ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ԵԱՀԿ ՄԽ ՄԱՆԴԱՏԻ ՆԵՐՔՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի եւ նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա՝ Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

 

44-օրյա պատերազմը, որն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ մշակութային հուշարձանների միտումնավոր թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ եւ պատերազմական այլ հանցագործություններով, հանգեցրեց հազարավոր զոհերի եւ տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների եւ ավերածությունների։ Պատերազմի հետեւանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձավ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների եւ զանգվածային ոճրագործությունների զոհ:

Ադրբեջանը դեռեւս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Միտումնավոր խեղաթյուրելով եւ կամայականորեն մեկնաբանելով 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը եւ սպառնում ուժի կիրառմամբ, ինչը ոչ միայն հակասում է նշված հայտարարությունների տառին եւ ոգուն, այլեւ միտված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի խաթարմանը:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից բացահայտ կերպով վարվող շարունակական հայատյաց քաղաքականությունը, ուժի կիրառման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո։

Ադրբեջանի կողմից Արցախի եւ նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետեւանքով ձեւավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ադրբեջանի այն պնդումները, թե պատերազմի արդյունքում միջազգային ասպարեզում այլեւս գոյություն չունի ոչ միայն ԼՂ հակամարտությունը, այլեւ Լեռնային Ղարաբաղը, նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ հենց եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես տարածքային միավոր:

Միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործումը, մասնավորապես` առաջնային կարեւորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, նախ եւ առաջ՝ բոլոր ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձումը, անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտումը եւ բռնի անհետացումների դեպքերի հետաքննությունը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ապահովման համար։

Հակամարտության համապարփակ եւ տեւական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում եւ տեղահանված արցախահայության՝ Արցախի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում եւ Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացում՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:

Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման, քայլ առ քայլ թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, տարածաշրջանում կայունություն եւ խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ։ Միաժամանակ գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը եւս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով հայատյացության, ագրեսիվ հռետորաբանության եւ գործողությունների իր քաղաքականությունից։

Ն. Պ.

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ

Օրերս Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Արցախում պատերազմի ընթացքում Տավուշի մարզից զոհերի, գերիների եւ անհետ կորածների թվի մասին։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի  գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի անունից  ուղարկված  գրավոր պատասխանում նշված է, որ 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմի զոհերի, գերիների եւ անհետ կորածների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն Տավուշի մարզպետարանում առկա չէ։ Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհվել է Տավուշի մարզի 116, անհետ կորել՝ 14 բնակիչ, հայտնի չէ, թե այդ 14 անհետ կորածների մեջ ներկայումս Ադրբեջանում գտնվող գերի կա, թե ոչ։ Կառավարության աշխատողը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, հայտնեց, որ կառավարությունը ներքին կարգով, բանավոր հրահանգել է մարզպետարաններին, որպեսզի դրանք զոհվածների եւ անհետ կորածների թվեր չհրապարակեն։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ Է ՏԵՂԱԴՐՎԵԼ

Տավուշի մարզպետարանի շենքի առաջին հարկում տեղադրվել է արգելափակոց, որը  փակում է  քաղաքացիների մուտքը դեպի մարզպետարանի աշխատասենյակներ։ Մարզպետարանի աշխատակցուհու փոխանցմամբ՝ այդ արգելափակոցը տեղադրվել է երեք շաբաթ առաջ։ Քաղաքացիների՝ մարզպետարան այցելությունների ժամանակ մարզպետարանի աշխատակիցը հարցնում է, թե մարզպետարան եկած քաղաքացին ում մոտ է գնում, կապվում է մարզպետարանի այդ աշխատողի հետ, եւ վերջինիցս է կախված՝ քաղաքացին ընդունելություն է գտնում մարզպետարանի աշխատակցի  մոտ, թե ոչ։ Տավուշի մարզպետարանը գործում է 1996թ.  փետրվարի 19-ից,  եւ անցած ավելի քան 25 տարում նման արգելափակոց չի եղել։ Տավուշի մարզպետն է 2021թ. ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնին նշանակված, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վարչապետ դառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի դարպասներն էր բացել քաղաքացիների համար, սակայն հիմա մեծ թիկնազորով է շրջում։ Նրա հարսանիքի քավոր Տավուշի  մարզպետն էլ իր հերթին մարզպետարանում նորամուծություն է արել։ Ի դեպ, մարզպետարանի շենքի մուտքին  թուղթ  է փակցված, որին գրված է, որ մարզպետարանի մուտքը միայն դիմակներով է։ Նոյեմբերի 8-ին լինելով  Տավուշի մարզպետարանի շենքում՝ տեսանք, որ մարզպետարանի շատ աշխատակիցներ առանց դիմակների կամ դեմքից իջեցրած դիմակներով էին այդ շենքում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ ԿՎՃԱՐՎԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ

 

Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝ 2022թ. հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով։

 

Բացառություն կկազմեն հետեւյալ կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով.

l 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,

l 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները եւ լիազորագրով կենսաթոշակ ստացողները:

Այսպիսով, բոլոր այն քաղաքաբնակ կենսաթոշակառուները, որոնք կենսաթոշակը ստանում են կանխիկ եղանակով եւ բացառությունների խմբում չեն, արդեն իսկ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որեւէ բանկ կամ «Հայփոստ»). դիմելու վերջնաժամկետը 2021թ. դեկտեմբերի 30-ն է։

Եթե քաղաքացին ընտրում է «Հայփոստ»-ը, ապա «Հայփոստ»-ի հետ պետք է նախապես կնքի Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման ու համալրման պայմանագիր եւ այդ պայմանագիրը կնքած լինելը հավաստող տեղեկանքը (տեղեկանքը տրամադրվում է «Հայփոստ»-ի կողմից) ներկայացնի դիմումին կից։

Բանկ ընտրելու դեպքում քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ չի ներկայացնում։

Այնուհանդերձ, եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչեւ 2021թ. դեկտեմբերի 30-ը չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա ՀՀ քաղաքներում 2022թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որեւէ վճարող կազմակերպություն։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին կենսաթոշակառուն կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) հաղորդագրություն ստանալու եղանակով։ Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաեւ խնամքի նպաստի եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգեւավճարների եւ պատվովճարների վրա։

Հիշեցնենք, որ կենսաթոշակների, նպաստների վճարման հետ կապված համանման ընթացակարգն արդեն իսկ կիրառվել է Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում 2021 թ. հուլիսի 1-ից։

Ն. Պ.




Լրահոս