ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏԻՑ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց երեկ բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:  Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Նշենք, որ հավաքվածներն իրենց դժգոհությունն էին հայտնում այն բանի համար, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։ Երեկ առավոտյան ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ: Այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, հրմշտոց էր սկսվել, որից հետո ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

 

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասել է. «Ահազանգ ունենք ոստիկանության կենտրոնականի բաժնից, որ նախկին ազատամարտիկ մեր ընկերներից մեկի ինքնազգացողությունն է վատացել: Նրան տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ինքնազգացողությունը վատացել է: Հիմա պատգամավորները շտապ կարգով մեկնելու են բաժիններ՝ իրավական աջակցություն ցուցաբերելու, որովհետեւ արդեն ավանդույթ է՝ դարձել կեղծ ոստիկանական զեկուցագրերի հիման վրա հարյուրավոր մեր քաղաքացիներ բերման են ենթարկվում, եւ ոստիկանները զբաղված են Նիկոլի համար ոստիկանական տեռոր իրականացնել ողջ երկրով մեկ: Էլ չասեմ, որ տասնյակ մեր քաղաքացիների վրա կարվել են քրգործեր, եւ որոշները արդեն հայտնվելու են դատարաններում»,-ասել է նա:

«Արդեն մի քանի ժամ այստեղ նստած կառավարության անդամները վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորության գլխավորությամբ ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ, մաքսակետ: ԱԽ իբր թե քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ ամենալավ ճանապարհն էր սարքել Սյունիքում շրջանցող: Հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները միայն կարող են դա անել: Իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ: Եթե այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որեւէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել: Երեկվանից արդեն այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ կամ դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարեւորագույն մայրուղիներից մեկի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն: Իրենք դրանից չեն ամաչում, Նիկոլը չի ամաչում»,-ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ իշխանությունների դավաճանական գործունեության արդյունքում Հայաստանի հարավը կտրվել է մնացած երկրից, շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր. «Սրանք պարգեւավճարներ են բաժանում, փոխարենը առաջնագծի մեր դիրքը շարունակում է մնալ չկահավորված, վրանային, ձմռան դիմաց շարունակում են մնալ անպաշտպան, եւ թշնամին, վստահ լինելով, որ քանի դեռ այս շենքում նստած է Նիկոլ Փաշինյանը, կարողանում է իր սեւ գործն անել ՀՀ տարածքում»,- ասել է  Գ. Մանուկյանը:

Ն. Պ.

 

 

1482 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 325 521-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 36 քաղաքացի, մահացածների թիվը 6867 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք։ Նոյեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1360 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 43 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8227-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1522 է, ընդհանուր առողջացածներինը՝ 287 856, փաստացի բուժվողներինը՝ 29 438: Մեկ օրում արվել է 13 310 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 215 632 թեստավորում:

 

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑ

Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների առաջիկա օրակարգում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելը: Այդ մասին նշեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչման օրնագիծը Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց որեւէ սակարկության ու ընդդիմության: Երկրորդ ընթեցրմամբ քննարկումը սպասվում է 2022 թվականի մարտին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր աջակիցների թիվն ավելացնելու եւ այս հարցը նաեւ Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար: Մենք հիմա նախնական փուլում ենք, կարեւորն, ի վերջո, պետական քաղաքականության վրա ազդելն է»,-ասաց հանձնախմբի նախագահը: Ըստ Անետ Մոսկոֆյանի՝ Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը շատ կարեւոր քայլ է: Առաջին անգամ է, որ Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հարցն այս մակարդակի է բարձրացվել: Հայ դատի հանձնախմբի նախագահն ընդգծեց հայ համայնքի համախմբված աշխատանքը: Հետեւողական աշխատանքի արդյունքում ժամանակի ընթացքում ընդլայնվել է համակիրների շրջանակը, հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար նամակներով դիմել են իրենց պատգամավորներին՝ հանդես գալով համապատասխան կոչերով: «Մենք այս աշխատանքներում Ցեղասպանությունը միայն պատմական իմաստով չենք դիտարկում: Ընդգծվում է, որ ցեղասպանության չճանաչումն առիթ է տալիս, որ նորից վտանգի մեջ լինի հայ ժողովուրդը, ինչպես որ տեսանք արցախյան վերջին պատերազմի ժամանակ»,- ասաց Անետ Մոսկոֆյանը: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։




Լրահոս