Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը կա եւ շարունակվում է ամրապնդվել: Այս մասին հայտնել է Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը: «Զորքերը առանց վարժանքների, ուսուցման եւ կատարելագործման չեն լինում: Եթե կան զինված ուժեր, ապա դրանք պետք է շարունակ սովորեն, այլապես պետք է ցրվեն: Այնպես որ, զուտ ռազմական տեսակետից սա միանգամայն բնական երեւույթ է: Իսկ եթե խոսքը ոչ թե մեկ, այլ երկու երկրի զինված ուժերի համագործակցության մասին է, ապա այդ դեպքում առավել եւս գործնական պարապմունքներով համատեղ ռազմական գործողություններ մշակելու կարիք կա»,- մեկնաբանել է Ալեքսանդր Խրամչիխինը: Ինչ վերաբերում է վարժանքների քաղաքական կողմին, ռազմական փորձագետի խոսքով՝ նույնիսկ եթե միացյալ զորախմբի զորավարժություններն իրականում քաղաքական տողատակեր չունեն, միեւնույնն է, շրջակա երկրներն ընկալելու են այդ միջոցառումը՝ որպես Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական դաշինքի ամրապնդում:
«Այս պարագայում, այնուամենայնիվ, սկզբունքայինը քաղաքական ասպեկտն է: Եթե զորքերի միացյալ խմբավորումը կա, ապա ո՞վ է խմբավորման հրամանատարը, եւ ի՞նչ կլինի պատերազմի դեպքում: Ես չգիտեմ՝ կոնկրետ որն է զորավարժությունների սցենարը, բայց ակնհայտ է, որ, Ադրբեջանից եւ Թուրքիայից բացի, այլ հակառակորդներ, միեւնույնն է, չկան: Պարզ է, չէ՞, որ Վրաստանը չի կարող լինել Հայաստանի եւ Ռուսաստանի հակառակորդը: Դա լուրջ չէ: Հետեւաբար, Ադրբեջանից եւ Թուրքիայից բացի, ուրիշ ոչ ոք չի մնում»,- կարծում է Ալեքսանդր Խրամչիխինը: Իսկ ավելի լայն իմաստով հայ-ադրբեջանական դիմակայությունը, որին Հայաստանի եւ Ադրբեջանի դաշնակիցներն իհարկե առնչվում են այս կամ այն ձեւով, ըստ մոսկովյան ինստիտուտի փոխտնօրենի, ավելի լայն տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական մրցակցության պատկերի մեջ է տեղավորվում, որտեղ հիմնական դերակատարները սիրիական ճգնաժամի կարգավորման երեք ակտիվ կողմերն են՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականի արցախյան քառասունչորսօրյա պատերազմից հետո նշված երեք դերակատարները՝ քողարկված, երբեմն էլ բացահայտ պայքար են մղում տարածաշրջանում ուժերի նոր դասավորության, այսպես ասած՝ նոր ստատուս-քվոյի ձեւավորման համար: Այդ պատճառով էլ, չնայած Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը, իրադրությունը Հարավային Կովկասում շարունակում է լարված մնալ: Այս ֆոնին թուրք-ադրբեջանական ագրեսիվ դաշինքը չի դադարեցնում իր ապակառուցողական գործողությունները տարածաշրջանում՝ պարբերաբար զորավարժություններ անցկացնելով Արցախի գրավյալ տարածքներում կամ Նախիջեւանում: Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ՝ «սիրիական եռյակից» երկուսը՝ Ռուսաստանը եւ Իրանը, ըստ էության Թուրքիայի դեմ են, մասնավորապես՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքի առումով: Բայց, միեւնույն ժամանակ, Մոսկվան ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Անկարայի հետ թե՛ Սիրիայի հիմնախնդրի եւ թե՛ էներգետիկ հարցերի ու, առհասարակ, աշխարհաքաղաքական ընդհանուր գործընթացների պատճառով: Խրամչիխինի կարծիքով՝ Ադրբեջանն էլ իր խաղն է խաղում, եւ Իլհամ Ալիեւի օրոք Ադրբեջանը չի լինի «Թուրքիայի 100 տոկոսանոց խամաճիկը»:
«Այստեղ շատ մեծ խաղ է ընթանում, որը բազմաթիվ նրբերանգներ ունի: Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ուզում թուրքական զորքեր տեսնել Ադրբեջանում, բայց միաժամանակ չի ուզում լրիվ փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Թեեւ, ըստ իս, դրանից, ի վերջո, հնարավոր չի լինի խուսափել, բայց առայժմ Ռուսաստանն ամեն ինչ անում է այդ պահը հնարավորինս հետաձգելու համար»,- ասել է Ալեքսանդր Խրամչիխինը:
Ն. Պ.
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնից հաղորդում է ստացվել, որ Նունե Ավանեսյանը, 2017-2018թթ. ընթացքում հանդիսանալով «Մասիս» Բ/Կ ՓԲԸ-ի տնօրեն, միասնական հանցավոր դիտավորությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ, այն է` կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, կարգադրություններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի, աշխատավարձերի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:
Բացի այդ, Ն. Ավանեսյանը, 2017-2018թթ. ընթացքում հանդիսանալով «Մասիս» Բ/Կ ՓԲԸ-ի տնօրեն, դիտավորությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով` մի դեպքում ակնհայտ ՓԲԸ-ի համար անշահավետ պայմաններով, բարձր աշխատավարձով, 2017թ. հունիսի 15-ին նշված Բ/Կ աշխատանքի է ընդունել իր ընկերուհուն՝ Արմինե Խաչիկյանին` որպես հաշվապահ, մյուս դեպքում` ընկերությունում առկա երկու սուրճի ապարատներից մեկի համար յուրաքանչյուր ամիս վճարվել է 25.000 դրամ, մյուսի համար` 15.000 դրամ, սակայն տնօրենy, այդ գումարներն առձեռն ստանալով, չի վճարել ընկերության դրամարկղ եւ նկարագրված դեպքերում էական գույքային վնաս է պատճառել պետության իրավունքներին եւ օրինական շահերին` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհայրուրապատիկի չափը գերազանցող գումարների չափով: Դեպքի առթիվ սեպտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քր. օր. 308 հոդ. 1-ին մասով եւ ՀՀ քր. օր. 314 հոդ. 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ վաղ առավոտից, Էրեբունի վարչական շրջանում պարեկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել հանրային տրանսպորտում: ArmLur.am-ի թղթակիցը փոխանցեց, որ պարեկները ստուգել են հիմնականում ավտոբուսները, վարորդներից պահանջել են ներկայացնել վարորդական վկայականը, տեխզննության կտրոնը, ապահովագրության պայմանագիրը: Բացի այս, նրանք բարձրացել են նաեւ ավտոբուս, ստուգել՝ արդյոք ուղեւորները դիմակներ դրել են, թե ոչ, կամ ավտոբուսում կան ախտահանիչ նյութեր, թե ոչ: Լավ է, որ պարեկները ստուգում են հանրային տրանսպորտը, բայց այս օրերին ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում ուղեւորները շարունակում են դիմակներ չդնել: Սրան զուգահեռ նկատենք, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ արձանագրվել է Covid-19-ի 1517 նոր դեպք: Ունենք 57 մահվան դեպք:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահան Զարոյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, նրա մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Ներսիսյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Վարչապետի որոշմամբ՝ Հայկ Ենգիբարյանն ազատվել է (նոյեմբերի 1-ից) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետի պաշտոնից։
ՍԱՏԱՐՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՋԸ
Սյունիքիում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ եղած ակցիան կազմակերպված չի եղել։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Մեղրիում եւ Գորիսում ընտրությունների արդյունքներն արտացոլեցին իրականությունը։ «Տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունն այլ բնույթ ունի, համապետականը՝ այլ։ Այս ընտրությունների արդյունքով դուք տեսաք, որ Առուշ Առուշանյանը բացարձակ հաղթանակ տարավ, Մեղրիում նույնպես հաղթանակ եղավ»,-ասել է Սարգսյանը։ Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ է տոնել Տեղում, պատգամավորը նշել է. «Նշանակում է, որ ՔՊ-ի թեկնածուն տվյալ համայնքում հարգանք է վայելում»։ Անդրադառնալով Կապանում սպասվող ընտրություններին՝ Սարգսյանն ասել է, որ աջակցելու է գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանին։ «Գեւորգ Փարսյանն իմ ընկերն է եւ այս տարիների ընթացքում շատ գործեր է արել Կապանի համար։ Ես վստահ եմ, որ կապանցիները ճիշտ ընտրություն կկատարեն»,- ընդգծել է Արթուր Սարգսյանը։ Նշենք, որ Ա. Սարգսյանն ընդգրկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։
ԵՐԴՎԵՑ
Երեկ մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ ԱԺ է ժամանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Խմբակցությունը նրան դիմավորել է հոտնկայս ու ծափահարություններով: Վերջինս երդվել է Ազգային ժողովում։ Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար, այն է՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՏԵՂԱԴՐՎԻ
Երեւանում կտեղադրվի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հուշարձանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում։ Հուշարձանը կտեղադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքում։ Նշենք, որ Ալբերտ Ազարյանը օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի եւ Եվրոպայի կրկնակի, ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է։