Այս տարվա ապրիլից ՀՀ ոստիկանության եւ հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների եւ կաշառքի բազմաթիվ դեպքեր:
«Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ եւ դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»,- այս մասին գրված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ ժամանող ուղեւորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ: Մասնավորապես, առանձին բժիշկ համաճարակաբաններ, բուժհաստատությունների՝ կոնկրետ գործառույթներով օժտված անձինք պատրաստել եւ առանձին քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղեւորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են՝ ըստ պահանջի: Այդպիսով, նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ հոսպիտալացվելու, անարգել տեղաշարժվել, մուտք գործել ՀՀ տարածք: «Այս ապօրինի գործողությունների հետեւանքով նշված քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել ՀՀ-ում, օտարերկրյա պետություններում հակահամաճարակային սահմանափակումները՝ վտանգելով համավարակի պայմաններում ՀՀ-ում հիվանդության տարածման եւ առաջացած համաճարակի հետագա կանխման, բնակչության առողջության պահպանման նպատակով պետության կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը: Պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող եւ համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով վերը նկարագրված ակնհայտ ապօրինի գործողությունների համար ստացել են տարբեր չափերի՝ 5000-ից մինչեւ 40.000 ՀՀ դրամ կաշառք»,- հայտնում են դատախազությունից: Վերոնշյալ հանցագործությունների առթիվ ՀՀ ԱԱԾ-ում եւ Ոստիկանությունում հարուցվել է 20 քրեական գործ, որոնք վերաբերում են Երեւան քաղաքի եւ Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում՝ պոլիկլինիկաների: Քրեական գործերով այս պահին, նախնական տվյալներով, պատվաստման բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ են ստացել եւ դրանց հիման վրա «ԱՐՄԵԴ» համակարգում ապօրինաբար գրանցվել կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել (ավելի քիչ թվով) ընդհանուր շուրջ 310 քաղաքացի: Քրեական գործերի նախաքննությամբ կատարվել են տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարներ, ձեռք են բերվել պատվաստված չլինելու պայմաններում կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց տվյալներ պարունակող ցուցակներ: Կոռուպցիոն հանցավոր այս կառուցակարգերում ներգրավված բազմաթիվ բուժաշխատողներ տվել են խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործերով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր 15 անձի, որոնցից 9-ը կալանավորվել է: Քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:
Ն. Պ.
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիր քաղաքի բնակչի կողմից Սլովակիայի Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ըստ քննությամբ պարզված հանգամանքների՝ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի ոստիկանության տարածաշրջանային դեպարտամենտում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30 տարեկան տղամարդ: Փաստի առթիվ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, 30-ամյա տղամարդուն վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է՝ Արմավիր քաղաքի 54-ամյա բնակիչ: Վերջինիս նկատմամբ Սլովակիայի իրավապահ մարմինների կողմից դեռեւս 2016թ. մայիսին հայտարարվել է միջազգային հետախուզում, որի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, իսկ 2018թ. հոկտեմբերին հիշյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Արմավիրի բնակչին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 27-ին Արմավիրի բնակիչը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը 30-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. սեպտեմբերի 12-ին հետապնդել եւ ժամը 23:40-ի սահմաններում Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի Կոնեչնա փողոցում կանգնեցրել է տուժածի ավտոմեքենան, իսկ երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08:10-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացին ընկել է, որը «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Նույն տեղեկությունը ստացվել է նաեւ ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Գեղամ Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, անզգուշություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում: Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում հարուցվել եւ վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 09-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի 1949թ. ծնված Մուրադ Ծատուրի Արզումանյանի կողմից նույն համայնքում տեղակայված իր առանձնատան դիմացի ծածկի առաստաղից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Արցախի ՔԿ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննիչը: Կատարվում են համապատասխան քննչական եւ դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա: Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում: Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից եւ հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից եւ գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը: