Մեղրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններից հետո դեռեւս հստակ չէ, թե ով է ստանձնելու Մեղրիի համայնքապետի պարտականությունները: Ըստ գրանցած արդյունքների՝ ավագանու կազմը հետեւյալ տեսքն ունի՝ 6 մանդատ ստացել է «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ական մանդատներ էլ «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները: Ստացած մանդատների քանակը, սակայն, բավարար չէ, որպեսզի «Հանարպետություն» կուսակցությունը քաղաքապետի իրենց թեկնածուին ընտրի: Մինչ այս պահն էլ համագործակցության հուշագրի կամ կոալիցիա կազմելու մասին չի հայտարարվել:
Արամ Սարգսյանի գլխավորած ուժի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության՝ Մեղրիի քաղաքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց՝ նորընտիր ավագանու անդրանիկ նիստ դեռեւս չի գումարվել, ու իրեն հայտնի էլ չէ, թե երբ կգումարվի:
Հնարավոր դաշինքի կամ հուշագրի մասին Զաքարյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Մեղրիում համայնքապետը կարող է առանց կոալիցիայի կամ հուշագրի էլ ընտրվել: Եթե ավագանու առաջին նիստից հետո համայնքապետ չի ընտրվում, մեկնաբանեց, ապա ավագանին նույն՝ համայնքապետի ընտրության օրակարգով պարտավոր է այնքան նիստ գումարել, քանի դեռ համայնքապետ չի ընտրվել: «Պարտադիր չէ, որ հուշագիր կնքելու մասին հայտարարություն անեն ու համայնքապետ ընտրեն: Դա կարող են անել նաեւ առանց որեւէ հուշագիր կամ կոալիցիա կազմելու: Օրենքն ասում է՝ նորընտիր ավագանու անդրանիկ նիստում ընտրվում է համայնքապետ, իսկ եթե չի ընտրվում, ապա այն շարունակվում է այնքան, քանի դեռ համայնքապետ չի ընտրվել: Նույն օրակարգով նիստ գումարելու պարբերականությունն ու ժամկետները որոշում է ավագանին: Ավագանու անդամները, հնարավոր է, որոշում են առանց ընդմիջման անընհատ նիստ գումարել, հնարավոր է՝ որոշում են դա անել մի քանի օր հետո: Օրենքը, սակայն, վերջնաժամկետ է սահմանում. եթե չեմ սխալվում՝ ավագանին երկու շաբաթվա ընթացքում պետք է համայնքապետ ընտրի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ավագանուն նշյալ ժամկետում համայնքապետ ընտրել չի հաջողվում, ապա նոր ընտրություններ են նշանակվում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ Մեղրիում բավական անհասկանալի հետընտրական իրավիճակ է այժմ: «Քաղաքացիական պայմանագիրը», որ մեկ մանդատով զիջում է «Հանարպետություն» կուսակցությանը, բացառում է Զաքարյանի հետ համագործակցությունը: ՔՊ-ականները, ըստ երեւույթին, չեն ներում Բագրատ Զաքարյանին, որ իրենց ուրացել ու Արամ Սարգսյանի հետ է այժմ համագործակցել: Մեսրոպ Առաքելյանի ու Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը նույնպես՝ «Ազատականն» ու «Ապրելու երկիրը», ո՛չ ՔՊ-ին, ո՛չ «Հանրապետութանը» միանալ չեն ուզում: Իշխող ՔՊ-ն, սակայն, որդեգրած քաղաքականությանը համաձայն՝ համոզելով, գայթակղելով ու անգամ ահաբեկելով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ցանկանում է իր ձեռքն առնել իրավիճակի վերահսկողությունն ու իր թեկնածուին համայնքապետ դարձնել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԽՆԴԻՐ ԿԱ
Շուտով կլրանա ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատման երրորդ ամիսը, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Շուրջ 3 ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։ Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, եւ ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների եւ ԱԱԾ-ի միջեւ: Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչեւ այժմ նրա փոխարեն որեւէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին:
Նկատենք՝ իշխանությունները հաճախ են կադրային սովի առջեւ կանգնում, քանի որ առաջնորդվում են նախկիններին մերժելու սկզբունքով, իսկ ԱԱԾ-ն էլ պատահական կառույց չէ, եւ նշանակումից առաջ պետք է լուրջ որոշում կայացնել: Թերեւս հենց դա է պատճառը, որ նշանակումն ուշանում է։
