ԱՄԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ՕՐԵՆՍԴԻՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ լուրեր կան՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ Քանաքեռում հնչած կրակոցների ժամանակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից: Այս հրապարակումից հետո պատգամավորը, որն արդեն Երեւանում է, հերքել է տեղեկությունը:

 

Ներկայացնենք պատգամավորի՝ լիրիկական զեղումներով ու վիրավորանքներով լի վիճահարույց հերքման տեքստի հակասությունները, առանց վիրավորանքներին հակադարձելու.

Եւ այսպես, Հայկ Սարգսյանը գրել է. «Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին»: ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկության համաձայն. «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմում խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար 2021 թվականի նոյեմբերի 10-13-ը Կազան  (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել  Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին:

Սուտ 1. Հայկ Սարգսյանը եղել է գործուղման մեջ նոյեմբերի 10-13-ը, այլ ոչ թե 10-16-ը. ինչո՞վ է զբաղված եղել 13-16-ը՝ պարզ չէ, եւ նա չէր մասնակցում նաեւ ԱԺ լիագումար նիստի մեկնարկին: Հավելենք, որ ԱԺ պաշտոնական տեղեկության համաձայն՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ օրապահիկի վճարումը կատարվել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: Երկրորդ կետով պատգամավորը հայտնում է. «Դեպքի մասնակիցներից որեւէ մեկին չեմ ճանաչել»: Թույլ տվեք չհավատալ պատգամավորի պնդումներին՝ հիշեցնելով Հայկ Սարգսյանի եւ Քանաքեռում սպանված Արթուր Ղազարյանի՝ Տույի ընկերական ջերմ հարաբերությունների մասին մամուլի հրապարակումները: Lurer.com-ը նոյեմբերի 11-ին հրապարակել էր. «Պատահական չէր, որ 44-օրյա պատերազմից հետո, Արցախի նախագահի հրամանագրով, Տույը պարգեւատրվել էր մարտական զենքով։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ցուցումը եղել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ վերջինիս բարեխոսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը»։ Այնուհետեւ պատգամավորը պնդում է, թե դեպքի մասին իմացել է հաջորդ օրը՝ տեղադրելով ՀԱՊԿ զորավարժություններին իր մասնակցությունը հավաստող լուսանկարներ: Ապա նա ավելի հեռուն է գնացել եւ հրապարակել է նաեւ իր անձնագիրը, որտեղ կան նոյեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանից ելքի կնիքը եւ ՌԴ «Շերեմետովո» օդանավակայանի մուտքի կնիքը: Երեւում է նաեւ նոյեմբերի 16-ին միայն «Զվարթնոց» օդանավակայանի մուտքի կնիքը, եւ անհասկանալի է, թե որտեղից է պատգամավորը  վերադարձել Հայաստան: Հայկ Սարգսյանի անձնագրում չկա ՌԴ որեւէ օդանավակայանից դուրս գալու մասը հավաստող ելքային կնիքը՝ այդ նույն ամսաթվով, բայց տարօրինակ է, որ կա «Զվարթնոց» օդանավակայան մուտք գործելու կնիքը: Եւ հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Հայկ Սարգսյանը հասել «Զվարթնոց» օդանավակայան՝ ՌԴ-ի՞ց, տիեզերքի՞ց, թե՞ Քանաքեռից: Հարցեր են առաջանում պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելու օրվա, ժամի, ինչպես նաեւ վերադարձի մասով: Եւ որպեսզի հստակ, անկողմնակալ պարզաբանում լինի, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՌԴ սահմանապահ ծառայությանը եւ խնդրել տալ տեղեկություն, թե ՀՀ քաղաքացի Հայկ Սարգսյանը երբ է Մոսկվա մեկնել, որ օդանավակայան է իջել, երբ եւ որտեղից է վերադարձել Հայաստան: Ինչպես նաեւ դիմել ենք ՀՀ ԱԱԾ՝ խնդրելով տալ Հայկ Սարգսյանի հեռախոսային տեղայնացման տվյալները, որպեսզի հասկանանք, թե սպանության օրը նա որտեղ է եղել իրականում:  Երբ ստանանք ՀՀ ԱԱԾ-ի եւ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցի պատասխանները, միայն այդ դեպքում կքննարկենք Հայկ Սարգսյանի հերքումների հավաստիությունը: Ինչպես ասում են՝ ամեն նախադասություն չէ, որ հերքում է, ամեն պատգամավոր չէ, որ օրենսդիր է:

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ՝ ՄԵԿՆԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեկ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու եւ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել»։

 

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին գրություն էի ուղարկել Հայաստանի Հանապետության գլխավոր դատախազին՝ խնդրելով հայտնել՝ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերի շրջանակներում ինչ գործողություններ են արվել։ Պատասխան գրության մեջ ասվում էր, որ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային կոնվենցիաների խախտմամբ, մարդկության դեմ կատարվող հանցագործություններ կատարելու փաստերի կապակցությամբ, սակայն մեղադրանք էր առաջադրվել եւ քրեական գործ հարուցվել միայն Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ։ Սեպտեմբերին եւս հարցում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք պատերազմի ավարտից հետո Հայաստան ներխուժելու ադրբեջանական գործողություններում կան հանցագործության դրսեւորումներ, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել: Ի պատասխան՝ կրկին ստացա բազմաբովանդակ տեղեկություն, որ տարբեր օրերին հարուցվել են քրեական գործեր, սակայն «…նախաքննությունը շարունակվում է, գործերով որպես մեղադրյալներ ներգրավված անձինք չկան»:

Մինչ այսօր ինձ հետաքրքրում է, թե ինչու է դատախազը խուսափում քրեական հետապնդում սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, ինչու հետախուզում չի հայտարարվում ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ՝ առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարի, ինչու չի սահմանափակվում նրանց ազատ տեղաշարժի իրավունքը այն դեպքում, երբ նրանք հայտարարել են, որ իրենց կողմից միջազգային հետախուզման է ենթարկվել մոտ երեք հարյուր հայ, եւ նրանց մեջ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը։ Վերլուծելով վերոգրյալը՝ մի հարց է առաջանում. երեկվա դեպքերի առիթով հարուցված հերթական «հուժկու քրեական գործի» շրջանակներում ադրբեջանական ո՞ր ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակի նկատմամբ է դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարելու»։

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԸ՝ ԳՅԱՆՋԱՅՈՒՄ

 

Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրգործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։  ՀՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի եւ որպես զենք կիրառվող առարկաների գործադրմամբ)։

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Պարեկային ծառայության Երեւանի գնդի ոստիկանները նոյեմբերի 16-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Գայի պողոտայից, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդու։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա մեքենայից ներկայացրել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 57 փամփուշտով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ ինքնաձիգն ու զինամթերքը 2020 թվականի հոկտեմբերին գտել էր Քարվաճառում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։




Լրահոս