ԲԱՑԱՌՈՒՄ Է ԼՂ ԽՆԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող»,- ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանը: Նա ողջունել է նիստին ներկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Իգոր Խովաեւին (Ռուսաստան) եւ Բրիս Ռոքֆոյին (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները մեծապես կարեւորում է նրանց կատարած շարունակական աշխատանքը: «Մենք հանձնառու ենք աջակցել կողմերին՝ գտնելու լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապած կամ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին»,- նշել է Օսթրիանը:

 

Նա ընդգծել է, որ նրանց՝ 2020 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին վերջին ներկայությունից  հետո իրադրությունը կայունացել է, սակայն շարունակում է փխրուն մնալ: «Այս շաբաթն ընդգծեց այդ փխրունությունը: Ցավում ենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական ու ադրբեջանական զորքերը բախվեցին, ինչը հանգեցրեց մարդկային կորուստների: Այս վերջին իրադարձությունները նոր հրատապ անհրաժեշտություն են ստեղծել՝ ունենալու համապարփակ կարգավորում: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի իրենց հանձնառությանը եւ անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաեւ զերծ մնալու հրահրող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից կամ հայտարարություններից»,- նշել է նա:

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատարը հորդորել է կողմերին օգտվել այն առաջընթացից, որը գրանցվել էր Նյու Յորքում եւ Փարիզում համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ ներգրավվելով ուղիղ երկխոսության մեջ՝ հանուն տարածաշրջանում անվտանգության, կայունության ու բարօրության հաստատման: «Հորդորում ենք կողմերին հետաքննել մարդու իրավունքների ոտնահարումների ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր մեղադրանքները»,- ասել է նա: Օսթրիանը ողջունել է Կասպշիկի եւ նրա թիմի աշխատանքը՝ ուղղված կողմերի շրջանում թափանցիկության խթանմանն ու վստահության հաստատմանը՝ ընդգծելով, որ այդ աշխատանքն անփոխարինելի է եւ ունի ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը:

«Հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել կողմերի հետ՝ գտնելու տեւական ու խաղաղ կարգավորում՝ հիմնված մասնակից պետությունների կողմից ճանաչված սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը, ինչպես նշվում է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- եզրափակել է խոսքը ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանը:

Ն. Պ.

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

«Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: Զենքի արտադրությամբ զբաղվող սուբյեկտները կլիցենզավորվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության ոչ բոլոր սուբյեկտներն են իրականացնում զենքի արտադրություն, որի պատճառով ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների լիցենզավորումը կիսատ է մնում: Եւ այս խնդիրը լուծելու նպատակով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լիցենզավորել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները եւ նրանց նկատմամբ պարտադիր կկարողանա վերահսկողություն իրականացնել: Բացի այս, նախարարությունն առաջարկում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական սառը զենքի» բառերը փոխարինել «ռազմական նշանակության ապրանքների» բառերով, քանի որ ՌԱՀ-ի գործունեության ոչ բոլոր սուբյեկտներն են իրականացնում ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական սառը զենքի արտադրություն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս դեպքում պետական բյուջեում եկամուտները կավելանան տարեկան շուրջ 20 մլն դրամով:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔԻՑ

Նոյեմբերի 7-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել է հաղորդում, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ: Արարատի մարզային վարչության եւ բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Արարատի Սալակիթների փողոցում ծագած վիճաբանության ժամանակ Ոսկետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր մոտ ապօրինի պահվող երկփողանի ողորկափող որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է տուժածի վրա, ինչի հետեւանքով նա ստացել է վնասվածքներ: Հետագա միջոցառումների արդյունքում ահազանգից մոտ մեկ ժամ անց իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ կրակողը բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Հրացանը հայտնաբերվել եւ առգրավվել է: Հարուցվել է քրեական գործ, 38-ամյա ոսկետափցին ձերբակալվել է:

 

 

 

ԳՈՐԾԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։ Արեւելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված են եղել չորս երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի, թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել է Գործադիր խորհրդի կազմում։ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ 1992թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հինգշաբթի երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նա Երեւանում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին: «Հատուկ ուշադրություն է դարձվել ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների հումքի մատակարարմանը, ինչպես նաեւ Միության անդամ երկրներին դեղամիջոցներով եւ դեղագործական նյութերով ապահովելուն։ Նիստի ընթացքում կդիտարկվի նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները կլիմայական գլոբալ օրակարգի համատեքստում»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ Է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել հաղորդագրությունները նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետեւեւանքով հայ զինծառայողների զոհվելու եւ գերեվարվելու մասին: Մենենդեսի հայտարարությունը տարածել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Թվիթեր»-ի էջը: Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները: «Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունն այդ օգնությունը դադարեցնելու մասին»,- նշել է Մենենդեսը:

 

 

ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ԲՅՈՒՋԵԻՑ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ըստ նրա՝ համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, այժմ պետական մասնաբաժնի իրականացման հերթն է: Ներկայացված ծրագրերից ամենախոշորը Շիրակի մարզում իրականացվողն է, որի ֆինանսավորման համար որոշվեց բյուջեից փոխանցել 441 մլն: «Սա Գյումրի քաղաքին է վերաբերում: Ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը թարմացվի: Միկրոավտոբուսների մի մասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների համար: Մրցույթի արդյունքում ծրագրի արժեքը կազմել է 882 մլն դրամ, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս կեսը՝ պետությունը»,-ասել է Գնել Սանոսյանը:

 

 




Լրահոս