իջեւան խոշոր համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցի 2 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ՀՅԴ-ն։ ՔՊ-ն թիվ 38 ԿԸՀ է ներկայացրել 56 հոգուց բաղկացած թեկնածուների ընտրական ցուցակ, որը գլխավորում է Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ցուցակի 2-րդ տեղում Իջեւանի համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն է, 3-րդ տեղում Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Մանե Ղազումյանն է։ Վերջինս նախկինում զբաղեցրել է Տավուշի մարզպետության աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը։ Ցուցակում ընդգրկգված բոլոր 56 թեկնածուները ՔՊ անդամներ են, նրանց մեջ շատ են Իջեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները՝ Սեւքար համայնքի ղեկավար Թաթուլ Թելոյանը, Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը, Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը, Աճարկուտ համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը, Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը, Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը, Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը, Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը, Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Իսկանդար Մեհրաբյանը, Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը, Գետահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ղազարյանը, Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը, Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Հարությունյանը, Այգեհովիտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լեւոն Գրիգորյանը։
ՀՅԴ-ն ներկայացրել է թեկնածուների 14-հոգանոց ցուցակ, որը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը, ցուցակի 2-րդ տեղում անկուսակցական ձեռներեց Ռաչիկ Եպիսկոպոսյանն է, 3-րդ տեղում՝ Գանձաքարի դպրոցի ուսուցուհի, ՀՅԴ անդամ Արմինե Դովլաթբեկյանը։ Իջեւանի ավագանու ընտրություններում լարված պայքար չի սպասվում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻՆ
Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար: Դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին:
«Ի պատասխան հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Իրանի Իսլամական Հանրապետությանն եւ Հայաստանի Հանրապետությանը հասցեագրված մեղադրանքների՝ հարկ է նշել, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում հազարավոր նահատակների եւ վիրավորների զոհաբերությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդամենը մի փոքրիկ մասնիկ է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառած եւ շարունակական ջանքերի այս չարաբաստիկ երեւույթի դեմ պայքարում, ինչը բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կառույցների կողմից:
Իրանի Իսլամական Հանրապետությունը սերտորեն համագործակցում է հարեւան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, որի մասին նշվել է նույն հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խոսքում` ի պատասխան Ադրբեջանի նախագահի պնդումների: Հատկանշական է, որ, համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության՝ թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության պետի հայտարարության, 2021թ. սկզբից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմինները 140 դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում են իրականացրել Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հետ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը թմրանյութերի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն որոշ կենտրոններին մոտ գտնվելու պատճառով մեծ ճնշումներ է հանդուրժում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում:
Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից միջազգային կառույցներին ներկայացված պաշտոնական զեկույցների՝ 2020թ. Իրանի իրավապահ մարմինները մաքսանենգներից առգրավել են ավելի քան 1,147 տոննա թմրանյութեր եւ մոտ 3,000 զինված բախումներ ունեցել մաքսանենգների հետ պայքարում, որի հետեւանքով, ցավոք, զոհվել է տասը ոստիկան: 2021թ., չնայած տնտեսական պատժամիջոցների հետեւանքով առաջացած խնդիրներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի պայքարը, որն ահռելի ծախսեր է պահանջում, ավելի շատ արդյունքներ գրանցեց:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը հանգեցրեց նրան, որ, մեծ տարբերությամբ, Իրանն թմրամիջոցների հայտնաբերման գործում աշխարհի երկրների շարքում գրանցեց ամենաբարձր ցուցանիշը:
Ափիոնից ստացված թմրանյութերի հայտնաբերման գործում վերջին տարիներին Իրանի կողմից հայտնաբերված ծավալների ցուցանիշը, ամբողջ աշխարհում հայտնաբերված ընդհանուր թվի համեմատ, եղել է ավելի քան 50%»: