Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է Ադրբեջանին անցել: «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով արդեն պարզ էր՝ Ադրբեջանը տեղակայվելու է այդ ճանապարհին, իսկ նրանք, ովքեր միայն այսօր են զարմանում, ապա կա՛մ աշխարհագրություն չգիտեն, կա՛մ չեն հասկացել ստորագրված փաստաթղթի էությունը: Ստացվում է՝ այսօր Ադրբեջանն իր տարածքում անում է այն, ինչ ցանկանում է: Եթե այսօր սահմանային անցակետ է տեղադրել, վաղը կարող է փորել այդ ճանապարհը ու այդտեղով տրանսպորտային միջոցների երթեւեկը չթույլատրել կամ ձերբակալել այդտեղով անցնող մեր քաղաքացիներին՝ մեղադրելով Ադրբեջանի դեմ կատարած հանցագործության համար: Ամեն ինչ կարող է լինել»,- մեզ հետ զրույցում մանրամասնում էր Հակոբյանը: Ըստ Արցախի հերոսի՝ Ադրբեջանը Սյունիքով դեպի Նախիջեւան գնացող միջանցք ունենալու ցանկություն ունի: Ալիեւի խոսքերն էր մեջբերում, որ «եթե միջանցք բառը ձեզ դուր չի գալիս, ապա կարող ենք Լաչինի միջանցքը եւս վերանվանել»: Իսկ եթե Լաչինի միջանցքը վերանվանվի, բացատրում է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետը, ու այն դառնա ՀՀ-ն Արցախին կապող ուղղակի ավտոմայրուղի, ապա Ադրբեջանն այդտեղ էլ մաքսային ու անձնագրային կետեր տեղադրելու հարց կբարձրացնի: «Այսինքն՝ Սյունիքում տեղադրված անցակետը «մեսիջ է» մեր իշխանությանը, որ եթե չլինի «միջանցք», ապա նմանատիպ անցակետեր կլինեն Արցախում, Սյունիքում, վաղը, մյուս օրը՝ մեկ ուրիշ հատվածում, որտեղ կկարողանան տեղակայվել Ադրբեջանի զինված ուժերը: Ու հենց այսպես կձեւավորվեն մեր հարաբերությունները»,- հավելում էր մեր զրուցակիցը:
Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում էր: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ այս պալատի ստեղծումն ամրագրված է դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ: Ըստ այդմ, այդ օրենքի նախագծով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ: Որպես այս պալատի ընդունման կարեւորություն՝ նշվում է այն հանգամանքը, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին: Այս օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որից ընթացիկ ծախսերի գծով՝ շուրջ 28.3 մլն դրամ, եւ ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով՝ շուրջ 6.6 մլն դրամ։
Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Հակոբյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը որոշում է կայացրել այն մասին, որ քրեական գործը պետք է քննի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների վարչությունը, եւ այն պետք լինի իր հսկողության ներքո: Տեղեկացանք, որ դեպքից հետո իրավապահ համակարգում անդրադարձ է եղել մայրաքաղաքում վերջին ամիսներին աղմակահարույց սպանություններին, որոնց մասով դեռեւս իրավապահները փնտրում են սպանությունները կատարողներին: Ասել է թե՝ չի բացառվում երեկ կատարված եւ, առհասարակ, վերջին ամիսներին կատարված աղմակահարույց սպանություններից հետո իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց սկսվի, քանի որ բացահայտումների ցուցանիշները գոհացուցիչ չեն։
Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 10.4 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 9 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են պակասել 7.9 տոկոսով: Նշված ժամանակահատվածում պակասել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները 2.2 տոկոսով, փոխարենը ավելացել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները 17.5 տոկոսով: Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը աճել է 24.7 տոկոսով, ներմուծումը, հակառակը, նվազել է 0.4 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել` ներմուծման դեպքում՝ 68.8 տոկոս: Օդային տրանսպորտով արտահանման ծավալները կտրուկ նվազել են՝ կազմելով 24.1 տոկոս: Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 7 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է: