ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է. «Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող բողոքների քննարկումը ցույց է տալիս, որ շարունակվում են համակարգային բնույթ ունեցող խնդիրները։ Նման օրինակ է մարդկանց բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։ Խոսքը հատկապես վերաբերում է հաշմանդամության կենսաթոշակների վրա տարածվող բռնագանձումներին, որոնց հետեւանքով էլ մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ ու կանգնում իրավունքների խախտումների առաջ։ Հարցն այն է, որ բռնագանձում տարածելուց հետո, երբ մարդիկ զանգահարում կամ այլ կերպ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ վերացնելու համար անօրինական բռնագանձումը, ծառայությունը բռնագանձումը վերացնելու փոխարեն դիմողից պահանջում է հիմնավորել, թե ինչու չէր կարելի բռնագանձում տարածել այդ գումարի վրա: Ավելին, պահանջում են նաեւ ներկայացնել այդ ամենը հիմնավորող ապացույցներ՝ ասենք գրավոր դիմումով կամ բանկից տեղեկանք ներկայացնելով:

 

Մինչդեռ ծառայությունն ինքը պետք է նախապես ձեռնարկած միջոցներով պարզեր, որ այն գումարը, որի վրա պատրաստվում է տարածել բռնագանձում, վճարված է քաղաքացուն՝ որպես բռնագանձման ոչ ենթակա հաշմանդամության կենսաթոշակ կամ, օրինակ, նպաստ: Անգամ եթե հարցը բանկի հետ է կապված, միեւնույնն է, պետությունը պետք է ներդրած մեխանիզմների հաշվին լուծի այդ հարցը:

Այլ կերպ ասած, պետության չհաշվարկված գործողությունների պատճառով թույլ տված թերությունները շտկելու բեռը հաշմանդամություն ունեցող անձի վրա թողնելն անթույլատրելի է: Պետությունն ինքը պետք է ահազանգ ստանալուն պես անհապաղ պարզի իրականությունը, այդ թվում՝ եթե սխալ բռնագանձում է տարածել, եւ լուծի առաջացած խնդիրը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը հայտնել է, որ իր մեկ ամսվա կենսաթոշակից բռնագանձում է կատարվել։ Նա նշել է նաեւ, որ բնակվում է մարզում, վատառողջ, անընդհատ բուժում է ստանում հանրապետության տարբեր հաստատություններում, ունի դեղորայքի կարիք։ Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ բանկը սխալմամբ հաշմանդամության կենսաթոշակի գումարը փոխանցել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որպես այլ եկամուտ: Քաղաքացին ստիպված է եղել գնալ մարզի այլ քաղաք եւ ներկայանալ բանկի մասնաճյուղ, քանի որ իրենց տարածքում առկա չէ տվյալ բանկի մասնաճյուղ: Նա տեղեկանք է վերցրել բանկից, ներկայացրել այդ տարածքի հարկադիր ծառայություն, այնտեղից էլ ասել են, որ սեղմ ժամկետներում հարցը չի լուծվի, եւ նա 1 ամսից նոր կարող է ստանալ այդ գումարը:

Մեկ այլ բողոք ներկայացրած անձ հայտնել է, որ հարուցված կատարողական վարույթի պարտապան է, ստանում է հաշմանդամության կենսաթոշակ: Ըստ դիմողի՝ իր հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձվել է գումար: Վերջինս հավելել է նաեւ, որ բարձրացված խնդրի կապակցությամբ դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, սակայն խնդիրը չի կարգավորվել:

Բարձրացված խնդիրը քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում հարկադիր կատարողը տեղեկացրել է, որ իրենց մոտ չի երեւացել, որ նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար է, այդ իսկ պատճառով գումարը բռնագանձվել է: Ըստ հարկադիր կատարողի՝ ինքը կապ է հաստատել բանկի հետ, որպեսզի նրանք գրություն ուղարկեն ծառայությանը նշված հաշվեհամարը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամար հանդիսանալու վերաբերյալ, եւ նշված հաշվեհամարը հաշմանդամության հաշվեհամարը հանդիսանալու վերաբերյալ համապատասխան հիմքեր ունենալու դեպքում բռնագանձված գումարը հետ կփոխանցի պարտապանի հաշվեհամարին:

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն համապատասխան մեխանիզմներ ներդնելու համար, ինչը կերաշխավորի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները եւ վերջ կդնի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձման անընդունելի պրակտիկային»:

Ն. Պ.

