Ադրբեջանի նկրտումները երբեք չեն ավարտվի, պետք է արագորեն դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել. ռուս վերլուծաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայել է եւս մեկ անցակետ: Այս մասին երեկ տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայությունը:

Նրանք հայտնել են, որ համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Իսկ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ:

Երեք օր առաջ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը որոշել է Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող` Էյվազլիի հատվածում մաքսային ու անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանում օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։

Հայաստանը նաև հայտարարել է, որ մենք նույնպես ըստ անհրաժեշտության մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրենք, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին վարչապետը հորդորում է օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։ Ի վերջո, ինչ է հնարավոր անել այս իրավիճակում, ինչ անելիք ունի այստեղ ռուսական կողմը, այս հարցերի պատասխանները ArmLur.am-ը փորձել է ստանալ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովից:

-Պարո՛ն Կոլերով, հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր են տեղադրվել Ադրբեջանի կողմից եւ իրադրության սրման է գնում ադրբեջանական կողմը: Ի՞նչ սպասել այս իրավիճակում:

– Ադրբեջանը չի դադարեցրել եւ չի դադարեցնի Հայաստանի տարածքների փուլային էքսպասնսիան եւ զավթողական քաղաքականությունը: Այս պահին նրանց նպատակը Զանգեզուրն ու Նախիջևանի հետ տարածքային ամբողջականությունն է, որին էլ նրանք ցանկանում են հասնել:

-Ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում ո՞րն է:

-Հայաստանի և Ադրբեջանի միջեւ այդ հատվածում պաշտոնական սահման չկա: Այդ պատճառով այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի գործն է: ՌԴ-ն չի կարող պաշտպանել մի սահման, որը նույնիսկ ճանաչված չէ, դելիմիտացված ու դեմարկացված չէ: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Ադրբեջանի նկրտումները երբեք չեն ավարտվի, նրանք պատերազմ ցանկանում են, սակայն Հայաստանը դրան պատրաստ չէ: Պետք է արագ իրականացնել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց:

-Սակայն նշվում է, որ այդ գործընթացը երկարատև կարող է լինել:

-Կամ պետք է երկկողմանի լինի այդ գործընթացը, կամ էլ միակողմանի հնարավոր է սեփական ուժերով կահավորել այդ հատվածը: Կարեւոր է նաեւ Հայաստանի խորքում ճանապարհների կառուցումը, որոնք կարող են այլընտրանք լինել: Ինչ վերաբերում է դելիմիտացիային եւ դեմարկացիային, ապա նկատենք, որ Երեւանն անգամ պաշտոնապես ասում է, որ սահմանի պաշտոնական որոշման գործընթացը դեռ չի սկսվել եւ չի ընթանում: Ինչ վերաբերում է  3+3 ֆորմատին, որի մասին շատ է խոսվում, դա ընդամենը ուտոպիա է: Պետք է ժամ առաջ սկսել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ:

Ն.Հ.




Լրահոս