ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2021-ի մայիսից ի վեր  Հայաստանի եւ Ադրբեջանի  սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու  վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից, եւ երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ»,- երեկ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ՝ իմ հայտարարությունից հետո, ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց նա: Գործադիրի ղեկավարը հանձնարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ճշգրտել մանրամասները։ «Փորձենք իրագործել առաջարկները՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակներում եւ հիման վրա», – ասաց Փաշինյանը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի արեւելյան սահմանագոտում երեքշաբթի օրն ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ: Ռուսաստանը Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո՝ երեկ, հորդորեց Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա։ «Վերջին իրադարձությունները ապացուցում են այդ գործընթացի կարեւորությունը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռուսական կողմի ներկայացրած առաջարկների հիման վրա», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան

Նաեւ Ռուսաստանի ԱԽ խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն էր Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման համար:

Այս իրավիճակի եւ հետագա հնարավոր զարգացումների  շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ:

-Պարո՛ն Եվսեեւ, ի՞նչ սպասել Սյունիքում տեղի ունեցած դեպքերից հետո, եւ արդյոք դրանք կարո՞ղ են կրկնվել:

-Որպեսզի իրավիճակներ այլեւս չլինեն, հարկավոր է, պետք է ՀՀ ղեկավարությունը գործի եւ որոշումներ կայացնի: Ես այդ մասին նախկինում էլ եմ ասել, որ  ՀՀ-ում երկրորդ ռուսական ռազմաբազայի ձեւավորումը կենսական նշանակություն ունեցող հարց է այժմ: Պետք է նաեւ ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ՀՀ ղեկավարությունը դրան չի գնում:

-Բայց արդեն հայտարարություններ եղան, որ Երեւանը դիմում է Մոսկվային ռազմական օգնության խնդրանքով՝ 1997թ. երկկողմ փաստաթղթի համաձայն: Ի՞նչ սպասել:

-Չպետք է օգնության խնդրանքով դիմել: ՀՀ իշխանություններից գործողություններ են պահանջվում, ոչ թե նամակներ: Պետք են կոնկրետ գործողություններ:  Պետք են քայլեր, ոչ թե խնդրանքներ կամ նամակներ: Իհարկե Ռուսաստանը կօգնի, սակայն խնդիրը չի լուծվում երկարաժամկետ առումով, իսկ խնդրանքներով նա Ռուսաստանին վատ դրության մեջ է գցում: ՌԴ-ն կօգնի ամեն դեպքում:   Ռուսաստանը հայերի փոխարեն չի պատերազմելու Հայաստանում, Ռուսաստանը կարող է դա անել հայերի հետ: Եթե Հայաստանը ցանկանում է այլ երկրի օգնություն, իհարկե կարող է դիմել, սակայն ՌԴ-ի կողմից օգնություն ստանալու համար միայն նամակները կամ խոսքերը բավարար չեն: Պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, սակայն Հայաստանի կողմից նման քայլեր չեն արվում: Եթե ցանկություն կա, որ ՌԴ-ն օգնի, պետք է հենց այդ ռազմական ենթակառուցվածքները ստեղծվեն: Առանց դրանց, միայն խոսելն անիմաստ է:

Ն.Հ.

 

 

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ կառավարությանը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ նախատեսվում է այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` մեկ ամիս ժամկետով` 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչեւ դեկտեմբերի 18-ը: Ի դեպ, տեղեկացնենք, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման եւ վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչեւ 202 քաղաքացի, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ է արձակվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննիչը դիմել է դատարան Պողոսյանի կալանքը երկարացնելու, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին մարզպետի որդին ինքնակամ ներկայացել էր Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, որից հետո Պողոսյանը կալանավորվել էր եւ տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք, որ մարզպետի որդին դեռեւս հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով վնասվածքներ է ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

 

 

 

«ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԻ ՄԱՍԻՆ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

«Չկրակելու հրամանի մասին. առաջին անգամ դրա հետ առերեսվել ենք 2018 թվականի Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո, երբ Ալիեւը հայտարարվեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցվեց ՉԿՐԱԿԵԼ»,- սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Դրան հետեւեցին չհիմնավորված լավատեսական ուղերձները, «սահմանին աննախադեպ հանգիստ է» քարոզչական արշավներ, իսկ Ադրբեջանը, օգտագործելով այս աննախադեպ հնարավորությունը, ահռելի ծավալի աշխատանքներ սկսեց շփման գծի այն հատվածներում, որտեղ մեկ այլ պայմաններում ուղղակի աշխատել հնարավոր չէր։

 

Արդյունքում էականորեն բարելավեց հարձակվողական գործողություններ ծավալելու իր հնարավորությունները, ինչը, ի դեպ, կիրառեց 2020-ի 44-օրյա պատերազմում։

2-րդ խոշոր հանգրվանը՝ ՉԿՐԱԿԵԼ հրամանի ներքո.

2021 թվականի մայիսի 12. մինչ ադրբեջանական զորքերն անարգել մուտք էին գործում Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի տարբեր տեղամասեր, իշխող ուժն ու ՊՆ, ԳՇ որոշ պաշտոնյաներ հրատապ կարգով տեղեկացնում էին, որ կրակահերթեր, փոխհրաձգություն չի եղել։ Այսինքն՝ նույնիսկ այն հատվածներում, որտեղ դիրքեր էին տեղակայվել, մոտեցող թշնամու վրա կրակ չէր արձակվել։

Դրան հետեւած մի քանի շաբաթների ընթացքում տարբեր տեսանյութերից պարզ դարձավ, որ չկրակելու հրամանի պայմաններում սահմանագծին ձեռնամարտեր էին ընթանում։ Տարբեր խողովակներից շփման գծից եկող տեղեկությունները հաստատում էին, որ կա հրաման՝ ՉԿՐԱԿԵԼ։

Եթե չկար նման հրաման, ապա պատկերացրեք, թե ինչ ծավալի քրեական գործեր կհարուցվեր։

Դրանից հետո պաշտպանության նախարար է նշանակվում Արշակ Կարապետյանը, ում առաջին հայտարարություններից էր՝ անմիջապես կրակ բացել եւ ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։

Հարց էր առաջանում՝ իսկ մինչեւ այդ ա՞յլ հրաման էր գործել. ստացվում է, որ՝ այո։

Հ.Գ. Ոչ միայն մարտական հերթապահության, այլ նույնիսկ խաղաղ պայմաններում Երեւանի կենտրոնում ՊՆ պահպանության տակ գտնվող տարածքներում ծառայություն իրականացվող անձինք գիտեն, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործել. դրանք բխում են համապատասխան կանոնագրքերից, այլ բան է, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո թուրքերի հետ բարեկամություն սկսած իշխանության համար օրենքներ, կանոնագրքեր, Սահմանադրություն գոյություն չունի։

Կա մեկ սկզբունք՝ սեփական իշխանությունը փրկելու համար զոհաբերել ամեն ինչ»,-նշել է պատգամավորը։

Ն. Պ.

 

 

 




Լրահոս