«ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ Է». Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատասխանեց լրագրողի հարցերին՝ կապված սահմանային լարված իրավիճակի հետ:

 

-Նախօրեին Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց նախորդ օրվա իրավիճակի վերաբերյալ. տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է թշնամին գալիս հայկական դիրքերի ուղղությամբ: Նշվել էր, որ չորս դիրքային տարածքներում շրջափակման մեջ են մեր զինվորները: Ենթատեքստում իրենց հայտարարության Դուք ի՞նչ տեսաք, եւ այդ իրավիճակը, երբ կրակոցներ, փաստորեն, հայկական կողմից չեն հնչում, եւ հակառակորդը շատ հանգիստ կարողանում է մոտենալ մեր դիրքերին, ինչի՞ մասին է վկայում:

-Ես ուզում եմ մի շատ կարեւոր նկատառում անել այս իրավիճակի շուրջ. ՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ զինված ուժերի գործողությունների համար պատասխանատու չէ: ՀՀ զինված ուժերի ցանկացած գործողության պատասխանատուն ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է՝ Արտակ Դավթյանը՝ մարդ, որը երբեւէ նկատողության չի արժանանում Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ եթե այդ առիթով է Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվել, ապա դա սահմանադրական խնդիր է, որովհետեւ պաշտպանության նախարարը բանակի հետ առնչվում է բանակին վերաբերող քաղաքականություն մշակելու եւ այլ հարցերով. Սահմանադրության մեջ հստակ գրված են այն կետերը, որոնցով պաշտպանության նախարարն է զբաղվում: Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է զորքի մարտունակության, զորքի գործողությունների համար, եւ եթե չի եղել կրակոց, չի եղել դիմադրություն, եւ խելոք հանձնվել են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները, դրա թիվ մեկ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, այլ ոչ թե Արշակ Կարապետյանը: Սա հստակ պետք է ֆիքսենք, եւ մնացած որեւէ հայտարարություն չի կարող կյանքի ուժ ունենալ կամ կենսագործվել, որովհետեւ մենք ունենք Սահմանադրություն, որտեղ հստակ սահմանված է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաքելությունը:

-Ձեր պատկերացմամբ՝ հիմա ընդդիմությունը ի՞նչ պետք է անի, պե՞տք է սպասի՝ այլ քայլեր լինեն բանակում, դիրքերում, կամ ինչ-որ հնարավոր փաստաթուղթ ստորագրվի, հետո քայլեր անի, թե՞ մինչեւ այդ: Ըստ Ձեզ՝ ունի՞ այդ ներուժը ընդդիմությունը  պայքարի, եւ խորհրդարանի կամ փողոցային պայքարի միջոցով հնարավո՞ր է արդյոք հեռացնել Փաշինյանին:

-Ես ուզում եմ ասել, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ նիստեր են հրավիրել, եւ փորձ է արվում նաեւ կոնսենսուսային որոշում կայացնել: Ըստ ամենայնի, կլինի արձագանք, կլինի այնպիսի արձագանք, որը կբխի իրավիճակից: Անելիքները շատ են, բայց պետք է նայել արդյունավետությանը, եւ նաեւ պետք է ընդդիմության եւ ներկա իրավիճակի հնարավորությունները հաշվի առնել: Մեր ձեռքերը մեծ հաշվով շատ ազատ չեն այն իմաստով, որ մենք գործ ունենք երկրի անվտանգության հետ, եւ նույնիսկ եթե ինչ-որ հարցի քննարկում պետք է կազմակերպենք, մեզ համար դժվար է, օրինակ, համաձայնել դրանք բաց ֆորմատով քննարկել, որովհետեւ կան անվտանգային հարցեր, այսինքն՝ երբ որ երկրի անվտանգությանն է վերաբերում, ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակային լինի, եւ այս մասով ընդդիմությունն իհարկե ունի որոշակի կաշկանդվածություն:

-Դուք գրառում էիք արել, որով առաջարկում էիք,  որպեսզի խորհրդարանական ընդդիմադիր հատվածը, խմբակցությունները վայր դնեն մանդատները: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ իրավիճակի կբերի, եւ արդյոք այս պահին ստեղծված իրավիճակում դա կարո՞ղ է լուծում լինել:

-Իմ գրառումը, խոստովանեմ, հուսահատության պոռթկում էր, որովհետեւ խորհրդարանական երկրում ԱԺ պատգամավորն անզոր է որեւէ իրավիճակ փոխել, այն էլ՝ այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, ՀՀ տարածքային ամբողջականությանը եւ, ընդհանրապես, մեր երկրի անվտանգությանը: Մեր աչքի առջեւ մեր հայրենիքի սահմանները փոքրանում են կամաց-կամաց, ու մենք չենք կարողանում ոչինչ անել: Որեւէ պարզաբանում չկա: Դուք տեսաք, որ նախանցած շաբաթ,  որպես հանձնաժողովի նախագահ, աշխատանքային քննարկում էի կազմակերպել խորհրդարանում, բայց ՀՀ վարչապետը հարկ չհամարեց գալ եւ չուղարկեց որեւէ մեկին՝ որպես լիազոր ներկայացուցիչ: Այսինքն՝ խորհրդարանական վերահսկողությունը միայն բառ է, գեղեցիկ տերմին, զրոյական ազդեցություն ունեցող գործիք է, հետեւաբար չունենք մենք խորհրդարանական երկրին հատուկ որեւէ գործիքի կիրառում: Իմ առաջարկը պայքարի տարբերակներից մեկն է, բայց մենք պետք է ռադիկալ քայլեր անենք, որպեսզի գործող իշխանությունը հասկանա, որ չի կարող երկրի սահմանների փոփոխություն տեղի ունենալ, եւ նա, օրինակ, պաշտպանության նախարարի փոփոխությամբ փորձի իրավիճակը շտկել, շեղել ուշադրությունը: Եթե այս իշխանությունը ի զորու չէ խնդիրները լուծելու, թող գնան: Ի վերջո, եթե դու չես կարողանում ծանրաձողը բարձրացնել, պետք է խոստովանես եւ հրաժարվես այդ քայլից:

-Տեսակետ կա, որ մանդատները վայր դնելը սահմանադրական ճգնաժամ երկրում չի ստեղծի, եւ, ըստ էության, ԱԺ-ն կկարողանա շարունակել աշխատանքը:

-Դա ոչ թե տեսակետ է, այլ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորներն անգամ եթե հրաժարվեն մանդատներից, եւ որեւէ մեկը պատգամավորական մանդատ չվերցնի, որեւէ բան չի լինի, եւ խորհրդարանական մեծամասնությունը կգա, իր յոթանասուն քանի հոգով կնստի, եւ իր Հարկային օրենսգիրքն էլ կընդունի եւ մնացած օրենքները՝ այդ թվում, եւ խորհրդարանական ճգնաժամ չի լինի: Դրա համար գրել էի, որ մեզ անհրաժեշտ է կոնսենսուսային լուծում, այսինքն՝ մենք պիտի հասկանանք, թե ինչ է դա մեզ տալու: Սա իմ տարբերակն է, գուցե գործընկերներս այլ բան կառաջարկեն, բայց պետք է քայլ անել:

 

 

ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ ՆԻՍՏԸ

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել էր հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել:

 

Նիստը պետք է տեղի ունենար երեկ դռնփակ ռեժիմով: Ազգային Ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, սակայն, ընդմիջումից հետո հայտարարել է՝ քանի որ հիմնական զեկուցողը բացակայում է դահլիճից, հարցը հերթական նիստերի օրակարգից դուրս է գալիս: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ երեկվա նիստը:

 

 

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՓՈՐՁ

«Մեր զինված ուժերը մարտական գործողությունների վարման, հրամանատարական ենթակայության, հրամանատարների եւ զինվորների միջանձնային հարաբերությունների, մարտական գործողությունների մարտավարական քայլերի փորձ ունի, եւ այն պետք է արագ կերպով վերականգնել եւ կիրառել»,- նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանում կան բոլոր երեք պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ, եւ պայմաններ ստեղծվեն գործողութուններ իրականացնելու համար,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը եւ հավելել:- Եթե երկու կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը, սանտիմետր, մետր տարածությունները պետք է փակել, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվել եւ շրջափակել մեր զորքերին»: Ըստ Օհանյանի՝ իշխանությունը Հայաստանի տարածքը տարածքի եւ ժամանակի առումով չի պատկերացնում եւ չգիտի, թե որոնք են առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է իրականացվեն: «Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի մայրաքաղաքի, քաղաքների փողոցներում իրենց հաջողվում է ոստիկանական զորքեր կուտակել, ուռճացնել այդ ամբողջ համակարգն իրենց պաշտոնները պահելու համար, բայց չեն կարողանում համապատասխան ներուժ ձեւավորել եւ նաեւ այդ ուժերին կենտրոնացնել՝ ապահովելու մեր սահմանների պաշտպանությունը,-հայտարարել է Օհանյանը՝ հավելելով. -եթե նախկինում ասում էինք, որ ստեղծված իրավիճակն անգրագիտության պատճառ է, ապա այսօր ասում ենք՝ սա միտումնավոր է արվում, միտումնավոր մեր սահմանները չեն փակվում»: Սեյրան Օհանյանը նաեւ տեղեկացրել է, որ Գորիս-Գորայք ճանապարհը թշնամին արդեն երկու կողմից կարողանում է դիտարկել, ինչպես սեփական ափում: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը ձեւավորում է երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում. երկկողմի դեպքում մեր ռազմավարական դաշնակիցը ՌԴ-ն է, որն այս պատերազմից հետո իր անմիջական միջնորդական գործունեությունն է ծավալում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի սահմաններին: «Բազմակողմ առումով այն անվտանգային համակարգը, որի մեջ մենք կանք, ՀԱՊԿ-ն է, որի հետ համագործակցությունն ավելի գլոբալ խնդիրների մեջ է, այսինքն՝ տարածաշրջանային ավելի մեծ դերակատարների հետ խնդիրներ ունենալու արդյունքում:  Այն իրավիճակում, երբ ինքնիշխան պետության ղեկավարությունն ի վիճակի չէ գոնե իր սահմանները պաշտպանել, դա նշանակում է՝ արդեն ինքնիշխանության կորուստ ունենք: Այսինքն՝ այսօրվա իշխանությունները չեն կարողացել ժամանակին համապատասխան որոշում ընդունել, մտածել սահմանների մասին, վերախմբավորումներ իրականացնել, եթե անհրաժեշտ է, մոբիլիզացիա իրականացնել, Զինված ուժերը,  սահմանապահ ծառայությունը համալրել թե՛ անձնակազմով, թե՛ ինժեներական եւ շինարարական համապատասխան միջոցներով, որ մեր սահմանների պաշտպանությունը մենք ինքներս իրականացնենք»,- ասել է նա:

Ն. Պ.

 




Լրահոս