 

 

ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

2021 թվականի հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարության՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 767 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ հրդեհի մասին, բարեբախտաբար, կանչեր չեն արձանագրվել, որը պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ: Զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է կասետային 22 հրթիռ, 4 թնդանոթի արկ եւ 9 ավիառումբ: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 30, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 30 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 2, դռան՝ 6 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում եւ ջրամատակարարում: Զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննությանը մասնակցել է նաեւ գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Հիշենենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր: Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաեւ քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր եւ ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային եւ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: Այնուհետ, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անվամբ ձեւականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր 1,433 հա տարածքները 2014 եւ 2017թթ. օտարման միջոցով նա փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին:

 

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԼՑՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԸ

Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը լուսանկարներ, տեսանյութ  է հրապարակել, որ Աղստեւի ձախ ափին գործող Իջեւանի գինու գործարանն արտադրական թափոնները՝ թթվուտները,  լցնում  է  գետը։ Թթվուտների՝ գետը լցվելու տեղում Աղստեւի գույնը փոխվում է։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը  անտեսում է բնապահպանական բացահայտ այդ խախտումը։

 

Մ. Սայադյանը հայտնեց, որ երեքուկես տարի առաջ Իջեւանի քաղաքապետարանի  եւ տարբեր  կազմակերպությունների մասնակցությամբ Աղստեւ գետի հաշվին մեծացել է Իջեւանի գլխավոր հատակագծի մակերեսը։ Այդ տարածքը այնուհետեւ տրվել է Իջեւանի գինու գործարանին, որը, առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ), գետի տարածքում կատարել է շինաշխատանքներ։ Մ. Սայադյանը շուրջ մեկ տարի Շրջակա միջավայրի նախարարությանը եւ այդ նախարարության կազմի մեջ գործող  «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ի իրար փոխած  տնօրեններին   ահազանգել է, որ այդ շինարարությունը մեծ վնասներ է բերելու դենդրոպարկին։ Այդ ահազանգերից հետո   Իջեւան են ժամանել  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  տեսուչները, ովքեր նկարել, արձանագրել են Իջեւանի գինու գործարանի կատարած շինարարության  հետեւանքով  Իջեւանի դենդրոպարկի եւ Աղստեւ գետի կրած վնասները՝ գետի  ավերված հունը (700-800 մետր երկարությամբ), գործարանի սարքած կառույցները, շինարարության հետեւանքով  գետափին  վերացած ժայռը (1870 խմ ծավալով),  դենդրոպարկից կորսված-քշված  կես հեկտար  հողը (մի քանի հազար խմ ծավալով), դենդրոպարկի չորացած ծառերը, ավերված ջրառը, սակայն նրանք անտեսել են Աղստեւի կենդանական աշխարհին պատճառված  վնասը։ Այդ խախտումների համար Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը  Իջեւանի գինու գործարանին տուգանել է 216 հազար դրամի  եւ 350 հազար դրամի չափով՝ գետի հունում կատարված շինարարության համար։ Նույն  բաժինը  դենդրոպարկից  վարձակալությամբ տարածք  վերցրած եւ այն մշակող Մ. Սայադյանի ընտանիքին պատկանող ընկերությանը գետից ոռոգման նպատակով ջրուղի բացելու եւ տաղավարներ տեղադրելու համար տուգանել է 450 հազար դրամով։

Մ. Սայադյանն ասաց, որ իրենց նկատմամբ վարչական ակտ կազմելիս տեսչական մարմինը հղում է արել  բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի կետին, մինչդեռ   դենդրոպարկերը եւ բուսաբանական այգիները արհեստածին են, բնության հատուկ պահպանվող տարածքներ  չեն։ Մ. Սայադյանի ընտանիքին պատկանող «Կանաչ սիմֆոնիա»  ՍՊԸ ներկայացուցիչը վարչական բողոք է ներկայացրել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Դավիթ Խառատյանի՝ 2021թ. օգոստոսի 16-ի «Վարչական տույժ նշանակելու» որոշման դեմ։ Հոկտեմբերի 25-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, քննելով այդ վարչական բողոքը,  որոշել է բողոքը չբավարարել, վարչական տույժ նշանակելու որոշումը թողնել անփոփոխ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս