«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՊԼԱՆ ՄՂԵՑԻՆ ԲԱՆԱԿԸ» 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Նրա խոսքով` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են, ու  ինքը պատրաստ է ստորագրել այն: Սրան զուգահեռ՝ նոյեմբերի 16-ի դեպքերից ու Ադրբեջանի նախաձեռնած մեկօրյա բլից-կրիգից հետո, հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերից՝ Սիսիանի ու Նախիջեւանի, զորքեր է կուտակում: Հնարավոր նոր սադրանքների մասին ArmLur.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

 

-Ի՞նչ իրավիճակ է սահմանին, հատկապես՝ Սյունիքում: Մի փոքր կմանրամասնե՞ք:

-Նախ սկսեմ նրանից, որ թյուր կարծիք կա, թե Ադրբեջանը չի հարձակվի եւ լայնամասշտաբ գործողություններ չի ձեռնարկի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է եւ այլն: Դա թյուր կարծիք է, այնքան էլ այդպես չէ: Ադրբեջանը բազմաթիվ պատճառաբանություններ է իրավական հարթություն տանում, որպեսզի կարողանա Հայաստանի Հանրապետության վրա ռազմական ագրեսիան արդարացնի: Այդ պատճառաբանություններից մեկը, որ վկայակոչում են, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, որն, ըստ իրենց մեկնաբանության, մենք պարտավոր ենք իրենց ճանապարհ տրամադրել,  եւ դա չպետք է լինի մեր վերահսկողության տակ: Այսինքն՝ մեր կողմից ճանապարհը չպետք է վերահսկվի: Իրենք այն բառը տանելով իրավական դաշտ, ենթադրում են, որ դա հենց միջանցն է: Այս ամենով հանդերձ Ադրբեջանը փորձում է այս ժամանակաշրջանում Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրել եւ ստեղծել իմիտացիա, որ ինքը լայնածավալ հարձակում է գործելու: Ինքս այս ժամանակահատվածում չեմ կանխատեսում լայնածավալ ռազմական գործողություններ, բայց նաեւ չի բացառվում լոկալ ռազմական գործողությունների շարունակություն, եւ նույնիսկ  կարող է լինել բլից-կրիգ, որը եղավ Սյունիքում:

-Այսինքն՝ նպատակը իրենց կողմից, այսպես կոչված, Զանգեզուրի միջա՞նցքն է:

-Բացառապես նպատակը դա է, այլ նպատակ այսօր Ադրբեջանը չունի: Այսօր նույնիսկ չի խոսում Արցախում իշխանություն ունեցող արցախահայության մասին, որովհետեւ ամբողջ պոտենցիալը ծախսում է Զանգեզուրի միջանցքի համար:

-Եթե ամեն գնով որոշել է, որ պետք է ձեռք բերի այդ միջանցքը, ապա գիտենք, որ ինչ-որ քայլեր է պատրաստում. դրանք երեւում են թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական հարթակներում: Ի՞նչ եք կարծում,  հնարավո՞ր է հարցը դիվանագիտական հարթակում լուծել:

-Չեմ կարծում, որ հարցը կմնա միայն դիվանագիտական հարթակում: Ցավոք սրտի, մենք այսօր չունենք այնպիսի դիվանագիտություն, որ հարցը կարողանանք դիվանագիտական հարթակում պահել: Չեմ կարծում, որ լինի դիվանագիտական ոլորտում: Կարծում եմ՝ կլինի ռազմական բախում, որի արդյունքում պարզ կլինի, թե ուր եւ ինչ ճանապարհով ենք գնում:

-Պարո՛ն Հովհաննիսյան, մեր հնարավորությունները, մեր զինուժի կարողությունները պատերազմից մեկ տարի անց ինչպե՞ս  կգնահատեք:

-Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ, ի տարբերություն Ադրբեջանի, մենք այս մեկ տարին մսխեցինք: Մենք, փոխանակ զորավարժությունների, զինավարժությունների վրա անցկացնեինք այս մեկ տարին, շատ ավելի ինտենսիվ աշխատեինք ռազմաարդյունաբերության վրա, ռազմական ոլորտի վրա, մենք ներքին քաղաքական կյանքի լճացումները փորձեցինք հաղթահարել: Ընտրությունները երկրորդական պլան մղեցին բանակը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 

 

 

ԿԱՐԱԳԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Կարագի միջազգային գինը նոյեմբերի 16-ի դրությամբ կազմել է ավելի քան 5.5 դոլար կամ 2640 դրամ: Կարագի գները, հոկտեմբեր ամսի եւ նոյեմբերի 2-ի համեմատ, բարձրացել են: Հայաստանում, չնայած միջազգային վայրիվերումներին, կարագը շարունակում է թանկ գնով վաճառվել: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ կարագի գինն օրեր առաջ  բարձրացել է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը երեւանյան որոշ սուպերմարկետներում արժե 5250 դրամ, որոշներում այն վաճառվում է 4340 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում Նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը կազմում է 9-10 դոլար՝ միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 4 դոլարով ավելի: Ի դեպ, տնտեսվարողների խոսքերով, կարագի եւ ընդհանրապես ներմուծվող ապրանքների գների բարձրացման պատճառը բեռնափոխադրումներն են. այս ծառայությունը եւս թանկացել է:

