ԱՊԱՑՈՒՑԵՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գործնականում ապացուցեց իր դիվանագիտական անկարողությունը եւ չգոյությունը՝ որպես կառույց ու դիվանագիտական սուբյեկտ: Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակման, ՀՀ տարածքում տեղային ծանր մարտերի ֆոնին ՀՀ արտաքին դիվանագիտական կառույցին չհաջողվեց կոնկրետ իրավիճակն արձանագրող, հասցեական որեւէ միջազգային արձագանք ստանալ ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ո՛չ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, ո՛չ Իրանից, ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ որեւէ միջազգային կառույցից: Դիվանագիտական բառապաշարին եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին ծանոթ պաշտոնյաները, փորձագիտական հանրությունը քաջատեղյակ են, եւ Հայաստանում այլեւս համակերպվել էին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, միջազգային կազմակերպությունները, հարեւան երկրները հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի խախտումների դեպքում, նույնիսկ այն դեպքերում, երբ ակնառու էր հրադադարը խախտող կողմը՝ Ադրբեջանը:

 

Սա հասկանալի է, նույնիսկ ոչ պաշտոնական խողովակներով սովորաբար դիվանագետները բացատրում են, որ որպես միջնորդ՝ չեն կարող հասցեական հայտարարություններ անել հատկապես, երբ շփման գծում տեղակայված չեն հրադադարը վերահսկող եւ խախտումներն արձանագրող մեխանիզմներ:

Սակայն իրավիճակը լիովին տարբեր է, երբ հարձակումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա է, եւ գործողությունները տեղի են ունենում ՀՀ տարածքում, ադրբեջանական կողմը դիրքեր է գրավում, մեծ մարդուժի եւ զինուժի ներգրավմամբ մարտեր են տեղի ունենում, որը չի արձանագրում ՀՀ որեւէ միջազգային գործընկեր:

Տեղային մարտերի վերաբերյալ հայտարարություններ են տարածել ԱՄՆ Պետդեպը, ՌԴ-ի, Իրանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունները, ինչպես նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

ԱՄՆ Պետդեպ. «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինտենսիվ մարտերի առնչությամբ: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու եւ հետագա սրացումից խուսափելու նպատակով: Մենք նաեւ հորդորում ենք կողմերին ուղիղ կերպով ներգրավվել եւ կառուցողականորեն լուծել բոլոր էական հարցերը, այդ թվում՝ սահմանի դեմարկացիայի հարցը: Ինչպես նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ հակամարտության մնացած բոլոր հարցերի բանակցված, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

ՌԴ ԱԳՆ. «Կողմերի հետ շփումների մեջ ենք գտնվում իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն փոխադրելու համար»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հերթին անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումից եւ կողմերին կոչ արել պահպանել 2020թ. նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները: Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման եւ ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես՝ հայկական կողմից:

Իրանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու զսպվածություն ցուցաբերել՝ առկա տարաձայնությունները երկխոսությամբ ու խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ «Ստեղծված իրավիճակը վտանգավոր է տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարգավաճման հասնելու համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաթե Խաթիբզադեն՝ հավելելով՝ Իրանը, ինչպես եւ անցյալում, պատրաստ է աջակցել երկու կողմին՝ հակասությունները հարթելու եւ տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու հարցում։

ՄԱԿ-ը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին հարցերը կարգավորել երկխոսությունների ճանապարհով եւ զսպվածություն ցուցաբերել: Սա ասել է կառույցի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆարհան Հակը։ «Մենք անհանգստացած հետեւում ենք վերջին բռնությունների մասին հաղորդումներին, կարիք ունենք ճշտել այդ տեղեկությունները։ Հորդորում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, առաջնորդվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններով եւ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության միջոցով՝ խաղաղ ճանապարհով»,-  ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ի դեպ, ցավալին այն է, որ ՀՀ տարածք բազմակի եւ տարաբնույթ ներխուժումների փաստը, մայիսի 12-ից սկսած, հստակորեն եւ անմիջապես չեն արձանագրել ՀՀ իշխանությունները: Մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժումը, ինչպես նաեւ վերջերս Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի Ոստիկանության ապօրինի գործողությունները, ապա այդ եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական մաքսակետերի, անցակետերի տեղադրումից հետո ՀՀ իշխանությունները բազմամակարդակ չեն արձանագրել, որ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ տարածք, որ դրանք ՀՀ տարածքներ են:

Ն. Պ.

 

 

 

ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ

Դեկտեմբերի 5-ին կկայանան Նոյեմբերյան, Այրում, Կողբ խոշոր համայնքները միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։  Այսպիսով, խորհրդային տարիների Նոյեմբերյանի շրջանի բոլոր 19 բնակավայրերը կներառվեն մեկ համայնքի մեջ։ Ի տարբերություն հոկտեմբերի 17-ին Դիլիջանում եւ նոյեմբերի 14-ին Իջեւանում կայացած ավագանու համամասնական ընտրությունների՝ Նոյեմբերյանում  թեժ պայքար է սպասվում։  Նոյեմբերյան խոշոր համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների ցանկը, Նոյեմբերյանի մասնաճյուղերի տնօրեն աշխատած, այժմ ձեռներեց Մհեր Աղամյանը՝ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, Կողբի խոշոր համայնքի արդեն նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը։ Առավել հավանական է, որ ընտրությունների արդյունքներով երեք կուսակցությունեներից ոչ մեկը չի ստանալու քվեարկության մասնակիցների քվեների կեսից ավելին եւ չի կարողանալու միայնակ ընտրել Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար։ Ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կհամագործակցե՞ն «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները, թե՞  կգերադասեն իրենք  երկուսով կոալիցիա կազմել՝ բաժանելով համայնքի ղեկավարի, տեղակալների եւ այլ հաստիքները։ Դա պարզ կդառնա դեկտեմբերի 5-ից հետո։

 

 

ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԾՐԱԳԻՐԸ

2021թ. սեպտեմբերի 8-ին «Դիլիջան ինտերնեյշնլ սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը դիմում է ներակայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հիմնադրամի կանոնադրական նպատակների եւ շահառուների փոփոխություն կատարելու պահանջով։ Դատարանը որոշել է նրա  դիմումն ընդունել վարույթ եւ այդ քաղաքացիական գործով դատական նիստեր անցկացնել։ Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի միջազգային դպրոցը հիմնադրել է  2014 թվականին որպես շահույթ չհետապնդող միջազգային դպրոց։ Ռուբեն Վարդանյանի հետ փոխկապակցված «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցել է հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններին, մասնակցելու է նաեւ դեկտեմբերի 5-ին կայանալիք Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու ընտրություներին։ Հավաստի տեղեկություն կա, որ Ռուբեն Վարդանյանը մտադիր է մասնակցել 2023թ. Երեւան համայնքի ավագանու ընտրություններին, ընտրվել Երեւանի քաղաքապետ։ Հավանական է, որ Դիլիջանի միջազգային դպրոցի կանոնադրական նպատակների եւ շահառուների փոփոխությունը կապված է Ռուբեն Վարդանյանի՝ ակտիվ քաղաքականություն  մտնելու հետ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ՄԱԿ-ը հետեւում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումներին եւ կոչ անում գործել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն: Այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ պատասխանելով ՄԱԿ-ում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որեւէ մեկնաբանություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումների վերաբերյալ: «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին եւ ավելին կարող ենք ասել ուշ, թեպետ պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետեւում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, եւ պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները: Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, գործել համաձայն նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների եւ դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում առկա էսկալացիայից»,- ասել է Անտոնիո Գուտերեշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը:

 

 

ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին եւ Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը: «Ես մտահոգ եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող եւ մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, եւ ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն: Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում, եւ պետք է խստորեն հետեւել  դրան»,- ասված է Բուրիչի հայտարարության մեջ: Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման: «Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջեւ երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

 




Լրահոս