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: «Այդպիսով, մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր, այսինքն՝ հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից։ Եվ եթե մենք դեռեւս 2022 թվականին տրամադրենք 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու մինչեւ 2032 թվականը կիրառել եւ հանրապետությունում շրջանառել հին նմուշի անձնագրերը։ Շրջանառվում է այն թեզը, թե այս կերպ խախտում ենք որոշակի միջազգային պայմանագրեր։ Ո՛չ, չենք խախտում, որովհետեւ ունենք այլընտրանք։ Այսօր եւս շարունակում են տրամադրվել կենսաչափական անձնագրեր 10 տարի վավերականության ժամկետով։ Խոսքն այդ անձնագրերին չի վերաբերելու, այլ վերաբերելու է բացառապես հին նմուշի անձնագրերին»,- ասել է նա:
ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է տարածաշրջանում 3+3 պլատֆորմի հետ կապված զարգացումներից։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աշխատանքները տարածաշրջանում 6 երկրների մասնակցությամբ՝ Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսատանի հետ պլատֆորմ ստեղծել, որը Կովկասում խաղաղություն կբերի։ «Սակայն Վրաստանը բացասական է վերաբերվում այս պլատֆորմին։ Բայց եթե բոլորի մոտ սա հավանության արժանանա, տարածաշրջանը խաղաղության ավազանի կվերածվի։ Դե Ալիեւը Հայաստանի հետ քննարկումներ արել է եւ խաղաղության առաջարկ արել։ Մենք էլ՝ որպես Թուրքիա, Հայաստանի հետ հարաբերությունները շատ հստակ ու բաց կներկայացնենք։ Իհարկե, Վրաստանի եւ Ռուսատանի միջեւ հարաբերությունների այլ ընթացքը մեր գործը կհեշտացնի»,- ասել է Էրդողանը։
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ
24 կողմ, 8 դեմ ձայներով Գյումրու համայնքապետ ընտրվեց Վարդգես Սամսոնյանը։ Նա քաղաքապետի միակ թեկնածուն էր: Սամսոնյանին առաջադրել էր «Բալասանյան դաշինք» խմբակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտնել էին, որ թեկնածու չեն առաջադրում, սակայն կողմ են քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, որ քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում, իսկ «Զարթոնք», Հանրապետական, «Ապրելու երկիր» խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել:
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հողի բերրի շերտի նպատակային եւ արդյունավետ օգտագործման, տեղափոխման՝ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվել են մեկշաբաթյա շուրջօրյա վերահսկողական լայնածավալ աշխատանքներ։ Շրջայցերի ընթացքում ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման եւ տեղափոխման 8 դեպք։ Հողային աշխատանքներ իրականացնելիս, խախտելով հողային ծածկույթի վերին շերտի հանման եւ տեղափոխման սահմանված կարգը, տարբեր մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվել է շուրջ 71խմ. սեւահող։ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, իսկ մի շարք նյութեր ուղարկվել են իրավապահ մարմիններին։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՑ
Միասնական սոցիալական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 3-ից:
ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության ծախսերը 2018-ից 2022 թվականներին աճել են 70 տոկոսով։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանին։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ այլնի մասին է։ «Այսպիսով, 2018-2019 թվականներին ԱԱԾ-ն ապահովել է 11 օբյեկտների պաշտպանություն։ Այդ նպատակների համար հատկացվել է 2,5 մլրդ դրամ։ Միեւնույն ժամանակ, 2020 թվականին պահպանվող օբյեկտների թիվը կրճատվել է մինչեւ 10-ի, իսկ 2022 թվականին 10 օբյեկտ դեռ ենթակա է լինելու պաշտպանության։ Միաժամանակ 3,9 մլրդ դրամ կհատկացվի դրանց պաշտպանության համար»,- պարզաբանել է Մինասյանը։