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Հայաստանի մարզային քաղաքներում բնակարանների գները բարձրացել են։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի 1 քմ-ն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 142 հազար 400 դրամ: Այն, 2021 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ, 5300 դրամով է թանկացել: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակարանի 1 քմ-ն վերը նշված ժամանակահատվածում 7100 դրամով է թանկացել՝ 137 հազար դրամից դառնալով 144 հազար 100 դրամ։ Իսկ Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, բնակարանների 1 քմ-ի գինը վերջին տարիներին զգալի է բարձրացել. այս տարվա 3-րդ եռամսյակում այն կազմել է 170 հազար 200 դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվում այն արժեցել է 158 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 11 հազար 600-ով բարձրացել են բնակարանների գները Էջմիածնում։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակարանների գները փոքր-ինչ բարձրացել են՝ 1 քմ-ն 100 հազար 300 դրամից դառնալով 101 հազար 300 դրամ։ Նույն մարզի Գավառ քաղաքում եւս դրանք թանկացել են. այս տարվա երկորդ եռամսյակում բնակարանի 1 քմ-ն 52 100 դրամ է եղել, երրորդ եռամսյակում՝ 54 հազար 700 դրամ։ Իսկ, ահա, Վարդենիսում բնակարանի 1 քմ-ն 44 հազար 700 դրամից դարձել է 46 հազար դրամ։ Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Ախթալա եւ Տաշիր քաղաքներում դրանք նույնպես թանկացել են, բայց նույն մարզի Թումանյան քաղաքում գները պահպանվել են՝ կազմելով 20 հազար դրամ: Նույն իրավիճակն է նաեւ Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում: Օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս տարվա երրորդ եռամսյակին բնակարանի 1քմ-ն կազմել է 126 հազար 600 դրամ, երկրորդ եռամսյակում՝ 122 հազար դրամ։ Այրումում բնակարանի գինը էժանացել է՝ 56 հազար դրամից դառնալով 55 հազար 300 դրամ։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակարանների գները շեշտակի են բարձրացել՝ 283 հազար 700 դրամից դառնալով 292 հազար 600 դրամ։

 

 

«ՆԱԽԱՀԱՐՁԱԿ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ». ԶԱՏՈՒԼԻՆ 

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինն այն տեսակետին է, որ եթե ՌԴ-ի ռազմավարական գործընկերը՝ Հայաստանը, տուժել է, ապա բնավ կապ չունի, թե ով ու որ կողմից է զանգ հնչեցնում: Զանգն, ասում է, պարզ է, որ Ռուսաստանին է ուղղված:

 

Վերհիշելով Կազանի փաստաթուղթը՝ նշում է, որ այն ադրբեջանական կողմն է վիժեցրել, որովհետեւ առաջարկվող լուծումն ադրբեջանցիներին չէր բավարարում, ու նրանք ռեւանշ անել էին ուզում: Ըստ ռուս պատգամավորի՝ Ադրբեջանը ոչ միայն իր, այլ նաեւ Թուրքիայի ամբիցիաները պետք է բավարարեր, քանի որ Թուրքիան տարածաշրջանում հայտնվելու ուղղակի առիթ էր ման գալիս: Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա, ըստ բանախոսի, Ռուսաստանն այն կանխելու համար պետք է ներդներ բոլոր ջանքերն ու հնարավորությունները, քանի որ դա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի խնդիրն է:

Նրա կարծիքով՝ 44-օրյա պատերազմի ամենաուշագրավ հանգամանքն այն էր, որ Թուրքիան գործոն դարձավ: Պաշտոնական Անկարան, ըստ Զատուլինի, պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանին: «Աջակցող հայտարարությունները,- ասում է,- Թուրքիայից հնչում են անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանն ակնհայտ սխալ քաղաքականություն է վարում: Ի տարբերություն Թուրքիայի՝ Ռուսաստանն իր ռազմավական գործընկերոջ մասին նման հայտարարություններ չի անում»:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ու նոյեմբերի 16-ի բլից-կրիգի մասին՝ շեշտում է, որ երկրորդ կարծիք ուղղակի լինել չի կարող. նախահարձակ է ադբեջանական կողմը: Զատուլինը նաեւ հարց է բարձրացնում, թե հնարավոր է արդյոք ստորագրել դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին պայմանագիրը՝ նախապես հայտարարելով, որ այն որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ: Ըստ քաղաքական գործչի համոզման՝ Ռուսաստանի կարծիքն այս հարցում հենց այդպիսին է, Ադրբեջանը, սակայն, հակառակ պնդումն է անում. սահմանզատում-սահմանգծումից հետո ԼՂ-ի հարց ուղղակի չի լինի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 




Լրահոս