Արդեն մի քանի օր է, ինչ երեւանյան մեծ էկրաններին է ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական ֆիլմը, որի հիմքում ընկած է գրող Նարինե Աբգարյանի համանուն նովելը:
Նշենք, որ նկարահանումները սկսվել էին 2019-ին, իսկ 2020 թվականին, երբ համավարակի պատճառով ձգձգված աշխատանքները մի կերպ ավարտին էին հասել, եւ մեկնարկել էր ֆիլմի երկրորդ փուլը, սկսվեց պատերազմը: Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
«Զուլալի»-ի առանձնահատկություններից է այն, որ Տիգրան Մանսուրյանը ավելի քան 30 տարվա դադարից հետո կինոերաժշտություն է գրել հենց այս ֆիլմի համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Հերմինե Սետեփանյանի հետ զրուցել է «Զուլալի»-ի առանձնահատկությունների եւ նրբությունների մասին:
«Երբ ռեժիսոր Հայկ Օրդյանն զանգեց ինձ ասաց, որ ունի գաղափար՝ «Զուլալի»-ն նկարահանելու, անգամ նովելի հեղինակ Նարինե Աբգարյանը չգիտեր: Խնդրեց հանդիպել եւ ընթերցել գիրքը, քանի որ ունի գաղափար այն ֆիլմի վերածելու, եւ ես էլ պետք է լինեմ իր Զուլալին: Այն ընթերցելուց հետո իսկապես զարմացել էի, քանի որ շատ գործողություններ չկան, բայց դա քեզ չի խանգարում սուզվելու հերոսների ներաշխարհի մեջ, եւ ես սիրում եմ նման դանդաղ, ներքին գործողություններով պատում, որը վերջում վերջնական հյուսում է մի ընդհանուր պատմություն: Հայկին ինքս նախապես ասացի՝ համաձայն եմ լինել Զուլալին մի պայմանով, որ դու պետք է ինձ օգնես, քանի որ ինքնին դերը շատ բարդ է, եւ ես այն դերասաններից եմ, ով սիրում է, որ ռեժիսորն աշխատում է հետը դերը կերտելու ընթացքում: Իսկապես նա նկարահանման սկզբից մինչեւ վերջ աշխատեց դետալ առ դետալ յուրաքանչյուր դերի վրա»,- պատմեց դերասանուհին:
Հերմինեի խոսքով՝ դերասանական արվեստը ներքին գործողությունների ամբողջություն պետք է լինի: Զուլալիին մարմնավորելը բարդ էր, քանի որ նա ոչ ստանդարտ աղջիկ էր, ով ապրում էր իր աշխարհում:
Հերմինեն նկատում է, որ իր համար Զուլալիի նախատիպ է եղել իր ծանոթ գյուղի մի աղջիկ, ով շատ մոտ է եղել իր տեսակով Զուլալիին:
«Երբ ուսումնասիրում էի Զուլալիին, հասկացա, որ նա բնության մի մասնիկ է: Նա շատ անվնաս, մաքուր եւ ջինջ էակ էր, ինչպես բնությունն է, եւ ես, հենվելով դրա վրա, կարողացա հաղթահարել եւ ստեղծել Զուլալիին այնպիսին, ինչպիսին նա կա: Իմ կարծիքով՝ Զուլալիի նման հերոսների մասին խոսելը կարող է բազում տարակարծությունների տեղիք տալ, քանի որ մեկի աչքերով կարող այլ լինել, մյուսի աչքերով՝ լրիվ այլ, եւ հենց դա է նրա առանձնահատկությունը»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին եւ մտավախություններին, գեթ մեկ վայրկյան չի զղջացել կայացրած որոշման համար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏԱՌԵՐԸ՝ ՄԵՏԱՔՍԻ ՎՐԱ
Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում հոկտեմբերի 24-ի բացվել է լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» առաջին անհատական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին եւ ընդգրկում է հեղինակի 53 աշխատանք, որոնք ստեղծվել են հինգ տարում: Դրանք կտավներ են՝ կատարված մետաքսի վրա, բատիկայի սկզբունքով: Ստեղծագործություններն անտիպ են, քանի որ առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով եւ պատկերազարդման նոր տեխնիկայով: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու եւ յուրակերպ բացահայտելու հայկական տառարվեստի եւ մանրանկարչության առանձնահատկությունները:
Համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաեւ հայկական առասպելաբանության խորհրդանիշերը: Ստեղծագործություններում առկա են նաեւ արվեստի ժամանակակից ընկալումների նոր շերտավորումներ, որոնք աշխատանքները ձեւակերպում են ժամանակին համընթաց:
Այս փորձառությունը հաճելի մարտահրավեր ու ոգեշնչման աղբյուր դարձավ մի մարդու համար, որն արվեստի բնագավառում չունի ակադեմիական կրթություն. «Հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության անքակտելի եւ կարեւորագույն բաղադրիչներից մեկն են, իմ մեջ ցանկություն առաջացավ բացահայտելու հնադարյան գիրն ու զարդարվեստը եւ յուրովի նոր շունչ պարգեւելու դրանց՝ ժամանակի ոգուն համահունչ»,- ասում է Արմենուհին:
Ցուցահանդեսում սպասվում է հանդիպում հեղինակի հետ, որը կներկայացնի իր կրկին առաջին անգամ լույս տեսած նույն աշխատանքների կատալոգը, որտեղ զետեղված են ստեղծագործությունների լուսանկարները՝ համապատասխան գեղարվեստական բացատրություններով:
Արմենուհի Սաղդասարյանի՝ «ԱրթԶ» կրթամշակութային ՀԿ–ի կազմակերպած ցուցահանդեսը տեւելու է չորս օր:
ՀԱՋՈՂ
ՄԵԿՆԱՐԿ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկում աշխարհի առաջնությունում: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակիչում մենամարտեց սլովակ Ալյազ Սիրցելիի հետ: Բոլոր 3 ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին Մադոյանին: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը հոկտեմբերի 2-ին կանցկացնի երկրորդ մենամարտը: Մրցակիցը լեհ Դամիան Դուռկաչն է: Ավելի վաղ Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանն աշխարհի առաջնությունում անցավ հաջորդ փուլ։ Կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին է եղել, եւ հաղթանակը հայ մարզիկին է շնորհվել:
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՄԱՀԱՑԵԼ
Մեկ տարի առաջ կյանքից հեռացած Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան հայտարարել է, որ լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է բժիշկների եւ ընտանիքի սխալ որոշումների հետեւանքով։ «Բժիշկները բազմաթիվ սխալներ են թույլ տվել Մարադոնայի բուժման մեջ։ Նա մահացել է, քանի որ նրա սիրտը պայթել է։ Հետագայում պարզ դարձավ, որ նրա մահը վրա է հասել մարմնում կուտակված ջրի հետեւանքով։ Խելահեղություն էր ընտանիքի որոշումը Մարադոնայի բուժումը կազմակերպել տնային պայմաններում։ Անհրաժեշտ էր, որ նա մնար հիվանդանոցում»,- Մորլայի խոսքը մեջբերում է FOX Sports-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է 2020թ. նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան 2020թ. նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետեւանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։ Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սեւիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ՝ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին եւ խաղացել մինչեւ 1997 թվականը: