44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉՈՐՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի չորրորդ շաբաթը մեկնարկեց մարտի դաշտում ադրբեջանական բանակի հաջողությունների մասին Բաքվից հնչող նոր հայտարարություններով։ Միայն հոկտեմբերի 19-ին եւ 20-ին հեռարձակված երկու տեսաուղերձներում Իլհամ Ալիեւը հայտարարեց 37 բնակավայրերի գրավման մասին։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ դրանց թվում էր նաեւ 1993 թվականի աշնանից հայկական վերահսկողության տակ գտնվող Զանգելան քաղաքը: Այն, որ ադրբեջանական զորքերն արդեն Զանգելանի մատույցներում են, հոկտեմբերի 20-ի առավոտյան հաստատեց նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

 

«Այս պահին [հակառակորդը] Իշխանաձորի, Կովսականի, Միջնավանի հատվածում է։ Չեմ ուզում հավելյալ մեկնաբանություն տալ, թե ինչ է կատարվում: Կարծում եմ՝ էդքանը բավարար է, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ինչի մասին է խոսքը»,- նշում էր Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը։ Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, հարկավոր էր նայել քարտեզին։ Վահրամ Պողոսյանի հիշատակած բնակավայրերը՝ հյուսիսում` Հաքարի գետի ափին գտնվող Իշխանաձորը, հարավում՝ Կովսականը (դա Զանգելանի հայկական անվանումն էր) եւ Իրանի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող Մինջեւանը, միմյանցից բավական զգալի հեռավորության վրա էին։ Դրանց մատույցներում ընթացող միաժամանակյա մարտերը միայն մեկ բան կարող էին նշանակել, որ այդ հատվածում ճակատային գծի ընդհանուր երկարությունը գրեթե 30 կիլոմետր է։ Առավել մտահոգիչն այն էր, որ դրանից մեկ օր առաջ հայկական կողմը հաղորդում էր Խուդաֆերինի ջրամբարի մերձակայքում ընթացող մարտերի մասին։ Ադրբեջանական կողմը Խուդաֆերինի կամրջի մոտ երկրի պետական դրոշը տեղադրելու մասին հայտարարել էր հայկական կողմի հաղորդագրության հրապարակումից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 18-ին։

Փաստորեն, ստացվում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները Խուդաֆերինի կամրջից Զանգելան ընկած 25 կիլոմետրն անցել էին ընդամենը երկու օրում։ Եվ եթե պաշտոնական Ստեփանակերտը թեկուզ փոքր-ինչ քողարկված ձեւով, բայց գոնե փորձում էր հասկացնել հանրությանը, որ հարավային ճակատում օրհասական դրություն է ստեղծվել, Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում էր պնդել՝ խոսքը ոչ թե ադրբեջանցիների ձեռնարկած լայնածավալ հարձակման, այլ սակավաթիվ դիվերսիոն խմբերի կարճատեւ ներթափանցումների մասին է։

«Ադրբեջանական ԶՈՒ հաճախ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբեր թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր (որտեղ լինում են բնակիչներ կամ չեն լինում, կամ բնակավայրեր, որոնք ընդհանրապես բնակեցված չեն էլ լինում շատ վաղուց), այնտեղ նկարահանվում են եւ տարածում են այդ լուրերը։ Դա առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ցավալիորեն ազդում են նաեւ մեր հանրության վրա։ Ես խնդրում եմ բոլորիդ, հորդորում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել», -2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարում էր Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հոկտեմբերի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին, սակայն, երբ թիկունքում դժկամորեն, բայց ի վերջո սկսել էին հասկանալ, թե որքան ծանր է ռազմաճակատում տիրող կացությունը, տեղի ունեցավ անսպասելին. պաշտոնական Երեւանը հայտարարեց հարավային ուղղությամբ իրավիճակի կտրուկ փոփոխության մասին։

«ՊԲ ստորաբաժանումները իրենց գրագետ, հմուտ գործողությունների շնորհիվ ձեռնարկել են համապատասխան միջոցներ եւ հետ են մղել հակառակորդի հարձակումը։ Հակառակորդը սկսել է նահանջել։ Վերջին ժամերի դրությամբ հակառակորդը նահանջել է Խուդաֆերինի ջրամբարի կողմը», – հայտարարում էր Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ն. Պ.

 

 

ՊԱՇՏՊԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՑՆԵԼ

Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գրետա Թամրազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահանջել եւ ստացել է 2014թ. հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները, որից հետո միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323 000 եւ արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 050 դրամ գումարը, որից ընդամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով՝ մնացած 392 550 ՀՀ դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որեւէ ուսանողի՝ յուրացնելով  ՀՀ կրթության եւ  գիտության նախարարության կողմից հատկացված 392 550 դրամը: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գրետա Թամրազյանը քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում քոլեջի 4 ուսանողների անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ, ինչի արդյունքում Գ. Թամրազյանը յուրացրել է 4 ուսանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը՝ պետությանը պատճառելով զգալի չափերի՝ ընդհանուր 76 000 դրամի վնաս: Գ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով, եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2020թ. օգոստոսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Գրետա Թամրազյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով՝ երկու դրվագով, 38-325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, եւ նրան արդարացնել։ Նշված քրեական գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել  այդ  վճռի դեմ՝  խնդրելով բեկանել եւ փոփոխել վճիռը եւ Գրետա  Թամրազյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտել տուգանքի՝ 700 հազար դրամի չափով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել տուգանքի՝ 300 հազար դրամի չափով։  2021թ. մայիսի 12-ին Վերաքննիչ դատարանը որոշել վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել, Գ. Թամրազյանին մեղավոր ճանաչել  ՀՀ քր. օր.-ի  179 հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով նախատեսված եւ 38-325 հոդվածի 1-ին մասով նախատեսված  հանցագործություններ կատարելու համար եւ նրան քրեական պատասխանատվությունից ազատել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Գ. Թամրազյանի պաշտպան Ինեսսա Պետոսյանը այդ որոշման դեմ վճռաբեկ  բողոք է ներկայացրել, բողոքը վարույթ է ընդունվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՓԱՍՏԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«Հրապարակում ենք փաստերով վերլուծություն Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի անօրինական տեղակայումներից եւ անօրինական ամրացման աշխատանքներից մեկի վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատացված 200 հա տարածքից, որից 75-ի վրա կառուցել է երկու հողմակներ, ապօրինաբար զրկվել է գործարարությամբ զբաղվելու իրավունքից, իսկ կրած վնասը, իր հաշվարկով, 5 միլիոն դոլար է: Ավելին, ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. վտանգված է պարբերական գնդակոծություններով խաթարված մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը, մարդիկ զրկված են սեփականության իրավունքից ու գյուղատնտեսությամբ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Այս փաստերը կուղարկվեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմիններին ու ՀԿ-ներին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով»,-նշել է Թաթոյանը:

 

 

13.5 ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստի ընթացքում նշել է, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն: Միջոցառման շրջանակում 1,3 մլրդ դրամ  տրամադրվելու է անհատույց եւ ուղղվելու է 2021թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ֆինանսավորմանը: Նախագծով նախատեսվում է նաեւ տրամադրել միջպետական վարկ Արցախի Հանրապետությանը՝ 12,2 մլրդ դրամի չափով, Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով, մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Որոշման նախագիծը բխում է կառավարության՝ 2021-2026թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

 

 




Լրահոս