Գյումրեցիներն այն համոզմանն են, որ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության հուշագիր ստորագրելով, գնացել ու «նախրի մեջ էշի ճակատն է պաչել»: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատեց: «Բալասանյան» դաշինքն այնքան ձայն էր ստացել, որ կարող էր «Զարթոնքի» հետ կոալիցիա կազմել ու ապահովել անհրաժեշտ 18 ձայնը: Եթե անգամ չէր ցանկանում «Զարթոնքի» հետ համագործակցել, ապա կարող էր Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցել: Բայց եթե ուշադիր էիք՝ քաղաքապետի ընտրություններից 2-3 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալին ու քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետին: «Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ վերոնշյալ ձերբակալությունները բնավ էլ պատահական չեն եղել, ու իշխանություններն այդկերպ Սամվել Բալասանյանին եւ որդուն հասկացրել են՝ ճնշումներն ու ձերբակալությունները կարող են շարունակական լինել»,- նշեց մեր զրուցակիցը: Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը Գյումրիում նեղն է գցել քանիցս ճամբարափոխ եղած Սամվել Բալասանյանին ու ստիպել շարժվել սեփական օրակարգով: Ի դեպ, իշխանությունները ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ ՀՀ բոլոր համայնքներում են ուզում սեփական թեկնածուին համայնքապետ կարգել եւ դա անում են հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդներով՝ շողոքորթելուց մինչեւ ահաբեկում:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի հանդեպ խորհրդարանում առկա վերաբերմունքը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ երբ օրեր առաջ Քոչունցը եկել էր խորհրդարան եւ մասնակցում էր փակ նիստի, իշխանական պատգամավորները նրան միայնակ էին թողել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ նա եկել է Ազգային Ժողով, նրան իշխանական խմբակցությունից ոչ ոք չի դիմավորել, չի ուղեկցել, եւ նրան, ըստ էության, միայնակ են թողել: Եվ, ահա, մեզ տեղեկություններ են հասել, թե ինչու է Կամո Քոչունցը նման վերաբերմունքի արժանացել: Բանն այն է, որ Կամո Քոչունցը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի տեղակալը եւ նաեւ այդ պատճառով է արժանացել իշխանությունների կողմից ոչ հաճո վերաբերմունքի: Բացի այդ, Զինված ուժերում եւ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նրան համարում են նախկին իշխանությունների մաս եւ Մովսես Հակոբյանի ու Արշակ Կարապետյանի կադրը: Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն Արշակ Կարապետյանին իշխանական պատգամավորներն այնքան էլ չեն ընդունում, քանի որ Կարապետյանի կողմից նշանակված անձինք պատգամավորների, հատկապես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չեն: Եվ դա է պատճառը, որ երբ Կարապետյանի կողմից նշանակված անձինք գալիս են խորհրդարան, իշխանական պատգամավորների կողմից նման վերաբերմունքին են արժանի լինում:
Սահմանների կահավորման եւ պաշտպանության ոլորտում խնդիրներ ունեցող երկրում շեշտակի մեծանում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն: Բանն այն է, որ Ազգային ժողովում արդեն մեկնարկել են 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, եւ ենթադրվում էր, որ հատկապես նախորդ տարվա արցախյան պատերազմից հետո պետք է կտրուկ ավելացվեին ռազմական ծախսերը, սակայն Ազգային անվտանգության ծառայությունն է, որ առաջանցիկ տեմպերով բյուջեի աճ է արձանագրել: Ըստ այդմ, 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ: Այստեղ համեմատության համար ընդգծենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բյուջեն 2022 թվականին կկազմի 2.7 միլիարդ դոլար, եւ այս ծախսը 3.6 անգամ ավելի է Հայաստանի ռազմական բյուջեից: Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ: Իհարկե, հաշվի առնելով սահմանների կահավորման հարցը՝ պետք է ավելի մեծ գումարներ տրամադրվեին Պաշտպանության նախարարությանը:
Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաեւ տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով: Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց: Սրան զուգահեռ կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանումը, այլեւ ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները, մինչդեռ ծխախոտի արտադրությունը մեր հանրապետությունում, վերջին տարիների տվյալներով, արդյունաբերության ինտենսիվ զարգացող ճյուղերից էր։ Մասնագետների խոսքերով՝ մինչեւ Քովիդի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները եւս աճում էին, բայց անցյալ տարվանից սկսած՝ պակասել են նաեւ արտահանման ծավալները: