ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՄՆԱ ՆԱԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 2-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ, եւ սահմանվել է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ եւ հունվարի 6-ը: Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել եւ հունվարի 2-ը եւս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»:

 

Այսպիսով, Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաեւ հունվարի 6-ը:

«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը եւ 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որեւէ գնահատական, կարծիք: Պատգամավորը հիշեցրեց, որ Մայր Աթոռը եւս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաեւ հունվարի 5-ը եւ 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով: Նախարարը վստահեցրեց, որ ընդհանուր դիրքորոշումը ձեւավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարը վստահեցրեց, որ դա եւս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաեւ շատ կարեւորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, եւ նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն եւ քվեարկվեն:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան, դրանց էական նշանակություն տրվի: Նա հիշեցրեց, որ նման նախագիծը դեռ մշակվել էր 2017-2018 թթ. այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: «Սակայն այդ նախագծի  շրջանակներում էլ հաշվի էր առնվում Մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը եւ խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչու՞ է դրան այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի եւ ընդունելի չէ: Ի՞նչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի, առավել եւս՝ պատերազմից հետո»,-ասաց պատգամավորը:

Նախարար Քերոբյանը, անդրադառնալով Վարդեւանյանի՝ «առավել եւս՝ պատերազմից հետո» արտահայտությանը, ասաց. «Հայտի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի: Դրա մեջ նշված է նաեւ 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար: Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել եւս՝ պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է»:

«Հայաստան» խմբակցության առաջարկը նախարարը չընդունեց: Լրամշակված նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 6-ը:

Ն. Պ.

 

 

ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ

Դեկտեմբերի 5-ին կկայանան  Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ խոշոր  համայնքները  միավորող Նոյեմբերյան  խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։  Այսպիսով, Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր 19 բնակավայրերը կներառվեն մեկ համայնքի մեջ։  Ի տարբերություն Դիլիջանում հոկտեմբերի 17-ին կայացած եւ նոյեմբերի 14-ին Իջեւանում կայանալիք ավագանու համամասնական կարգով ընտրությունների՝ Նոյեմբերյանում շատ թեժ պայքար է սպասվում։ Նոյեմբերյան խոշոր համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր»   կուսակցության ավագանիների ցանկը, ձեռներեց Մհեր Աղամյանը՝ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության,  Կողբ եւ Զորական գյուղերն ընդգրկող Կողբի խոշոր համայնքի արդեն նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը բաղկացած է  33 անձից, ցանկի բոլոր անդամները այդ կուսակցության անդամներ են։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ավագանու 25-հոգանոց ցանկից  18-ը այդ կուսակցության անդամներ են, մնացածը՝ անկուսակցական, այդ ցուցակի առաջին համար Մհեր Աղամյանն անկուսակցական է։  «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների 32-հոգանոց  ցանկը  գլխավորող Արսեն Աղաբաբյանն անկուսակցական է,  ցանկից  «Ապրելու երկիր»  կուսակցության անդամ են 24-ը, 8-ը՝ անկուսակցական։

 

 

136 ԿԻԼՈՄԵՏՐԸ՝ ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ԺԱՄՈՒՄ

Իջեւան-Երեւան եւ  հակառակ ուղղությամբ  միկրոավտոբուսային երթուղին սպասարկում է 1983թ. Փարիզի Օռլիի օդանավակայանում պայթյուն իրականացրած Վարուժան Կարապետյանի ընկերությունը։ 2019թ. նրա մահից հետո  այդ երթուղին շահագործում է Վ. Կարապետյանի ընկերը, որը Կոտայքի մարզի բնակիչ է։ Այդ երթուղում գործող հին «Գազել» մակնիշի ավտոմեքենաները Երեւան-Իջեւան 136  կիլոմետրը  անցնում են միջինը երկուսուկես ժամում։ Այդ  ժամանակի մեջ մտնում է Սեւանի ԱԳԼՃԿ-ում «Գազելների»՝  գազով լիցքավորման ժամանակը։ Նախկին տարիներին «Գազելները», առանց ճանապարհին  գազով լցավորվելու, առանց կանգառի  էին անցնում նշված երթուղին, սակայն հիմա ճանապարհի կեսին կանգնում, մեքենաները  գազով  լցավորում են։ Հայտնի չէ՝ ավտոմեքենաներում առկա գազը չի հերիքում տեղ հասնելու համար, թե Սեւանի ԱԳԼՃԿ-ներում, Երեւանի եւ Իջեւանի ԱԳԼՃԿ-ների համեմատությամբ,  ավելի լավ են լցավորում, այդ պատճառով են վարորդները, ճանապարհի կեսին ուղեւորներին իջեցնելով,  միկրոավտոբուսները  գազով լցավորում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՊՎԾ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ՎԵՐՑՆՈՒՄ

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաեւ պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության եւ արդյունավետության կարեւորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ՝ ՊՎԾ-ն 2021թ. դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ եւ ավել պայմանագրային արժեքով բոլոր շինարարական աշխատանքները: ՊՎԾ-ից հայտնում են, որ իրավական եւ այլ անբարենպաստ հետեւանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց եւ կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները եւ զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսեւորելուց։

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ

ԹԻՐԱԽԱՅԻՆ

Երեկվա ադրբեջանական կրակոցները՝ Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետեւի ու կողային ապակիները: Այս մասին նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ եւ վարել է հողը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փատահավաք աշխատանքներով ստուգվել եւ հաստատվել են: Կրակոցներն արձակվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, տեղի են ունեցել 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում: Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ուղղված է ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարում է մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն եւ երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից են անպատժելիությունը, ինչպես նաեւ պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին»,- գրել է Թաթոյանը։

 




Լրահոս