ՄԱՍՆԱՏՎԵԼ ԵՆ ՄԱՆՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Հայաստանը մասնատվել են մանր հակամարտությունների. կրակում են թե՛ խաղաղապահների պատասխանատվության գոտում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին: «Միկրոպատերազմները չեն դադարի, մինչեւ որ չլինի խաղաղության պայմանագիր, եւ կողմերն էլ չլուծեն սահմանազատման հարցը»,- գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը «Կրակոցներ՝ հանուն խաղաղության» խորագրով հոդվածում: 

 

«Առանց որեւէ հիմնավորման, հակառակորդն ինտենսիվ կրակի է ենթարկում մեր դիրքերը տարբեր տրամաչափի հրազենից, այդ թվում՝ դիպուկահարներից եւ նռնականետերից»,- երկուշաբթի հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով, որ դա տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի գիշերը: Մեկ օր առաջ կրակի մասին տեղեկացրել էին հայ զինվորականները. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ: Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի՝ այդ տարածքում դիրքեր գրավելու փորձերը: Իրավիճակը շարունակում է մնալ լարված»:

«Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ կրակոցները եղել են Քելբաջարի շրջանի Զեյլիք եւ Յելիջա բնակավայրերի մոտակայքում: Հայկական կողմի հաղորդագրության մեջ բնակավայրերի անուններ նշված չեն, մեծ հավանականությամբ խոսքը սահմանային նույն տեղանքի մասին է»,- գրում է թերթը:

«Դեռ մայիսին Հայաստանից հայտարարեցին, որ հարեւան երկրի զորքերը մտել են իրենց տարածք Գեղարքունիքի շրջանում եւ Սեւ լճերի շրջակայքում: Ադրբեջանական զորքերի ներխուժման մասին նոյեմբերի 15-ին հայտնեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ ֆոնին նա որոշեց հեռացնել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին՝ նրա փոխարեն նշանակելով իր թիմի անդամ Սուրեն Պապիկյանին, որը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Ի դեպ, Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի մոտ 3.5 տարվա իշխանության ընթացքում արդեն 4-րդ պաշտպանության նախարարն է»,- գրում է հոդվածագիրը:

«Կոմերսանտի» կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանին խնդիրները պայմանավորված են նրանով, որ այն մինչ այժմ սահմանազատված չէ: Թերթի հետ զրույցում ռուսական պետական կառույցներում անանուն աղբյուրը նշել է, որ սահմանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: «Կան անկլավներ, կան գյուղեր, որոնք համարվում են օկուպացված: Կա, օրինակ,Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհը, որի ոլորանները տեղ-տեղ մտնում են Ադրբեջանի տարածք»,- ասել է թերթի զրուցակիցը: Ըստ նրա՝ Մոսկվան պատրաստ է օգնել կողմերին այդ հանգույցները բացելու հարցում, բայց գործընթացը հեշտ չի ընթանում: Առայժմ եղել են սահմանազատման հարցով միայն խորհրդակցություններ, սակայն համապատասխան հանձնաժողովի ստեղծման մասին չի հայտարարվել: Ըստ «Կոմերսանտի»՝ դա կարող է արվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որի անցկացման օրը նոյեմբերի 15-ի դրությամբ համաձայնեցված չէ: Եթե սահմանազատման գործընթացը հաջողվի մեկնարկել, մեծ հավանականությամբ կողմերը տարածքների փոխանակում կիրականացնեն: Դրան պետք է պատրաստ լինեն հանրային տրամադրությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում:

Ակնհայտորեն իշխանությունները դժվարությամբ են գնում այդ հարցին: Ըստ թերթի՝ Նիկոլ Փաշինյանը հազիվ կարողացավ պահել իշխանությունը 2020թ. պատերազմի պարտությունից հետո: Եթե պարզվի, որ Երեւանը զիջել է կամ պատրաստվում է որեւէ բան զիջել Բաքվին, Հայաստանի վարչապետի համար նոր խնդիրները երաշխավորված են: Լեռնային Ղարաբաղում՝ նրա այն հատվածում, որտեղ մնացել է հայկական բնակչություն, նույնպես անհանգստություն կա: Նոյեմբերի 10-ին այնտեղ միաժամանակ տեղի էր ունենում տոնակատարություն եւ հուղարկավորություն:

Ն.Պ.

 

 

 

ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ

Նոյեմբերի 16-ին Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում կայացել է  Բագրատաշենի բնակիչ, 1972թ. ծնված, երեք երեխաների հայր Արամայիս  Մակյանի հուղարկավորությունը։ Նա անհատ ձեռներեց էր, Այրումի վարչական տարածքում՝ Այրումի  ջրհան կայանների նախկին վարչական շենքի մոտ գտնվող խաչմերուկում, զբաղվում էր ավտոմեքենաների անվադողերի վուլկանիզացիայով։ Բագրատաշեն համայնքի նախկին ղեկավար, Այրում խոշոր համայնքի ղեկավարի խորհրդական Արկադի Մակյանը հայտնեց, որ Արամայիս Մակյանն իր հորեղբոր թոռն էր, մահացել է կորոնավիրուսից, որից բուժում էր ստանում Դիլիջանի  բժշկական կենտրոնում։ Արկադի Մակյանը չգիտի, թե Արամայիս Մակյանը  կորոնավիրուսի դեմ պատվաստված եղել է, թե ոչ։ Արամայիս Մակյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություներում «Հանուն  հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»  կուսակցության ավագանու համամասնական 25-հոգանոց ցուցակում զբաղեցնում էր 20-րդ տեղը։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար, Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկը գլխավորող Կարեն Աբազյանը նոյեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ում Ա. Մակյանի  մահվան կապակցությամ գրառում է կատարել, որտեղ ցավակցություն  է հայտնել Արամայիս Մակյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու աշխատանքային թիմին՝ հայտնելով նաեւ, որ առաջիկա օրերին իրենց թիմը նույնպես հետաձգելու  է նախապես պլանավորված ակտիվ քարոզարշավը։

 

 

 

ՍԵՎԱՆՈՒՄ ԳԱԶՈՎ ԵՆ ԼՑԱՎՈՐՈՒՄ

Տավուշի մարզի վարորդները Երեւան մեկնելիս եւ մայրաքաղաքից վերադառնալիս իրենց ավտոմեքենաները գազով լիցքավորում են ոչ թե Տավուշի, Երեւանի ԱԳԼՃԿ-ներում, այլ Սեւան քաղաքի ավտոգազալցավորման ճնշման կայաններում, որովհետեւ այնտեղ գազով ավելի շատ են  լցավորում, եւ ավտոմեքենան այդ վառելիքով  ավելի երկար ճանապարհ է անցնում։ Դրա պատճառը միայն այն չէ, որ Սեւանում կլիման  ցուրտ է, լիցքավորվող գազը սառն է։ Մոտ 6 տարի առաջ  ԱԳԼՃԿ ունեցող Տավուշի մարզից մի պաշտոնյայի հարցրի, թե ինչու Սեւանի ԱԳԿՃ-ներում ավելի լավ են լիցքավորում, քան  Տավուշում, նա  պատասխանեց, որ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում  գազը վերցնում են մայր գազատարից, որը բարձր ճնշում  ունի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ՔՊ-ական պաշտոնյաների այն հայտարարություններին, որ, իբր, Ադրբեջանը մաքսակետեր է դնում Ադրբեջանին պատկանող տարածքներում: «Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ-որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների:

 

Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում եք ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ:

Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ:

Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման եւ հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն:

Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով:

Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:

Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց եւ դրա համար չեն պատժվել:

Երկու երկրների միջեւ տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա:

Ի՞նչ հիմքով եք դուք ինչ-որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական:

Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական եւ միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ:

Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները  ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, ու, հետեւաբար, առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն: Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում: Իրականում պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաեւ այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»,-ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

Ն. Պ.

 




Լրահոս