«Դատապարտում ենք «սահմանախախտման» ցանկացած փորձ», եվրոպական խորհրդարանում լրջորեն անհանգստացած են երեկվա թեժ մարտերի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավավիճակի վերջին սրման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Մենք լրջորեն անհանգստացած ենք երեկվա թեժ մարտերով, որոնք հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերջին աճին։ Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան ձեռնարկած ռազմական գործողությունը համարվում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումն է մինչ օրս՝ թողնելով դեռևս չհաստատված թվով սպանված, վիրավոր և գերի ընկած զինվորներ։

Մենք կոչ ենք անում իրավիճակն արագորեն ապաէսկալացնել և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունն ու Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը։ Մենք կրկնում ենք՝ սահմանի հետ կապված հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ոչ թե ուժի կիրառմամբ և միակողմանի գործողությունների միջոցով։

Դատապարտում ենք «սահմանախախտման» ցանկացած փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք: Մենք աջակցում ենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման կոչին, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Դա ներառում է կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև:

Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի կետերին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից։

Ավելին, մենք անհանգստացած ենք հայկական քաղաքներն ու գյուղերը Ադրբեջանի տարածքով կապող ճանապարհների խափանման մասին հաղորդագրություններով և կարծում ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնագրի ոգուն և անտեղի խոչընդոտներ ստեղծում տեղաբնակների կյանքում:

Ցավում ենք, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևին, հակամարտության հետ կապված բազմաթիվ հայ կալանավորներ դեռ գերության մեջ են, և մենք կրկին այս հարցով դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին։ Նաև վերահաստատում ենք մեր կոչը՝ փոխանակելու ականապատման բոլոր քարտեզները, ինչը թույլ կտա քաղաքացիներին վերադառնալ նախկին հակամարտության շրջաններ:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության հաստատմանն ուղղված միջոցներին և ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ բարձրաձայնելուն, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և հակամարտության երկարատև կարգավորման շուրջ քննարկումների վերականգնմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:




Լրահոս