Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «CONFLITS» պարբերականին:
-30 տարի է, ինչ Հայաստանն իր անկախությունն է հռչակել։ 1375 թվականից ի վեր առաջին անգամ հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգը վերականգնեց պետականությունը եւ արժանացավ միջազգային հանրության ճանաչմանը։ Միեւնույն ժամանակ անցած աշնանն Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ դիմակայությունում ծանր պարտությունից հետո ձեր երկիրը կրկին ընկղմվեց ծանր անորոշության մեջ։ Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր ապագայի երաշխավորման հարցում։
-Այո, 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը, իրացնելով ինքնորոշման իր իրավունքը եւ վճռական «այո՛» ասելով անկախությանը, հռչակեց անկախ պետականության վերածնունդը։ Միայն մի դիտարկում. 1375 թվականից հետո Հայաստանն առաջին անգամ անկախություն է հռչակել դեռեւս 1918 թվականի գարնանը՝ ստեղծելով Հայաստանի առաջին հանրապետությունը, որը դեմոկրատական համակարգով պառլամենտական հանրապետություն էր։ 1915 թվականի հումանիտար աղետից՝ Հայոց ցեղասպանությունից հետո ստեղծված այդ պետությանը, ցավոք, վիճակված էր միայն երկու եւ կես տարվա կյանք ունենալ։ Իսկ, ահա, 1991 թվականի անկախության հռչակումը 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժման ուղիղ արդյունքն էր։ Առհասարակ, արցախյան շարժումն անկախ Հայաստանի հիմնասյուներից է, որի վրա կառուցվել է մեր պետության ինքնությունը։ Դա է պատճառը, որ նախորդ աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան եւ դրա ծանր հետեւանքները, այդ թվում՝ մարդկային կորուստները, ցնցեցին համայն հայ ժողովուրդին եւ հայկական սփյուռքին։
Այնուամենայնիվ, չնայած այդ ծանր հարվածին ու դառը կորուստներին՝ Հայաստանն ու Արցախը կանգուն են, իսկ հայկական անկախ պետությունը՝ հավատարիմ անկախության հռչակագրի դրույթներին։ Այսօր էլ՝ Արցախում արյունալի պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, ամուր, կենսունակ, մոդեռն եւ ժողովրդավարական հայկական պետականության ամրապնդումն ու վերելքը մնում է համայն հայության առանցքային մարտահրավերը։ Նշվածի համատեքստում հատկապես կարեւորում ենք հայկական սփյուռքի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը եւ սփյուռքի մարդկային ներուժի առավել ակտիվ ներգրավումը Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հասցեագրման հարցում։
-Ադրբեջանը չի հրաժարվել իր ռազմատենչ հռետորաբանությունից, որը կյանքի է կոչում՝ խախտելով ձեր պետության ինքնիշխանությունը Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Նա ոտնձգություն է իրականացնում սահմանամերձ քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ որպես պատրվակ բերելով այն հանգամանքը, որ սահմանը Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնության առարկա չի եղել։ Ո՞ր փուլում է գտնվում հայկական որոշ տարածքներում ադրբեջանական զորքերի ներկայության հարցը, եւ ինչու՞ դրանց հեռացման հարցում Ռուսաստանը ձեզ չի աջակցում՝ նախկինում ստորագրված փոխադարձ օգնության պայմանագրերի հիման վրա։
-Այս տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Սյունիքի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներում մի քանի կիլոմետր խորությամբ մուտք են գործել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանի նշված քայլերն արժանացան միջազգային հանրության կոշտ գնահատականներին. հարցի վերաբերյալ արտահայտվեց նաեւ Ֆրանսիայի նախագահը, ով դատապարտեց այդ արարքը եւ կոչ արեց ադրբեջանական զորքերին լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Այնուամենայնիվ, ստիպված եմ փաստել, որ ադրբեջանական զորքերն այսօր էլ շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ սահմանամերձ հատվածներում, ինչն անթույլատրելի է։ Հայաստանն այս հարցում որդեգրել է կառուցողական դիրքորոշում եւ իր առանցքային ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային ճանապարհով փորձում է հարցին խաղաղ լուծում տալ։ Հուսով ենք՝ Ադրբեջանը եւս ընթացիկ բանակցություններում կառուցողական դիրքորոշում կորդեգրի եւ խուսափելով ռազմական բախումից՝ իր զորքերը դուրս կբերի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ վերադառնալով այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերին, ինչը մեծապես թույլ կտա թոթափել առկա լարվածությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նաեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներ սկսելու համար։
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԴԻՄԵԼ Է ՄԻՊ
Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ բողոքի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում բողոք ներկայացրած անձը զրկվում է հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից: Պաշտպանի աջակցությանը դիմած անձի իրավունքների պաշտպանության նպատակով քննարկումներ են տեղի ունեցել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այդ թվում՝ ԲՍՓ գրասենյակի (ներկայում՝ Միասնական սոցիալական ծառայություն), ինչպես նաեւ ՔԿՀ ներկայացուցիչների հետ։ Համագործակցության արդյունքում դատապարտյալի նկատմամբ իրականացվել է փորձաքննություն՝ հատուկ ընթացակարգով, եւ սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ: Քաղաքացին Պաշտպանի աշխատակազմ փոխանցել է, որ վերականգնվել է նաեւ հաշմանդամության թոշակի տրամադրումը:
ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են դպրոցականների՝ 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» եւ «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) եւ երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները՝ ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում` առցանց եղանակով): Առաջին փուլին կարող է մասնակցել ցանկացած սովորող («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում՝ C կամ C++ ծրագրավորման լեզուներից որեւէ մեկին տիրապետող աշակերտ)` այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2021 թ. նոյեմբերին եւ դեկտեմբերին:
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ՝ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս եւ չափահաս աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի, 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Շ. Ն-ն, որը, որոշ ժամանակ անց գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։ Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ եւ գազօջախ, իսկ ծխատար եւ օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։
1517 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 069-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 57 քաղաքացի, մահացածների թիվը 6112 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1263 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 45 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7375-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1050 է, ընդհանուր առողջացածներինը՝ 263 002, փաստացի բուժվողներինը՝ 27 692: Մեկ օրում արվել է 11 982 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 018 614 թեստավորում: