Այս անգամ ArmLur.am-ի հյուրն է հայտնի լրագրող, մանեքենուհի Անի Քոչարը: Քոչարի հետ զրուցել ենք քաղցկեղը հաղթահարելու եւ որդու ապրումների մասին:
-Անի՛, մի քանի տարի առաջ Ձեր քաղցկեղի մասին լուրը տարածվեց ամբողջ երկրով: Անցաք բարդ եւ դժոխային ճանապարհ: Ի՞նչ հասկացաք այդ ճանապարհն անցնելիս:
-Իմ կյանքը բաժանված է մինչ հիվանդությունը եւ հիվանդությունից հետո: Դա նաեւ կյանքը վերանայելու, վերարժեւորելու, շատ մարդկանց կյանքից ֆիլտրելու ընթացք էր: Այս մասին իրականում ասելիք շատ ունեմ, բայց եթե շատ հստակ ձեւակերպեմ, ապա դա իմ կյանքի այն կետն էր, երբ ես հասկացա, որ եթե դուրս գամ այդ դժոխքից եւ կյանքը եւս մեկ անգամ ապրելու հնարավորություն ունենամ, ապա ես այն հիմնովին պետք է այլ կերպ ապրեմ: Ինձ առաջինն օգնեց Աստված, քանի որ առանց տիրոջ կամքի անհնար է հաղթահարել նման մահացու ախտորոշումը, իսկ իմ պարագայում արյան քաղցկեղի ծանրագույն տեսակներից մեկն էր: Այդ ընթացքում իմ կողքին էր իմ ընտանիքը՝ մի մասը՝ ֆիզիկապես, իսկ մյուս մասը՝ հոգեպես: Ինձ նաեւ այդ իրավիճակից հանեց իմ հարազատների սերն ու ջերմությունը, որն ինձ գոտեպնդեց պայքարել եւ ոչ մի անգամ չթուլանալ: Ողջ պայքարի ընթացքում ավագ քույրս՝ Օֆելին, իմ կողքին էր, թողել էր իր ընտանիքը, կյանքը եւ օրնիբուն հիվանդանոցում կողքիս էր:
-Յուրաքանչյուր ուժեղ կին ունի նաեւ շատ նուրբ կետեր, որոնց հպվելիս կարող ես փոթորկել նրան: Ի՞նչն է Ձեզ այս կյանքում ուժեղ դարձնում:
-Ուժեղ լինելս զգում եմ, երբ ինչ-որ բարդ փորձություն եմ անցնում: Այդ պայքարի ընթացքում չես զգում, թե որքան ես ուժեղ, որքան թույլ: Ես այն մարդկանցից եմ, ով չի սիրում հանձնվել եւ միշտ հասնում է իր առջեւ դրված նպատակներին: Ինձ համար սկզբունքային էր սկսածս գործը հասցնել ավարտին: Ինձ համար մահն այն էր, երբ որդիս ինձանից հեռու էր, երբ մի քանի օրով կարող էի ընդամենը նրան տեսնել, երբ նա նեղվում էր եւ չէր հաշտվում, որ իր մոր շքեղ վարսերը կարող են այլեւս չլինել… Նրա համար այդ փաստը շոկային էր, սարսափ ֆիլմ էր հիշեցնում: Նա մայրիկին սովոր էր տեսնել միշտ գեղեցիկ, խնամված, ուժեղ: Նա շատ մեծ ցավ էր ապրում, գրկում էր եւ ասում. «Մա՛մ, ես չեմ ուզում քեզ դրսում ծաղրեն»: Ես ասում էի. «Դավիթ ջա՛ն, ինձ ոչ ոք չի կարող ծաղրել, դու չգիտես, թե քո մաման ինչքան ուժեղ է, մի՛ վախեցիր, ինձ ոչ մեկը չի նեղացնի»: Այդ պահին հասկացա, որ է՛լ ավելի ուժեղ պետք է լինեմ եւ պետք է պայքարեմ մինչեւ հաղթանակ (հուզվում է):
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՐԳԻՉ ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Ֆրանսիացի երգիչ, դերասան եւ պրոդյուսեր Դեւիդ Սերերոն ելույթ կունենա Երեւանում:
Երգչի մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Vivaldi Hall-ում:
Սերերոն առաջին անգամ է Հայաստանում, բայց, ինչպես ինքն է նշում, այս այցը հաստատ վերջինը չի լինի: «Ես արդեն վայելում եմ Երեւանը. այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն եւ կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից:
«Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել ելույթ ունենալու որպես երգիչ, հայ են եղել: Համերգներիս հանդիսատեսի շրջանակում եւս գերակշռել են հայերը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են, միշտ հյուրընկալ եւ ընկերասեր: Շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»,- ասում է Սերերոն:
Օպերային երգչին անչափ դուր է գալիս հայկական խոհանոցը, իսկ հայ կանայք արդեն հասցրել են հիացնել նրան: «Կարծում եմ՝ հայ կանայք աշարհում ամենագեղեցիկ հոնքերն ունեն»,-ասում է նա: Հայաստանում ելույթ ունենալը Սերերոն համարում է երազանքի իրականացում, իսկ սպասված հրավերը ստացել է իր լավ ընկերոջից՝ Արմանդո Ղուկասյանից: «Նա իմ ընկերն է, որը շոու-բիզնեսում ամենաաշխատասեր մարդկանցից է: Միշտ կարեւոր նախաձեռնություններ է իրականացնում: 2019-ին նրա հրավերով ես ելույթ եմ ունեցել Օդեսայում եւ հենց այդ օրվանից նրան ասել եմ, որ մի օր անպայման ելույթ եմ ունենալու հայերի համար գեղեցիկ Հայաստանում»,-շեշտում է արտիստն ու հավելում, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին, կիսում է հայերի ցավն ու ցանկանում ավելին անել նրանց համար:
Դեւիդ Սերերոն հայտնի է իր օպերային, հեռուստատեսային ու բեմական գործունեությամբ: Երգիչն աշխարհում ունեցել է ավելի քան 1600 համերգ, գլխավոր դերերով հանդես է եկել այնպիսի անվանի օպերաներում, ինչպիսիք են՝ «Սիրանո դը Բերժերակ», «Օթելլո», «Նաբուկկո», «Մարդը Լամանչիից», «Ռիչարդ III», «Կարմեն» եւ այլն: Երգիչն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Air France-ի՝ «Արվեստի եւ մշակույթի ոլորտում լավագույն ֆրանսիացի ձեռնարկատերը՝ դրսում», The Dale Wasserman հիմնադրամի կողմից՝ «Դոն Կիխոտի լավագույն երգիչ-դերակատար», ճանաչվել է «Բրաշով քաղաքի արտիստ-դեսպանը»: