Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցել է 996 մասնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին, որը միտված է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մասնակցել է 996 մասնագետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի ծրագրին մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Այս թիրախային խմբի ուսուցիչների շուրջ 11 տոկոսը դիմել էր մասնակցելու կամավոր ատեստավորմանը: Փաստացի մասնակցել է 996 ուսուցիչ կամ դիմած ուսուցիչների 72, 6 տոկոսը»,-շեշտեց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ առաջնային ստուգման արդյունքում կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը պետք է ստանա հավելավճար 30-ից 50 տոկոսի չափով: «Փորձնական փուլի արդյունքներով մենք իրականացրինք փոփոխություն շեմերի մասով: 80-ից 89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները պետք է ստանային 30 տոկոս հավելավճար, իսկ 90 և ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոս հավելավճար, սակայն որոշվեց, որ 70-ից 79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները ստանում են 30 տոկոս հավելավճար, 80-ից 89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոս հավելավճար, իսկ 90 և ավելի ցուցանիշ ունեցող ուսուցիչները՝ 50 տոկոս հավելավճար»,-հայտնեց Անդրեասյանը:

Փոխնախարարը հստակեցրեց, որ հավելավճարը վերաբերում է ուսուցչի հիմնական աշխատավարձին, և եթե նա դասավանդում է տարբեր առարկաներ, որոնցից միայն մեկով է մասնակցել գիտելիքների ստուգմանը, ապա բարձրացումը վերաբերում է նաև մյուս առարկաների ժամաքանակներին, այսինքն՝ խոսքը ուսուցչի հիմնական աշխատավարձի մասին է:

Անդրադառնալով բողոքարկման փուլին՝ փոխնախարարն ասաց՝ ստացել են 254 դիմում և բողոքարկման արդյունքներով հավելավճար ստացող ուսուցիչների թիվն ավելացել է 13-ով և փաստացի կա 481 ուսուցիչ, ինչը մասնակիցների 48,5 տոկոսն է: «Ատեստավորումն անցած համարվում են նաև 60 և ավելի հավաքած ուսուցիչները: Բողոքարկման արդյունքներով 60 և ավելի բարձր ցուցանիշ ցույց տված ուսուցիչները կազմում են 65,2 տոկոս»,-շեշտեց Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ կամավոր ատեստավորման միջոցով նպատակ չունեն ստուգել ուսուցիչների մանկավարժական կարողությունները: Ըստ նրա՝ ծրագիրն առարկայական գիտելիքների ստուգում էր, իսկ ուսուցիչների մանկավարժական կարողությունների, մասնագիտական փորձառության և հմտության հաշվառումը տեղի է ունենում այլ գործիքակազմով՝ տարակարգերի միջոցով:

Փոխնախարարը շեշտեց՝ հիմա կան ուսուցիչներ, որոնք թե՛ կամավոր ատեստավորման արդյունքում են հավելավճար ստանում, թե՛ տարակարգ ունեն:




Լրահոս