2021 թվականի նոյեմբերի 9-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի, ԱՀ նախագահ Ի. Գ. Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության ընդունման մեկ տարին։ Այս քայլը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը եւ սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ եռակողմ համաձայնագրերի տարելիցի հետ կապված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է. «Կարող ենք արձանագրել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում։ Ընդ որում, կարեւոր է, որ Բաքուն եւ Երեւանը հավատարիմ մնան դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը եւ խիստ պահպանմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) զգալի ներդրում ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։ Մեր ադրբեջանցի եւ հայ ընկերները գնահատում են դա: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի եւ պահվող անձ։ Դրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան, ադրբեջանական կողմին 3 փաթեթ ականապատ դաշտերի քարտեզներ են փոխանցվել։
ՌԽԶ-ն ակտիվորեն ներգրավված է խաղաղ կյանքի հաստատման գործում: Տարածաշրջան կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է առաքվում, տարածքները մաքրվում են (2020 թվականի նոյեմբերից ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 2311.5 հա տարածք եւ 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա)։ Կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները վերականգնվում են: Մոտ 53 հազար փախստական վերադարձել է իրենց տները։ Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունիս 1581 տոննա մարդասիրական բեռներ (էլեկտրակայաններ, ինժեներական եւ հրշեջ սարքավորումներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ) եւ 800 տոննա շինանյութ է հասցրել տարածաշրջան: Աշխատանքներ են տարվել հումանիտար ականազերծման ուղղությամբ։
Մտադիր ենք մեր գործընկերների հետ հետեւողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձեւակերպված են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ:
Կարեւոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաեւ ԿԽՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների ներդրումը։
Մենք կանենք ամեն ինչ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, խաղաղության նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք ուղղված են բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը՝ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման հարցերի լայն շրջանակի մասով։ Մենք պատրաստ ենք նաեւ նպաստել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հասարակության ներկայացուցիչների միջեւ երկխոսությանը Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ՝ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման նպատակով։ Մենք կողմ ենք Հարավային Կովկասի երկրների եւ դրանց հարեւանների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորմանը, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը»։
Ն. Պ.
ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ «ՀԱՅՓՈՍՏ» ԿԱՐԳԵԼՎԻ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են սահմանափակումները։ Գրեթե բոլոր երկրներում իշխանությունները տարատեսակ արգելքներով ու սահմանափակումներով ստիպում են քաղաքացիներին պատվաստվել, քանզի համավարակի դեմ պայքարի միակ միջոցը դա են համարում։ Հայաստանում կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ տարեց մարդիկ, թոշակառուները այն թիրախային խումբն են, որոնք չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, իսկ վարակվելու դեպքում վերջիններս մոտ շատ բարձր է մահացության ցուցանիշը։ Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ արգելելով՝ կառավարությունը ցանկանում է զերծ պահել թոշակառուներին վարակվելուց։ Շուտով «Հայփոստ-ի ծառայություններից կկարողանան օգտվել միայն պատվաստված քաղաքացիները։ Բացի այդ, «Հայփոստ»-ի ծառայություններից օգտվում են նաեւ սոցիալական նպաստ ստացողները, որոնց մեծ մասը գրանցված աշխատող չէ, եւ վերջիններս կորոնավիրուսի համար հանդիսանում են թիրախային խումբ, շատ ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում արդյունքը լինում է անդառնալի։ Ստացվում է, որ չպատվաստված քաղաքացիները շուտով չեն կարողանա նաեւ թոշակ ու նպաստ ստանալ։
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Արմեն Գեւորգյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ ամրագրել, որ ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր նշվի սեպտեմբերի 27-ը: Նրանք հիմնավորման մեջ նշում են, որ միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին: Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը եւ միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
ՇՓՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի ընդունման տարելիցի կապակցությամբ շփումներ նախատեսված չեն. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր այդ մասով շփումներ նախատեսված չեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին` արդյոք պլանավորվում են շփումներ երեք երկրների ղեկավարների միջեւ համաձայնագրի տարելիցի կապակցությամբ։ Նա մանրամասնել է, որ Մոսկվայի եւ Բաքվի ու Երեւանի միջեւ շփումը տեղի է ունենում տարբեր մակարդակներով եւ բացառապես կանոնավոր կերպով: «Ինչ վերաբերում է երեքի շփմանը, ապա եթե մի օր նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայումս ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- հավելել է Պեսկովը։
ՉԻ ՓԱՐԱՏԻ
«Պատերազմը պարտված իշխանությունը եւ պատերազմում առաջնորդող պրոպագանդիստը պատերազմից մեկ տարի հետո պայմանավորվում են միավորել ջանքերը, բացահայտել պարտության պատճառները եւ հասնել ճշմարտության»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը: «Իմացա՛ծ եղեք, որ այդ «ճշմարտությունը» երբեք չի փարատելու մեր մտահոգությունները եւ լույս չի սփռելու մութ պատմությունների վրա: Հակառակը՝ այդ «ճշմարտության» մեջ թաղվելու են բոլոր մութ պատմությունները: Իշխանությունն իրեն քննության է առնելու զոհի, արդարի, խաբվածի, տառապածի, ժողովրդի եւ նախկինների բոլոր մեղքերով խաչվածի պատվանդանից եւ սրբագրելու է սեփական պատմությունը՝ սերունդների առջեւ ինքնամաքրվելու նպատակով: Ես ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին: Ես չէի ցանկանա, որ վերջին պատերազմը քննվի այնպես, ինչպես Ապրիլյան 4-օրյա պատերազմը»։
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ ԼՂՀ կատարած այցին։ Ադրբեջանական ռազմական նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է, որ Արշակ Կարապետյանը «անօրինական կերպով է այց կատարել Ադրբեջանի տարածք՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության ներքո գտնվող շրջան»։ Հայտարարության մեջ նշվում է որ «Արշակ Կարապետյանի անօրինական մուտք գործելը Ադրբեջանի տարածք, այնտեղ հայկական անօրինական կազմավորումների հետ հանդիպումներն ու արած հայտարարությունները այդ կազմավորումների մարտական պատրաստականության մասին հանդիսանում են ռազմաքաղաքական սադրանք»։ Բաքվում կարծում են, որ այցը կանխամտածված է իրականացվել եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարելիցի նախաշեմին։ Ուշագրավ է այն, որ Ադրբեջանը կարծում է, որ այս այցով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ սահմանված դրույթները եւ «նպատակ ունի լարվածություն առաջացնել ռեգիոնում եւ ստվերել ռուս խաղաղապահների գործունեությունը»։
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետի որոշմամբ՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։Ս