44-օրյա պատերազմի մասնակից 19-ամյա Վրեժ Բադալյանը, որը Մատաղիսում թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորումից կորցրել է տեսողությունը, չնայած շատ երիտասարդ լինելուն, ամուսնացել եւ գեղեցիկ ընտանիք է կազմել:
Պատերազմն իր հետքն է թողել ժամկետային զինծառայող Վրեժի կյանքում։ 1 տարի 5 ամսվա ծառայողի համար պատերազմը անսպասելի է սկսվել։
«Մենք առավոտյան շուտ ենք տագնապով դիրքեր բարձրացել, իսկ մինչ այդ ոչ մեկիս մտքով էլ չի անցել, որ հնարավոր է՝ պատերազմ սկսվի»,- պատմում է Վրեժը։
Վրեժը Մատաղիսում երկու անգամ վիրավորվել է։ Թեժ կռիվների եւ ռմբակոծության ընթացքում վնասվել են ուսն ու թոքը։ Չնայած վիրավոր լինելուն՝ երեք օր շարունակ կռվել է` գտնվելով շրջափակման մեջ։
Կատաղի ու թեժ կռվի ժամանակ մարտիկը երկրորդ անգամ ծանր վիրավորվում է ԱԹՍ-ի հարվածից՝ կորցնելով տեսողությունը։ «Երկրորդ անգամ, երբ որ ռմբակոծության տակ հայտնվեցինք, նորից վիրավորվեցի ու արնաքամ վիճակում կորցրի գիտակցությունս»,- պատերազմի ծանր ապրումները նորից է հիշում Վրեժը։
Այսօր արդեն Վրեժը փորձում է հաղթահարել պատերազմի թողած ծանր հետքերը։ Դեռ պետք է վիրահատվի 3-4 անգամ։ Դեմքի պլաստիկ վիրահատություն են անելու, իսկ աչքը վիրահատելու են, որ տեսողությունը վերականգնեն, սակայն, ցավոք, այն Հայաստանում անել չեն կարող։
Վրեժի աչքերն ու լույսն է դարձել եւ իր սիրով ուժ է տալիս նրա կինը՝ Քրիստինան:
Զույգը ընկերություն է արել դեռ դպրոցական տարիներից, սովորել են նույն դասարանում, որտեղից էլ ծնվել է միմյանց նկատմամբ մեծ սերը:
Վրեժի կինը՝ Քրիստինան, խոստովանում է, որ այնքան էլ հեշտ չէ հերոսի կին լինելը, դիմանալ նրա պահանջկոտ բնավորությանը, բայց երբ կա իրական սեր, ամեն դժվարություն հետեւում է մնում:
Քրիստինան ու Վրեժը շատ երազանքներ ու նպատակներ ունեն, որոնց պետք է հասնեն՝ ամուր ձեռք ձեռքի բռնած, եւ օրինակ պետք է լինեն շատ ու շատ զույգերի համար, քանի որ կյանքը պայքար է, եւ հանձնվել չկա:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՏԻԿ ԶԱՐԴԵՐ ԵՆ ԳՏԵԼ
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է Ք.ա. 15-14 – Ք.ա. 7-6 դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումների ղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ տարիների ընթացքում, ամենայն հավանականությամբ, դամբարանախցից զգալի քանակությամբ պերճանքի առարկաներ եւ զարդեր են տարվել։
«Դամբարանի վերգետնյա մասը վնասված է, փորձել են սալերը տեղաշարժել, բայց, հավանաբար, ծանրության պատճառով չեն կարողացել։ Փորձել են նաեւ մտնել դամբարանախցի մեջ։ Գանձախույզները մասամբ ավերել են մի քանի դամբարաններ՝ թշնամաբար վերաբերվելով մեր նախնիների պատմամշակութային ժառանգությանը»,- ասում է Փիլիպոսյանը։
Նրա խոսքով՝ ավելորդ հողակույտը հեռացնելուց հետո պարզ է դարձել, որ դամբարանը շուրջ 14 մետր տրամագծով կրոմլեխ (բրոնզեդարյան կառույցի տեսակ) ունի։ Պեղումների ղեկավարի կարծիքով՝ հավանաբար դամբարանախցի մեջ անտիկ դարաշրջանում նորից թաղում են արել ու հանգուցյալի հետ խեցեղեն դրել։ Թաղումը եղել է խմբային. դամբարանի տերը պառկած էր առանձին՝ մեջքի վրա եւ կծկված ոտքերով, իսկ ոտքերի մոտ 7-8 մարդու կմախքներ կային։
«Միանշանակ խմբային թաղում է եղել, ինչը վկայում է Սեւանի ավազանում ժամանակին կատարված զոհաբերությունների մասին»,- նշում է պեղումների ղեկավարը։
Նախորդ տարիներին Քանագեղից հայտնաբերված գտածոները պահվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդում։ Այս պեղումներից գտնված հնագիտական նյութը նույնպես կհանձնվի «Էրեբունի» թանգարանին։ Հնամարդաբանական նյութը կուսումնասիրի արշավախմբի անդամ, ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Պեղումները կշարունակվեն նաեւ եկող տարի։
Քանագեղի հնավայրի պեղումների արշավախմբի կազմում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Հասմիկ Սիմոնյանը, Տիգրան Զաքյանը, Լուսինե Ալեքսանյանը, Հայաստանի պատմության թանգարանի ու Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը։ Պեղումների ընթացքին պարբերաբար ծանոթացել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։
Պեղումները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
1980-ական թվականներին հուշարձանում պեղումներ է կատարել անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը, 1998-2004-ին հնավայրում աշխատել է Աշոտ Փիլիպոսյանը։
ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է իր բարձր աշխատավարձի մասին հարցին։ «Այո, իմ աշխատավարձը ֆինանսական բեռ է ակումբի համար, բայց ես իմ աշխատանքը կատարում եմ ամենաբարձր մակարդակով, եւ նորմալ է, որ ինձ այդքան գումար են վճարում։ Բարդ կլինի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը։ Շատ լուրջ մրցակցություն է։ Պետք է ամեն խաղում ցուցադրել առավելագույնը։ Մենք մտադիր ենք հաջողության ձգտել նաեւ Կոնֆերենցիաների լիգայում»,- Կոնտեի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Կոնտեի տարեկան աշխատավարձը «Տոտենհեմում» 18 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։
ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔ
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Անսու Ֆատիի վնասվածքը կանխատեսվածից թեթեւ է եղել, եւ նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է արդեն այս ամիս. հաղորդում է Mundo Deportivo-ն։ Անսու Ֆատին ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածքը ստացել էր «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում։ Նա գոլի հեղինակ էր դարձել 5-րդ րոպեին, սակայն փոխարինվել էր ընդմիջմանը։ Վիգոյում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 3։3 հաշվով։ Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերին ստացած ծնկահոդի վնասվածքից հետո Անսու Ֆատին խաղադաշտ էր վերադարձել այս տարվա սեպտեմբերին։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ։
ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ
Ֆրանսիայի ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ կլինի Բրազիլիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը. հաղորդում է ESPN-ը։ Մեսին վերականգնվել է վնասվածքից հետո եւ մասնակիորեն մարզվել է Արգենտինայի հավաքականի ընդհանուր խմբում, իսկ հետո վարժություններ է կատարել թիմից առանձին։ Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 13-ին կհյուրընկալվի Ուրուգվայի թիմին։ Այդ խաղին Մեսիի մասնակցությունը քիչ հավանական է։ Բրազիլիա – Արգենտինա դիմակայությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին։