Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Այս իրողությունը, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, խիստ մտահոգիչ է: Ինչո՞ւ. որովհետեւ նախ օրակարգում ներառված էր հարցը չզեկուցվողների շարքում, եւ որոշ կետեր էլ հույժ գաղտնի էին: Որեւէ բացատրություն, թե ինչու է հատկացվում մոտ 750 հազար դոլար անհայտ գյուղացիական տնտեսվարողների, կոնկրետ ինչ գյուղացիական տնտեսվարողների մասին է խոսքը, չի տրվում: Չկար որեւէ բացատրություն, եւ անգամ հիմնավորումների մեջ չկային մանրամասներ:
Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված համակարգված կաշառքի դրսեւորում, քանի որ, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում. դրանք են՝ Աշտարակ-Ապարան-Թալին, Արարատ-Արտաշատ-Մասիս-Վեդի, Արմավիր-Արաքս-Բաղրամյան-Խոյ-Մեծամոր-Վաղարշապատ-Փարաքար, Գավառ-Մարտունի-Սեւան-Վարդենիս, Թումանյան-Սպիտակ-Վանաձոր-Փամբակ, Աբովյան-Գառնի-Ծաղկաձոր-Նոր Հաճն-Հրազդան-Նաիրի, Ախուրյան-Ամասիա-Աշոցք-Արթիկ, Եղեգնաձոր-Ջերմուկ-Վայք եւ Տավուշում՝ Նոյեմբերյան: Այսինքն՝ այս համայնքներույմ տեղի են ունենալու ընտրություններ, ու չի բացառվում, որ մոտ 750 հազար ԱՄՆ դելարը կառավարության պահուստային ֆոնդից կարող է ընտրակաշառքի սկզբունքով, բայց այլ վերնագրով բաշխվել համայնքներում:
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու եւ բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կա քաղաքական որոշում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հեռացնելու պաշտոնից: Դեռ նորանշանակ նախարարը չի աճապարում, քանի որ հարմար կադր չկա, որը կարող է փոխարինել ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Առայժմ կադրերի ուսումնասիրություն է: Արտակ Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի. նախ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը եւ կազմակերվածությունը գոհացնող չէ, ինչի ուղիղ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, բացի այդ, Գլխավոր շտաբի պետը անցնում է Դավիթ Գալստյանի՝ պարտոն Դավոյի նկատմամբ այս տարվա սկզբին հարուցված զենքի առուվաճառքի կոռուպցիոն քրեական գործով, եւ ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում նրա կարգավիճակը գործով վկայից փոխարինվելու է հավանաբար մեղադրյալով: Չի բացառվում՝ Արտակ Դավթյանն անգամ կալանավորվի շուտով: Նաեւ դրա համար է, որ Ա. Դավթյանին փոխարինելու քաղաքական որոշում է կայացվել:
44-օրյա պատերազմից մեկ տարի անց դեռեւս պաշտոնապես չեն տեղեկացրել, թե հայկական կողմը քանի զոհ, գերի ու անհետ կորած ունի: Եթե գերիների պարագայում թվերի անճշտությունը ինչ-որ առումով հասկանալի է (Ադրբեջանը երբեք էլ հստակ թիվ չի ներկայացրել), ապա զոհվածների ու անհետ կորածների պարագայում որեւէ կերպ ընկալելի չէ՝ ինչու մինչեւ այժմ հստակ թվեր չեն ներկայացվում: Օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մեկօրյա սադրանքի հետեւանքով Հայաստանը, ցավոք, բացի տարածքային կորուստից, նաեւ մարդկային կորուստներ է ունեցել, բայց երեք օր անց դեռեւս հստակ չէ՝ դիրքապահ տղաներից քանիսն են ռազմագերի, քանիսը՝ զոհված: Եթե ապավինենք պաշտոնական տեղակատվությանը կամ պաշտոնյաների կողմից ներկայացվող թվերին, ապա ոչինչ էլ չենք իմանա, հակառակը՝ ավելի կխճճվենք: Մինչ Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 16-ին հայտնում էր, թե «հայկական կողմը նույնպես կորուստներ ունի, այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին», Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույն օրը նշում էր, թե «դեռեւս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ եւ 7 գերեվարված անձ։ Նրա ասածը վերահաստատում էր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը»՝ գրելով, թե «փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ»: Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հայտնեց մի քանի գերու ու ավելի քան 20 անհետ կորածների մասին, որոնց ճակատագիրը, ըստ ՊՆ-ի, անհայտ է: Թե իրականում ինչ է կատարվել անհետ կորած 24 տղաների հետ, ցավոք, կարելի է ենթադրել, բայց փաստ է, որ անգամ պաշտոնյաների հաղորդած տեղեկություններն են հակասող:
Հայաստանում ոչ միայն խանութները, այլեւ սպառողները շունչները պահած սպասում են «Սեւ ուրբաթ»-ին, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 26-ին: Նշենք, որ «Սեւ ուրբաթ»-ը մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնվում է ԱՄՆ-ում, եւ որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Վերջին տարիներին «Սեւ ուրբաթ» տոնելը Հայաստանում եւս նորաձեւ է դարձել, սակայն հայաստանյան «Սեւ ուրբաթը» խիստ տարբերվում է ամերիկյանից: Օրինակ՝ մեր երկրում տնտեսվարողների գերակշիռ մասը ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում եւ սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաեւ, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հագուստի, կոշիկի, կոսմետիկայի խանութները, նաեւ մարզասրահները արդեն սկսել են սպառողներին տեղեկացնել սպասվելիք զեղչերի մասին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երեկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն հասցրել է բողոք ստանալ քաղաքացուց՝ մարզասրահի՝ քաղաքացուն մոլորեցնելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին ՄՊՀ-ից փոխանցեցին, որ իրենք արդեն նախազգուշացրել են առեւտրի կետերին զերծ մնալ սպառողին մոլորեցնելու փորձերից: Բավարար կլինի, թե ոչ այս նախազգուշացումը, կամ կզգոնանան արդյոք խանութները ՄՊՀ-ի կոչից, ցույց կտա ժամանակը: Բայց մինչ այդ տեղեկացնենք, որ մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս զեղչերի մասին, բայց իրականությունն այլ է. գինն ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում: Ի դեպ, մի քիչ ուշադիր լինելու դեպքում հնարավոր կլինի տեսնել մի ապրանք, որի գինը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի կլինի, քան «Սեւ ուրբաթ»-ի շրջանում: