Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով մարզի բնակավայրերի վարչական տարածքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության, ենթավարձակալության հանձնելու գործընթացում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների փաստերով մարզի դատախազությունում եւ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային ստորաբաժանումներում հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ՝ մարզի ներկայիս խոշորացված համայնքների 22 բնակավայրերի (նախկինում համայնքների) վերաբերյալ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Ալեհավաք կայանների տեղադրման եւ շահագործման շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ լիազորությունների անցմամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ համայնքապատկան հողամասերն իրենց մերձավորների կամ ենթակաների օժանդակությամբ ենթավարձակալության հանձնելու, այդկերպ իրենց ընտանիքների համար խոշոր չափերով շահույթներ ապահովելու եւ համայնքներին ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից զրկելու, հետագայում օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ բոլորն էլ նախկին համայնքների ղեկավարներ: Քրեական գործերով նախաքննության ընթացքում մի շարք նախկին համայնքների (մասնավորապես՝ ներկայիս Տաթեւ խոշորացված համայնքի Հարժիս, Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս, Բնունիս, Լոր, Թանահատ բնակավայրերի) ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցագործության դեպքի բացակայության կամ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու, համաներում կիրառելու, կամ գործուն զղջալու հիմքերով: Իսկ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտուեւ, Ախլաթյան բնակավայրերի (նախկին համայնքների) նախկին ղեկավարների դեպքում քրեական հետապնդում չի իրականացվել մահվան, Կապան համայնքի նախկին ղեկավարի դեպքում՝ հանակազմի բացակայության հիմքերով: 7 քրեական գործ 7 անձի, մասնավորապես՝ Գորայք, Վաղատին, Նժդեհ, Շաքի, Արեւիս, Սառնակունք եւ Բռնակոթ նախկին համայնքների ղեկավարների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Դրանցից 5-ով կայացվել են դատական ակտեր, որոնցից երեքով անձինք դատապարտվել են ազատազրկման՝ որոշակի ժամկետներով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվել է համաներում: Իսկ երկուսի պարագայում դատարանում քրեական գործի վարույթը կարճվել է՝ մի դեպքում համաներման ակտ կիրառելու, մյուս դեպքում՝ հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքերով: Այն դեպքերում, երբ համայնքներին պատճառված վնասները չեն վերականգնվել կամ վերականգնվել են մասնակի, դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մարզի դատախազության կողմից համայնքների ներկայիս ղեկավարին նախագուշացվում է այդ նպատակով քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին։
Քննությունների արդյունքում պարզված, համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 95.5մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 41մլն ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը եւս վերականգնելու ուղղությամբ: Համայնքներից 13-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության եւ վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոխելու պարագայում կիրականացվի համայնքների եւ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների միջեւ վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթաց, ինչով լիարժեք կվերականգնվեն մարզի բնակավայրերի, համայնքների խախտված իրավունքները:
Ն. Պ.
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾԻՆ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ
Հոկտեմբերի 27-ին Նոյեմբերյան քաղաքում կկատարվի 2020 թվականին աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գեղամ Մաճկալյանի հուղարկավորության արարողությունը։ Նրա ինքնությունը ճշտվել է կատարված ԴՆԹ հետազոտությունների արդյունքում։ Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ դեռեւս անհետ կորած է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, զինծառայող Արամայիս Ամիրաղյանը։ Կողբ գյուղում անհետ կորած երկու զինծառայող կա՝ Սարգիս Գագիկի Անանյանը եւ Սերգեյ Մանվելի Անանյանը։ Դեբեդավան գյուղում անհետ կորած է զինծառայող Արտաշես Ասատրյանը։ Պատերազմի մասնակից անհետ կորածներ կան նաեւ Տավուշի մարզի այլ բնակավայրերում։
ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ
Իջեւան քաղաքի հանրակրթական դպրոցների որոշ ուսուցիչներ հայտնում են, որ իրենք, չցանկանալով կորոնավիրուսի դեմ պատվաստվել, ստիպված են 14 օրը մեկ թեստ հանձնել։ Ուսուցիչների մեծ մասը համավարակի դեմ պատվաստվել է, սակայն կան ուսուցիչներ, որոնք սկզբունքորեն չեն ցանկանում պատվաստվել։ Տավուշի մարզում կորոնավիրուսի թետավորման գինը 6-10 հազար դրամ է, Իջեւանի պոլիկլինիկայում՝ 10 հազար դրամ։ Ուսուցիչներ կան, որոնք նոր ուսումնական տարում արդեն երկու անգամ կորոնավիրուսի թեստ են հանձնել, մի քանի օրից նրանց 3-րդ թեստավորման ժամկետն է։ Ուսուցիչները ուրախացել են, որ դպրոցական արձակուրդները մինչեւ նոյեմբերի 7-ը երկարաձգել են՝ կարծելով՝ կորոնավիրուսի դեմ թեստ չեն հանձնի, հավելյալ գումար չեն ծախսի, սակայն դպրոցների տնօրենները նրանց հայտնել են, որ դպրոցական արձակուրդը կապ չունի, կորոնավիրուսի դեմ չպատվաստված ուսուցիչները պետք է թեստ հանձնեն։ Ուսուցիչները զայրացած են, թե թեստ ինչու հանձնեն, եթե իրենք դպրոց չեն գնում, աշակերտների հետ չեն շփվում։ Ուսուցիչները հայտնում են, որ մի անգամ Երեւանից են եկել, թեստավորվողները, իրար գլխի հավաքված, խմբվել են Ազատամուտ գյուղի մշակույթի տանը։ Քանի որ թեստավորման խմբային հայտ է ներկայացվել, թեստավորումը կատարվել է 6 հազար դրամով։ Դիլիջանի բժշկական կենտրոնում եւս թեստավորումն ավելի էժան է, քան Իջեւանի պոլիկլինիկայում։ Իջեւանի պոլիկլինիայում ուսուցիչներին ասում են, որ իրենց մոտ ներկայումս թեստ չկա։ Չպատվաստված ուսուցիչները կարծում են, որ այդկերպ արհեստական դեֆիցիտ են ստեղծում, որպեսզի բոլոր ուսուցիչները պատվաստվեն: Դպրոցների տնօրեններն այդ ուսուցիչներին ասել են, թե վերադասից տնօրեններին հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին բոլոր ուսուցիչները կա՛մ պատվաստված, կա՛մ թեստավորված լինեն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 22-ին՝ ժ.12.15-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ՀՀ կառավարության շենքի մոտից ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Արմեն Մկրտչյանին, որը Արմավիրի մարզի բնակիչ է, չի աշխատում: Ավելի ուշ պարզվել է, որ Արմեն Մկրտչյանը կառավարության շենքի մոտ անձնական խնդիրների պատճառով բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել: Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
ՆԻՍՏ ԿԼԻՆԻ
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ նախորդ մի քանի նիստեր չեն կայացել։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Գեւորգյանի փաստաբաններից մեկը՝ Ալեքսանդր Կոչուբաեւը, զբաղված է երեքշաբթի օրերին եւ հնարավորություն չունի ներկա գտնվել նիստերին, ամեն անգամ խնդրում է դատարանին հետաձգել նիստերը, իսկ դատարանն ամեն անգամ մերժում է։ Երկրորդ փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրում է տրամադրել գործի բոլոր նյութերը եւ ժամանակ հատկացնել դրանց հետ ծանոթանալու համար։ Դատարանն այս դեպքում եւս մերժում է խնդրանքը։
ԲԱՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 22-ին «Նոր Հաճն» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը՝ ժամը 15։10-ի սահմաններում, նշված պոլիկլինիկայից Նաիրիի ոստիկանություն ահազանգել են, որ «կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով, եւ ձախ ձեռքի պատռված վերք» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Մյասնիկ Սիմոնյանն էր, որը, նույն օրը՝ ժամեր անց, «Աբովյան» ԲԿ-ում գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են նաեւ, որ Մ. Սիմոնյանը, հանդիսանալով «Զեթ պրոֆիլ» ՍՊԸ-ում որպես փորձաշրջան անցնող բանվոր, Նոր Գեղի գյուղի Ուսանողական 5-րդ հասցեում գտնվող Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ իր անզգուշության հետեւանքով վայր է ընկել եւ ստացել նշված վնասվածքները: Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։