Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է անգամ սեփական թիմակիցների քննադատության նկատմամբ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշ ժամանակ առաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ, տիկին նախարարն իրեն ուղղված բոլոր հարցադրումների համար փորձել է արդարացումներ գտնել: Ջղաձգվել է, երբ թիմակիցները առողջապահական ոլորտի ու կորոնավիրուսի դեմ տարվող գրեթե արդյունք չտվող պայքարի մասին հարցեր են բարձրացրել ու դիտարկումներ արել: Մեր զրուցակիցը նշեց, որ Ավանեսյանն արել է բան, որ տպավորություն ստեղծի, թե ինքն իր կաշվից դուրս է գալիս, անում հնարավորն ու անհնարը, բայց, դե, միայն իրենով ոչինչ չի փոխվի:
«Իհարկե, միայն իր աշխատելը քիչ է, թիմ պետք է աշխատի, բոլորով միասին լուծումներ գտնեն ու դրանք կյանքի կոչեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Բայց եթե սեփական գերատեսչությունը նորմալ չի աշխատում, նախարարության վարչություններն ու գերատեսչությունները մեկը մյուսից անտեղյակ են, իրար չեն փոխլրացնում, ապա այդտեղ ոչ ոք մեղավոր չէ,- փոխանցեց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրը՝ շարունակելով:- Ի՞նչ է նշանակում Առողջապահության նախարարության այն հայտարարությունը, թե կորոնավիրուսի տարածման տեմպերը հուշում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն, որ վերահսկող մարմնի՝ նախարարության՝ գործառույթները թերի կատարելու հետեւանքով իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ: Այսինքն՝ վերահսկող մարմինը, իհարկե՝ առանց հասկանալու, բարձրաձայնում է, որ վատ է կատարում իր աշխատանքը»: Վերոնշյալ հանդիպման ժամանակ է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ որեւէ դեպքում ընդհանուր «լոքդաուն»-ի չի գնալու երկիրը: Հասկացրել է՝ դրա համար կան կոնկրետ պատասխանատուներ, որոնց թերի աշխատանքի հետեւանքով է, որ այսօր նման պատկեր ունենք: Այս ամենը չի խոչընդոտում, սակայն, Անահիտ Ավանեսյանին՝ մարզային իր գործուղումներն ուղղաթիռով՝ Սանավիացիայով իրականացնել, եւ, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները բյուջեի վրա, տարբեր հաշվարկներով, արժեցել են մոտ 2 մլն դրամ: Ուշագրավ է, որ նույն իշխանությունը շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին էր քննադատում, որ ուղղաթիռով էր աշխատանքի գնում-գալիս, մինչդեռ Վահե Հակոբյանի՝ ուղղաթիռով երթեւեկելու ծախսերը հոգում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ ոչ թե պետությունը: Համեմատության համար նշենք, որ Ղազախստանի առողջապահության նախարարը ընդամենը ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել Սանավիացիայի օդանավից օգտվելու համար եւ այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Թեեւ նախարար Ելժան Բիրտանովի փաստաբանը պնդում է, որ նախարարը ստիպված է եղել պետական օդանավով մեկնել, քանի որ վարակված է եղել կորոնավիրուսով, այցն էլ երկրի վարչապետի հետ համաձայնեցված է եղել, բայց դա երկրի ղեկավարության կողմից որպես արդարացում չի ընկալվել, ու Բրիտանովը լքել է պաշտոնը: Նույն սցենարը Հայաստանի պարագայում իհարկե չի գործի, քանզի իշխանությունը նախ կադրային լուրջ խնդիր ունի ու Ավանեսյանին պաշտոնանկ անելուց հետո երկարատեւ փնտրտուքների մեջ է լինելու, ապա ոլորտի ոչ կոմպետենտ ղեկավարներին ցտեսություն ասելու պրակտիկա իշխող թիմը չունի: Կամ էլ Ավանեսյանը կարող է ազատվել պաշտոնից, սպասել, ու որոշ ժամանակ անց գործող իշխանությունը նրան նորից նույն պաշտոնին կնշանակի՝ ճիշտեւճիշտ նույն սցենարով, ինչպես եղավ ՀՀ Զու ԳՇ նախկին ու ներկա պետ Արտակ Դավթյանի պարագայում:
Նա, հիշեցնենք, «ժանտախտի օրերին» որդուն հարսանիք անելով, օրենք էր խախտել ու այդ հիմքով ազատվել պաշտոնից, բայց պատերազմից անմիջապես հետո հետողորմյա անելով՝ ԳՇ պետի աթոռը Նիկոլ Փաշինյանը նորից Դավթյանին էր «նվիրել»:
Ս.Վ.
ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Առուշանյանն այս մասին հայտնել է՝ կալանավայրից հայտարարություն տարածելով։ Առուշ Առուշանյանից հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է, ArmLur.am-ը կապ է հաստատել Ասպրամ Կրպեյանի հետ՝ հասկանալու համար, թե պատրաստվում է մանդատը վերցնել, թե ոչ։ Մեզ հետ զրույցում Կրպեյանը հայտնեց, որ վերցնելու է մանդատը եւ իր աշխատանքը հետագայում շարունակելու է խորհրդարանում։ Այլ մանրամասներ Ասպրամ Կրպեյանը չհայտնեց՝ նշելով, որ ավելի մանրամասն կխոսի Հայաստան վերադառնալուն պես, այս պահին արտերկրում է։ Հիշեցնենք, որ Ասպրամ Կրպեյանը Թաթուլ Կրպեյանի դուստրն է։
ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի լիցենզավորման գործունեությանը խոչընդոտող որոշ հարցերն առաջիկայում կլուծվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է ավելացնել արտահանման եւ մեծածախ առեւտրի քվոտաները: Կսահմանվի քվոտաների նվազագույն չափ: Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ գնել, վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Բացի այս, արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձի: Ի դեպ, հայտ ներկայացնելիս անձը կարող է հայցել մինչեւ մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար: Իսկ հայտատուն կարող է դիմել լիցենզավորման միայն անհրաժեշտ տարածքային եւ գույքային հագեցվածությունն ապահովելուց հետո:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կանեփի հումքի արտահանման ամեն դեպքում մեկ տոնան գերազանցող ամեն տոննայի համար սահմանվելու է 60 մլն դրամի տուրք: Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիեցենզավորումն իրականացնելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Տեղեկացնենք, որ լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի «Թմրամիջոցների մասին» օրենքը։ Այն անձինք, որոնք տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիա ստանալու համար։
ՊԱՐԳԵՒԱՎՃԱՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
2020 թվականի փետրվարից սկսած՝ ՀՀ ԱԺ պատգամավորները որեւէ պարգեւավճար չեն ստացել։ Այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին։ Պապոյանի խոսքով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար նախատեսված են պարգեւավճարներ՝ նրանց ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով։ «Վարորդները, հանձնաժողովների փորձագետները, պատգամավորների օգնականները, տեխնիկական անձնակազմը կշարունակեն պարգեւավճարներ ստանալ, սակայն պատգամավորները չեն ստանա»,- նշել է Պապոյանը։
36143 ԵՐԵԽԱ Է ԴԻՄԵԼ
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հրապարակել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի դիմելիությունը՝ 2020 եւ 2021 թվականների համեմատականով։ «2020թ. հիվանդանոց է դիմել 36143 երեխա, որից 12055-ը բուժօգնություն է ստացել ստացիոնար պայմաններում, իսկ 24088-ը՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում: 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար բաժանմունքում, իսկ 31804-ին՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում: 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ COVID-19 դրական ախտորոշումով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում»,- նշել է նա։
ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ
Հերթական ընտրության ռեժիմով ընտրված նորընտիր ավագանու նիստերը 20-օրյա ժամկետում հրավիրվում են միայն մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքներում։ Այս մասին նշել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: «Համամասնական ընտրակարգով ընտրվող նորընտիր ավագանիների առաջին նիստերը գումարվում են օրենքի ուժով, կարգավորվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 5-րդ գլխով, հոդված 64-ի 1-ին կետի համաձայն։ նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչեւ համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը: Որեւէ պաշտոնյա իրավասու չէ հրավիրել այդ ավագանիների անդրանիկ նիստը, որեւէ պաշտոնյա իրավասու չէ կամայական սահմանել անդրանիկ նիստի օրը։ Հաշվի առնելով, որ մի շարք համայնքների ընտրական ժամանակացույցը խախտվել էր, ապա, տրամաբանորեն, նորընտիր ավագանիների առաջին նիստերը պետք է անցկացվենին ՏԸՀ-երի կողմից մանդատների բաշխման մասին արձանագրությունները կազելու (հոկտեմբերի 28) հաջորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին»,-նշել էնա:
«ՍԻՆՈՖԱՐՄ»-Ի ԽՄԲԱՔԱՆԱԿ
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ։ Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում եւ պատվաստումային շարժական կետերում: Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: